Մենք երկար ժամանակ մեզ խաբում էինք, թե արտաքին քաղաքականության մեջ ձախողված ՔՊ-ականները ներքին քաղաքականության մեջ հաջողակ են` ինչ-որ ծրագրեր են իրականացնում, տնտեսական աճ կա, եկամուտների հավաքագրումն է ավելացել: Գոնե իրենք դրանով պարծենում էին` հայտարարելով, որ «փողի խնդիր չկա»` կա լավ ծրագրերի պակաս: Համայնքներում սուբվենցիոն ծրագրերի մասին էին շարունակ խոսում, որ երբեւէ այդքան ծրագրեր չեն իրականացվել Հայաստանում, որքան հիմա: Մարդիկ էլ ասում էին` այո, Արցախի հարցում ձախողվեցին, այդքան մարդ զոհվեց, այդքան հող կորցրինք, բայց դե՝ Փաշինյանը չի թալանում, գյուղերի ճանապարհներն է սարքում, հարկայինի ռեկետն է վերացել, Երեւանում բուռն շինարարություն է ընթանում:
Իհարկե, մտածող, ադեկվատ մարդիկ Արցախը, 5 հազար երիտասարդի կյանքն ու անվտանգային ծանր վիճակը կշեռքի մի նժարին չէին դնի՝ ասֆալտի ու սուբվենցիոն ծրագրերի հետ․ դրանք խիստ անհամեմատելի իրողություններ են: Բայց կյանքը ցույց տվեց, որ արտաքին քաղաքականության մեջ ձախողվածները չեն կարող ներքին կյանքում հաջողել, որովհետեւ ցանկացած ոլորտում հաջողությունը խելք, միտք, կամք, աշխատասիրություն, օրինապահություն, հայրենասիրություն է պահանջում: Ընդամենը ժամանակ էր պետք՝ հասկանալու համար, որ ասֆալտն անորակ է, ատկատներն ինչպես եղել էին, նույնկերպ շարունակվում են, սուբվենցիոն ծրագրերը, ինչպես մի համայնքապետ ասաց` ՏԻՄ ղեկավարներին նստացնելու համար են իրականացվում: Պետական պարտքը կրկնապատկվել է: Ոչ մի հեռանկարային ծրագիր չի իրականացվել: Տնտեսական աճը, որն արտաքին գործոնով էր պայմանավորված, կանգ է առել: Եվ փողոցից եկած ու կարճ ժամանակում հղփացած տղերքը որոշել են հասարակ ժողովրդին հարստահարել, որ իրենց վայելքները չպակասեն: