Անվերջ կարելի է հրապարակումներ անել այն մասին, թե Հայաստանում ինչպես են «կարվում» քրեական գործերը: Անվերջ կարելի է փաստեր ու ապացույցներ բերել քրեական գործերի քննության ժամանակ թույլ տրված բյուր սխալների մասին: Անվերջ կարելի է խոսել, թե ինչպես են իրավապահները Հայաստանում ոտնահարում անմեղության կանխավարկածը, մարդու իրավունքները, արդար դատաքննության իրավունքը, օրենքի առաջ բոլորի հավասարության դրույթը: Անվերջ կարելի է օրինակներ բերել, թե ինչպես է վարչապետի աթոռը զբաղեցնողը խախտել օրենքը` միջամտելով իրավապահների աշխատանքին եւ ցուցումներ տալով նրանց, անգամ հրապարակային անելով դա` կառավարության նիստերի ժամանակ: Անվերջ կարելի է ներկայացնել, թե ինչքան գործ է փլվել հենց նախաքննության կամ դատաքննության փուլում: Այնպես են փլվել, որ նույնիսկ իշխանության կամակատար դատավորները չեն կարողացել որեւէ դատավճիռ արձակել եւ ստիպված են եղել արդարացնել մարդկանց, որոնց ամիսներով, անգամ տարիներով պահել են բանտում:
«Գործ սարքելու ինստիտուտը վերացված է» ասողը կարող էր լինել հեռավոր Մոզամբիկում ապրող մեկը, որը տեղյակ չէ, թե 6 տարի շարունակ ինչ է կատարվում մեր երկրում: Որը ծանոթ չէ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, ցույցերին մասնակցած անձանց, Արցախի քաղաքապետերի եւ շատ ուրիշների քրեական գործերի պատմությանը: Տեղյակ չէ, որ Վանաձորում իշխանություն խլելու համար քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին 3 տարի բանտում պահեցին, իսկ հիմա Գյումրիում իշխանություն խլելու համար Բալասանյանի որդու դեմ են քրգործ հարուցել` տարիներ առաջ սեփականաշնորհված Սեւ բերդն «իրենով անելու համար»: Ո՞ր գործը թվարկենք, որ պարզ լինի` Հայաստանում միշտ է գործ սարքվել, 2018-ից հետո ոչ թե նվազել, այլ աճել է գործ սարքելու եռանդը: