Հասարակություն

«Հրապարակ»․ Կարող է նաեւ աշխատավարձը 100% բարձրացնելն է արդար

«Հրապարակ»․ Կարող է նաեւ աշխատավարձը 100% բարձրացնելն է արդար

Շուրջ մեկ ամիս է, ինչ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները գործադուլ են իրականացնում։ Աշխատանքային պայմաններից գոհ չեն, բայց առաջնահերթ՝ պահանջում են աշխատավարձի բարձրացում, մինչդեռ գործատուն մտադիր չէ նրանց պահանջը բավարարել։ Գործադուլի օրերին ղեկավար կազմից ժամանակ առ ժամանակ ներկայացուցիչ է մոտեցել կոմբինատի մոտ խմբված բանվորներին, փորձել են բանակցել եւ համաձայնության գալ։ Հանքափորների եւ տնօրինության միջեւ երկու հանդիպում էլ կոմբինատում է տեղի ունեցել, որոնցից մեկին, որպես միջնորդ, նաեւ Ալավերդու համայնքապետն է ներկա եղել։

Հանդիպումների ընթացքում հանքափորները ցանկալի պատասխան չեն ստացել։ Գործադուլ անող աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձը չի համապատասխանում աշխատանքային ծանրաբեռնվածությանը։ Մեզ տեղեկացրին, որ այս օրերին լեռնահարստացման կոմբինատում են գտնվում աշխատանքային տեսչության աշխատակիցները, որոնք խորությամբ ուսումնասիրելու են աշխատողների աշխատանքային պայմանագրերը, աշխատավարձերի ստացման ձեւերը, թե ինչպես են հանքաքարը չափում եւ որոշում, թե տվյալ անձը որքան գումար պետք է ստանա: Ինչպես նաեւ մտնելու են հանքի խորքը եւ տեղում ծանոթանան աշխատանքային պայմաններին։

Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկն ասաց․ «Հանքափորների աշխատավարձը գոր­ծարքային է, 150 հազարից 600 հազար դրամի կարող է հասնել։ Բարձր վարձատրվող աշխատակիցներն իրենց առողջության հաշվին են ավել գումար ստանում, մեկի փոխարեն երկու անգամ հանք մտնելով, ավելի երկար աշխատելու հաշվին: Երեկ Ախթալայի համայնքապետարանում Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հանդիպել է մեզ հետ, փոխանցել է տնօրինության կողմից առաջարկված տարբերակները: Աշխատավարձի բարձրացման մասին խոսք չի եղել, եղել է առաջարկ, որ սնունդ կտրամադրեն, տրանսպորտով կապահովեն, օդափոխության եւ լուսավորության համակարգի եւ լոգարանի բարելավման մասին է խոսք գնացել: Բայց քանի որ մեր պահանջը հենց սկզբից եղել է աշխատավարձի բարձրացումը, համաձայնության չենք եկել, եւ գործադուլը շարունակվում է»:

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանից հետաքրքրվեցինք, թե ինչ պայմաններ են քննարկվել գործադուլ իրականացնող աշխատակիցների հետ, եւ ինչ առաջարկություններ են եղել ղեկավարության կողմից: «Փորձել եմ հասկանալ իրավիճակը` ոնց կարող է մեր միջնորդությամբ լուծվել: Աշխատողներն իրենց պայմաններն են ասել, գործատուն էլ իր պայմաններն է ասել, փոխանցել եմ աշխատողներին: Լոգանքի եւ տրանսպորտի խնդիր կա, գործատուի կողմից առաջարկվել է, որ կբարելավվեն պայմանները: Աշխատավարձի բարձրացում առաջարկել են ոչ թե աշխատանքային պայմանագրի, այլ պարապուրդի հետ կապված: Օրինակ, ենթադրենք՝ աշխատողը գնում է աշխատանքի, հանքը տեխնիկական պատճառով չի աշխատում, այդ օրվա համար պարապուրդի գումարն են առաջարկել ավելացնել: Մոտ 6 կետով առաջարկ է եղել՝ որպես բարելավում եւ որպես աշխատավարձ, գուցե իրենց համար քիչ, բայց էլի բարձրացման առաջարկ են արել: Առայժմ աշխատակիցների կողմից պատասխան չունենք, դրա համար կփուսափեմ այլ բան մեկնաբանելուց: Հասկանում եմ, որ մեր համայնքի բնակիչներն են, փորձում ենք ամեն ինչ անել, որ պայմանները համապատասխանեն աշխատանքին, եթե հնարավոր է՝ նաեւ աշխատավարձի բարձրացում լինի, բայց դե, սեփականատերն էլ իր պատճառաբանությունն ունի, տարբեր վարկերի, պարտքերի եւ այլ խնդիրներ է լուծում, դրա համար մի քիչ մասնավոր խնդիր է դարձել: Խնդիրը միակողմանի չի կարող լինել»:

Արդարացի չէ՞ հանքափորների պահանջը։ «Ես՝ որպես համայնքի ղեկավար, բնականաբար կուզեմ, որ մեր բնակիչներն ավելի շատ աշխատավարձ ստանան, դրանով շատ հարցեր են լուծվում, թե ինչքանով է արդար բարձրացնել՝ 10%, թե 50%, չեմ կարող ասել, կարող է նաեւ 100% բարձրացնելն է արդար: Մի կողմից էլ որ նայում ենք, մեծ հիմնարկ է՝ 500 աշխատատեղով, հանկարծ ինչ-որ կոլապսային իրավիճակ ստացվի, ենթադրենք՝ 500 աշխատատեղ փակվի, դա էլ մի բան չէ»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image