Հարցազրույց

«Հրապարակ»․ ՍԴ-ում երկու բարձրակարգ դատավոր կա

«Հրապարակ»․ ՍԴ-ում երկու բարձրակարգ դատավոր կա

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը` ըստ 7 քաղաքական ուժերի դիմումների։ Վերջին օրերին դատավարության կողմերին հարցեր են ուղղում ՍԴ դատավորները։ Դատավոր Սեդա Սաֆարյանն ընդդիմադիր ուժերի ներկայացուցչից հետաքրքրվեց. «Ես կխնդրեի, որ «Ուժեղ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքը անդրադառնան այս հարցին եւ նաեւ այն հայտարարություններին, որ մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով։ Այս միտքն ինչպիսի՞ ազդեցություն կարող էր թողնել կամ ազդեցություն կարո՞ղ էր թողնել Հայաստանի ընտրողի վրա, թե՞ ոչ»։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը, մոտենալով ամբիոնին, պարզաբանում խնդրեց․ «Սա քաղաքակա՞ն բնույթի հարցադրում է, թե՞ իրավական»։ Պարզվեց` ոչ միայն հայտնի կողմնորոշմամբ Սեդա Սաֆարյանն է քաղաքական վերլուծությունների ու գնահատականների հակված, չնայած գործը քննվում է բարձր դատարանում, այլ նաեւ դատարանի նախագահ Արման Դիլանյանը, որն ընդհատեց Վարդեւանյանին, թե․ «Ընտրական վեճերով, ես կարծում եմ՝ բոլորդ էլ կհամաձայնեք ինձ հետ, որ հնարավոր չէ այդպես շատ հստակ տարանջատել վեճի քաղաքական եւ իրավական կողմը։ Հիմա դուք պատասխանեք դատավոր Սաֆարյանի հարցին, եթե ունեք պատասխան»։ Վարդեւանյանը նշեց, որ ՍԴ ներկայացրած դիմումի շրջանակներում վկայակոչել են ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ հասցեական ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանին աջակցելուն։

«Սա արդյո՞ք մենք գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն․ միանշանակ՝ այո՛։ Ավելին, մենք նաեւ հաշվետվություն ենք ներկայացրել սոցիոլոգիական հետազոտության, թե ինչ ազդեցություն է նշվածն ունեցել։ Այն, որ նման հարցադրում հնչում է ոչ թե դիմումի շրջանակներում, այլ որոշակի առումով հակափաստարկման կամ հակառակ համեմատականի, կանխակալության կամ անաչառության մտահոգություն առաջացնում է»,- ասաց Վարդեւանյանը։ Սեդա Սաֆարյանն արձագանքեց․ «Ձեր՝ բոլորիդ դիմումներում գրեթե գործոնների մեջ թվարկված է արեւմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա տեսանկյունից, որ հայտարարություններ են արվել ի պաշտպանություն իշխանության եւ այլն, եւ այլն։ Այս կարգի հանգամանքներ նշվել են։ Ես հիմա հարցնում եմ՝ այդ գործոնները, որոնք, ըստ ձեզ, ազդող են եղել ընտրողի կամ կարող են նաեւ ազդող լինել, այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունը, պարբերաբար ՀՀ իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել։ Ավելին ասեմ, դրան էլ հաջորդել են նաեւ որոշակի գործողություններ՝ Լարսում գործարարներին զրկելու եւ…»։ Դատավորի խոսքն այնքան էլ գրագետ չէր, բայց հասկանալի էր, որ Սաֆարյանը փաշինյանական իշխանության թեզերն է վերաշարադրում: Նրա խոսքին միջամտեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը․ «Բարձր դատարա՛ն, քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը՝ որպես հաստատված փաստ… խնդրում եմ դադարեցնենք դա»։ Դիլանյանն Օրբելյանին նկատողություն հայտարարեց` առանց դատարանի թույլտվության ամբիոնին մոտենալու եւ հայտարարություն անելու համար։ Սովորաբար դատարանները քննության ընթացքում փորձում են իրենց դիրքորոշումը թաքցնել, հանդես գալ որպես անաչառ ու օբյեկտիվ արբիտր, բայց փաշինյանական իշխանությունն այնպես է հնազանդեցրել դատական համակարգը, որ բարձր ատյանի` Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց նեղություն չեն տալիս՝ գոնե առերեւույթ օբյեկտիվ լինել:

ՍԴ քննության մասին «Հրապարակը» զրուցել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ:

- ՍԴ նիստին իր խիստ կանխակալ, սուբյեկտիվ, պրոիշխանական վերաբերմունքով, հակառուսական գնահատականներով եւ ընդդիմությանն ուղղված քննադատական հարցադրումներով աչքի ընկավ դատավոր Սեդա Սաֆարյանը, որի մասնակցությանը նախապես դեմ էր ընդդիմությունը, բայց նրան բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց: ՍԴ դատավորն ունի՞ իրավունք՝ նիստը քաղաքական բանավեճի վերածելու:

- Սեդա Սաֆարյանից նման հայտարարություններ լսելը զարմանալի չէ, ես նրանից ուրիշ բան չէի էլ ակնկալում: Նա ժամանակին Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակում էր, հետեւաբար՝ իր մոտեցումները շատ մոտ են իշխանության մոտեցումներին: Նա քաղաքականացրեց նիստը, եւ պատահական չէ, որ Սեդա Սաֆարյանի անկողմնակալության վերաբերյալ կասկածներ էին հնչում: Ինչ վերաբերում է նրա այն դիտարկումներին, թե իբրեւ ռուսական կողմն աջակցել է ընդդիմությանը, ապա ՌԴ նախագահն ընդամենը հայտարարել էր, որ ճիշտ կլինի՝ Հայաստանում ընտրություններին մասնակցեն նաեւ ընդդիմադիր ուժերը:

- ՍԴ նախագահը նույնպես օբյեկտիվ չէ, նա, փոխանակ դատավորին քաղաքական բնույթի հայտարարություններ անելու համար դիտողություն աներ, Արամ Օրբելյանին նկատողություն տվեց:

- Իմ գնահատմամբ, այնտեղ կա երկու բարձրակարգ դատավոր, որոնց ես ճանաչում եմ` Արման Դիլանյան, Երվանդ Խունդկարյան: Մնացածի որակներին ծանոթ չենք, մեկը ՀԿ ներկայացուցիչ է եղել, մյուսը` փաստաբան, մեկը դասախոս է եղել: Պրոֆեսիոնալ երկու դատավոր կա այնտեղ:

- ՍԴ նիստերին հետեւելով` ի՞նչ եք կարծում, նման դատավորներ ունեցող դատարանը կարո՞ղ է արդար վճիռներ կայացնել:

- Ընթանում է դատական գործընթացը: Այս փուլում կարծիք հայտնելը պրոֆեսիոնալ չէ: Սպասենք դատաքննության ավարտին: Այնուամենայնիվ, դիմողներին ներկայացնում են բարձրակարգ փաստաբաններ եւ փայլուն կատարում են իրենց գործառույթները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image