Ավագ շաբաթվա այս օրերը քրիստոնյաների համար կրոնական ամենախորհրդավոր, հուզական օրերն են, որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը՝ Վերնատան ընթրիքից մինչեւ Գեթսեմանիի աղոթք, մատնություն, չարչարանքներ, խաչելություն, մահ եւ Հարություն։
Ավագ շաբաթվա ընթացքում սովորաբար մարդիկ ավելի են կենտրոնանում իրենց ներհայեցողական, ներանձնական կրոնական մտորումների եւ աղոթական կյանքի վրա։ Այս օրերին համահունչ բազմաթիվ կինոնկարներ են նկարահանվել։ Ներկայացնենք մի քանիսը, որոնք համահունչ են այս օրերի խորհրդին․
«Քրիստոսի չարչարանքները»․ 2004 թվականին էկրան բարձրացած այս կինոնկարը քրիստոնեական կինոարվեստի գլուխգործոցներից է։ Ռեժիսորը Մել Գիբսոնն է։ Սա բացառիկ ֆիլմ է, որը դարձել է հազարավորների դարձի գալու առիթ։ Աչքի է ընկնում պատմական բացառիկ ճշգրտությամբ եւ հուզական ու էմոցիոնալ արտահայտչականությամբ։ Պատմում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին ժամերի մասին՝ Գեթսեմանիի պարտեզում աղոթքից մինչեւ Գողգոթա խաչ բարձրանալու ընթացքը։ Հատկապես ուշագրավ է, որ կինոնկարում կիրառվում են հին լեզուները՝ արամեերենը, լատիներենը, ինչը հավելյալ պատմական վավերականություն է հաղորդում ժապավենին։ Ֆիլմում առկա են Քրիստոսի չարչարանքները պատկերող բավականին խիստ տեսարաններ, ինչն օգնում է հասկանալու Աստվածորդու ինքնազոհաբերության, այդ համատեքստում կրած չարչարանքների ու տառապանքների գինը եւ այն մեծ փրկագինը, որը Նա վճարում է Իր արյամբ՝ մարդկության համար։
«Մատթեոսի Ավետարանը»․ քրիստոնեական Ավետարանի դասական էկրանավորում է։ Կինոնկարն էկրան է բարձրացել 1964-ին։ Ռեժիսորը Պյետրո Պաոլո Պասոլինին է։ Ֆիլմն աչքի է ընկնում գրեթե փաստավավերագրականությամբ։ Ավետարանական տեքստից եւ ոչ մի խազ սցենարը չի շեղվում։ Այն հոգեւոր խորությամբ եւ համարյա ասկետիկ գեղագիտությամբ ֆիլմ է։ Շատ մասնագետներ այն համարում են Ավետարանի ամենահարգված կինոմեկնաբանություններից մեկը։
«Հիսուս Նազովրեցի»․ Ֆրանկո Ձեֆերելիի մեծածավալ հեռուստատեսային նախագիծն էկրան է բարձրացել 1977-ին եւ ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը՝ Ծնունդից մինչեւ Հարություն։ Հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ։
«Թագավոր թագավորաց․ Նիկոլաս Ռեյի դասական սուրբգրային էպիկական էկրանավորումը թողարկվել է 1961 թվականին։ Աչքի է ընկնում մասշտաբային պատմական տեսարաններով եւ դրամատիկական պատումով։ Ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքն ու քարոզչությունը։ Աչքի է ընկնում վառ բեմադրությամբ եւ 20-րդ դարի Հոլիվուդին հատուկ հանդիսավոր պատմողականությամբ։