Վերջին օրերին հայաստանյան հանրային քաղաքական դիսկուրսում ամենից ակտուալ թեմաներից մեկը «եկեղեցական թեման» է, որը սկսել է ակտիվորեն առաջ մղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեմայի շրջանակում, ըստ էության, բարձրացվում է երկու հարց՝ վարչական եւ բարոյական։ Վարչական ասելով՝ նկատի ունենք Փաշինյանի այն գրառումը, թե Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա վճռական ձայն կամ ազդեցություն։ Բարոյական ասելով՝ նկատի ունենք կուսակրոնության հարցը, որը բավական կոշտ ձեւակերպումներով ներկայացված է Փաշինյանի մի քանի գրառումներում։ Փորձենք անդրադառնալ երկու հարցին էլ։
Նախ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցը։ Այստեղ ամեն ինչ միանշանակ է․ կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որը, ըստ էության, ներկայացնում է ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։ Այն ձեւավորվում է հենց այդ տեսլականով՝ ունենալով կազմի 2/3 աշխարհիկ եւ 1/3՝ եկեղեցական անդամ։ Այստեղ կա կարեւոր մի բան, որ հատկապես պետք է նկատի ունենալ․ կարեւորը եկեղեցական-վարչական միավորներն են՝ թեմերը, իրենց խնամատարության ներքո եղած հավատացյալների թվով, քանի որ, գործող կարգի համաձայն, որով գոնե տեղի է ունեցել վերջին Ազգային եկեղեցական ժողովը՝ 1999 թվականին՝ յուրաքանչյուր 25 հազար հայորդուն ներկայացնում է մեկ պատգամավոր, որը մասնակցում է ԱԵԺ-ին։ Այսինքն, եթե, օրինակ, Հայաստանի բնակչությունը դիտարկենք մոտ 3 միլիոն մարդ, ապա Ազգային եկեղեցական ժողովում Հայաստանում եղած ՀԱԵ թեմերը միասին ունենալու են մոտ 120 պատգամավոր։
Ընդ որում՝ ամենաշատ պատգամավորները Հայաստանից ունենալու է Երեւանն ընդգրկող Արարատյան հայրապետական թեմը։ Հետո արդեն ըստ մարզերի բնակչության պետք է դիտարկել՝ մարզ-թեմ սկզբունքով, բացառությամբ Շիրակի մարզի, որտեղ, բացի Շիրակի թեմից, կա նաեւ Արթիկի տարածաշրջանն ընդգրկող Արթիկի թեմը։ Նույն սկզբունքով, եթե, օրինակ, Ռուսաստանում ապրող հայերի թիվը մոտ 2-2,5 միլիոն է, ապա Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ՝ Հարավային Ռուսաստանն ընդգրկող երկու թեմերը, ներառյալ՝ Բելառուսն ու Կենտրոնական Ասիայի հայ համայնքները միասին, ինչպես նաեւ՝ Ղրիմն ու այժմյան դրությամբ ՌԴ հսկողությանն անցած նախկին ուկրաինական մյուս տարածքներում եղած հայությունը միասին, ԱԵԺ-ում ունենալու են 80-100 պատգամավոր։
Միացյալ Նահանգների ավելի քան 1 միլիոնանոց հայությունն ընդգրկող երկու թեմն ունենալու է 50-60 պատգամավոր, Ֆրանսիան՝ ավելի քան կես միլիոնանոց հայությամբ՝ 20 պատգամավոր։ ԱԵԺ կազմի անդամ են նաեւ եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, ինչպես նաեւ՝ Մայր Աթոռի միաբանության պատվիրակները։ Այսինքն՝ այստեղ Հայաստանի քաղաքական իշխանությունը (բացի այն, որ օրենքով չի կարող միջամտել եկեղեցու գործերին), գոնե ֆորմալ առումով, ազդեցության հնարավորություն չունի, հաշվի առնելով նաեւ այն խայտաբղետությունը, որը լինում է սովորաբար ԱԵԺ-ի ժամանակ, քանի որ խայտաբղետ ու բազմաշերտ են նաեւ Հայաստանի ժողովուրդն ու հայկական սփյուռքն առհասարակ։
Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները կարողանան լեզու գտնել ազդեցիկ թեմերի ղեկավարների հետ կամ այնպիսի օրակարգ առաջարկեն, որի շուրջ գոյանա կոնսենսուս, եւ արդյունքում եղած թեկնածուներից կաթողիկոս ընտրվի նա, որը Հայաստանի գործող իշխանությունների համար ավելի ընդունելի է։ Սակայն այս ամենը զուտ տեսական դատողություններ են եւ կուլիսային ինտրիգների արդյունքում կարող է գլուխ գալ։ Ու պետք չէ մոռանալ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը նաեւ որոշակի աշխարհաքաղաքական դերակատարում ունեցող ինստիտուտ է, ինչպիսին եղել է գրեթե միշտ։ Իսկ դա ներկայիս վերափոխվող աշխարհում, աշխարհաքաղաքական մեծ շախմատային այժմյան պարտիայում հավելյալ բարդություններ է առաջացնելու։ Ի վերջո, դժվար կլինի, օրինակ, Ռուսաստանը ներկայացնող պատվիրակին ու Ամերիկան ներկայացնող պատվիրակին բերել կոնսենսուսի՝ առանց «առանձնահատուկ ջանքեր գործադրելու», որոնք նույնիսկ խիստ տեսական դատողությունների մակարդակում դժվար է պատկերացնել։
Ասում են, որ 1995 թվականին՝ Վազգեն Առաջինի մահվանից հետո, երբ գումարվեց ԱԵԺ՝ նոր կաթողիկոս ընտրելու համար, Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը հատկապես ուզում էր, որ Գարեգին Երկրորդ Սարգիսյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը գա Մայր Աթոռ եւ դառնա Ամենայն հայոց կաթողիկոս։ Եվ դրա հետին միտքն այն էր, որ հայկական երկու կաթողիկոսությունները միավորվեն, սակայն տերպետրոսյանական իշխանության այդ հայանպաստ ծրագիրը կյանքի չկոչվեց: Չնայած Ազգային եկեղեցական ժողովի ժամանակ՝ այն ժամանակվա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ Գարեգին Երկրորդ Սարգիսյան Կիլիկիո կաթողիկոսի հետ թեկնածուների շարքում էր եւ անցավ կաթողիկոսական ընտրությունների երկրորդ փուլ, անակնկալ կերպով հանեց իր թեկնածությունը՝ պատճառաբանելով, թե ընտրյալ կաթողիկոսի հետ ընտրապայքարը չի շարունակի։ Գարեգին Ա-ի գահակալության շրջանում երկու եկեղեցիներն այդպես էլ չմիավորվեցին։ Անթիլիասն ընտրեց Արամ Առաջինին որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, Գարեգին Առաջինն էլ առողջական խնդիրների պատճառով շատ կարճ գահակալեց՝ 1995-99 թթ․, եւ երկու Աթոռների միավորում այդպես էլ չեղավ։ Բայց 1995 թվականի աշխարհն ու 2025 թվականի աշխարհը բացարձակապես տարբեր իրականություններ են։