Տավուշում շուրջ մեկ շաբաթ է՝ շուրջօրյա բողոքի ակցիաներ են իրականացվում, որն առաջնորդում են Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս եւ հարակից համայնքների բնակիչները: Այս գյուղերի կողքով է գծվում հայ-ադրբեջանական նոր սահմանը: Ուշագրավ է, որ մարզի մյուս համայնքապետերն ուղղակի ընդհատակ են անցել` կա՛մ չեն երեւում, կա՛մ չեն խոսում: Փորձեցինք զրուցել Բերդի համայնքապետ ընդդիմադիր Անահիտ Հակոբյանի հետ, ով ընտրվել է «Զորավոր համայնք» կուսակցության ցուցակով, Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանի թիմակիցն է։
- Տիկին Հակոբյան, շուրջ մեկ շաբաթ է՝ ձեր համերկրացիներն ընդվզում են իշխանությունների որոշման դեմ, վստահ են, որ միակողմանի զիջումների հետեւանքով ադրբեջանցիները վերահսկելու են ողջ մարզի կյանքը եւ անվտանգային սպառնալիք են դառնալու տավուշցիների համար։ Համամի՞տ եք նրանց հետ, թե՞ Դուք էլ եք կարծում, որ դրանք ադրբեջանական հողեր են, ու պետք է տալ, որ պատերազմ չլինի։
- Ես կխնդրեի՝ սուր հարցերից զերծ մնալ, երթը, որպես պայքարի ձեւ, ակցիա անելն ընդունում եմ, բայց այս պահին ճանապարհ փակելը, խոչընդոտելը երթեւեկությանը չեմ կարողանում ընկալել, որովհետեւ պայքարի ավելի ցիվիլ ձեւ գոյություն ունի։
- Պայքարի մի ցիվիլ ձեւ կհուշե՞ք։
- Չգիտեմ, եթե անկեղծ, ես ուրիշ ձեւով եմ պատկերացնում։ Հիմա նպատակահարմար եմ գտնում սուր իրավիճակներ չստեղծել։
- Իսկ ի՞նչ անել, հանգիստ նստեն տներում, հետեւեն, թե ոնց են այս իշխանությունները թուրքին բերում, իրենց հայրենի հողում դնո՞ւմ։
- Թույլ տվեք լռել։
- Ինչո՞ւ լռել, որովհետեւ համամի՞տ չեք մարդկանց հետ, որ պայքարում են այսօր։
- Էդ էլ չեմ կարող պատասխանել։
- Ինչի՞ց եք վախենում, տավուշցիները կասկած չունեն, որ Տավուշին Արցախի ճակատագիրն է սպառնում, ամիսներ անց դատարկվելու է, Ձեր լռությամբ Դուք չե՞ք նպաստում, որ Տավուշն արժանանա Արցախի ճակատագրին։
- Մենք այսօր բոլորս մի խրամատում ենք, ու ես գտնում եմ, որ պետությունը ծանր իրավիճակի մեջ է, բոլորս ենք ծանր իրավիճակում, ես գտնում եմ, որ գուցե օրհասական պահն է, կամ ավելի օրհասական պահին մեր միասնությամբ կկանգնենք սահմանին եւ այլն, բայց հիմա ներողություն եմ խնդրում, խառը վիճակներ են, ես հիմա կլռեմ։
Այ, տեսեք, ես այսօր Վրաստան այց ունեի, բայց չգնացի, գուցե լավ ծրագրեր բերեի, բայց գերադասեցի չգնամ, որովհետեւ եթե այսպիսի խնդրահարույց իրավիճակ է, մտածեցի՝ լինեմ այստեղ, քան գնամ։
- Որ մնացել եք, ինչ-որ կերպ աջակցո՞ւմ եք պայքարին։
- Չեմ աջակցում, ոչ մի բան չեմ աջակցում, ոչ թե չեմ աջակցում, այլ համընդհանուր մի բանի ո՛չ մղում եմ, ո՛չ էլ․ ամեն մարդ՝ իր խղճին․․․
- Պաշտո՞նն է Ձեզ այսքան կաշկանդել, այսքան վախվորած դարձրել: Վաղը որ թշնամին մտավ Տավուշ, այդ պաշտոնը Ձեզ փրկելո՞ւ է, ի՞նչն է խնդիրը, որ չեք էլ կարողանում հստակ դիրքորոշում հայտնել։
- Ես ասեմ՝ ինչն է խնդիրը, շատ ժուռնալիստներ զանգում են ինձ, մի անգամ շատ մտերիմ ընկեր զանգեց հարցրեց՝ Պառավաքարում կրակոց է, ասեցի` հենց հիմա կճշտեմ, «հենց հիմա ճշտել»-ը դարձավ մի յեքա սենսացիոն նյութ, թե համայնքի ղեկավարը նշում է, որ Պառավաքարում հենց հիմա կրակոց է։ Դրանից հետո ես գերադասում եմ իմ կարծիքը չասել, համեստաբար լռում եմ, որովհետեւ այլ բան ասում եմ, այլ տեսանկյունից են ներկայացնում։
- Լավ, մոռացեք մեզ՝ լրագրողներիս, մինչ այս պահը խոսե՞լ եք ձեր համերկրացիների հետ, այցելե՞լ եք բողոքի ակցիա իրականացնողներին, ինչ-որ դիրքորոշում հայտնե՞լ եք։
- Չէ, մենք հիմա հրաշալի աշխատանք ենք կատարում, մենակ տեսնեք՝ ոնց ենք բարեկարգում, նորացնում, լիքը հարցեր ենք լուծում, հենց հիմա մեր աշխատակազմը եւ ես էլ եմ հիմա գնում, գնում ենք գերեզմանատների, լքված գերեզմանոցների մաքրման, բարեկարգման աշխատանքներ իրականացնելու, 60 թվից այս կողմ աղբահանության մեծ խնդիրներ ունեինք, հիվանդությունների տարածման, երեկ հրաշալի լուծում ենք գտել, ծառատունկ ենք արել` մեծ շառավղով, լիքը բարեկարգում ենք անում։
- Մարդիկ ասում են` հիմա հայրենիք է հանձնվում ձեր, մեր քթի տակ, Դուք ասում եք՝ բարեկարգում ենք: Բարեկարգում եք, որ բարեկարգվա՞ծ հանձնեք։
- Ես խնդրեցի, որ սուր հարցեր մի տվեք։
- Դուք չե՞ք հավատում, որ հայրենիք եք կորցնում։
- Ուզում եք ինձնո՞վ սկսեք այդ ամենը, ուրիշներին էլ հարցրեք, ուրիշ համայնքապետերին։