Բոլոր նրանք, ովքեր մեղադրում են ժողովրդին` պարտված իշխանությունների վերարտադրությանը նպաստելու, փողոց դուրս չգալու համար, լավ կլիներ իրենց հայացքն այլ ուղղությամբ շեղեին: Մեր իրավիճակի ողջ ողբերգականությունն այն չէ, որ այս բոլոր արհավիրքներից եւ կորուստներից հետո էլ դեռ մեզանում կան նիկոլապաշտ «զոմբիներ», որոնց վրա հենվում է իշխող ուժը եւ ատամներով պահում իշխանությունը: Մեր ողբերգությունը բոլորովին այլ տեղում է: Մեր ողբերգությունն այն է, որ մենք ոչ միայն վատ` շատ վատ իշխանություն ունենք, այլ նաեւ վատ ընդդիմություն, որը նույնքան մանրախնդիր ու ապաշնորհ է, նույնքան անսկզբունք ու շահամոլ, նույնքան անտարբեր մեր երկրի նկատմամբ, նույնքան ինտրիգան, որքան իշխանությունը: Մեր ողբերգությունն այն է, որ մենք նորմալ մտավորականներ էլ չունենք կամ շատ քիչ ունենք: Մտավորական կոչվածների գերակշիռ մասը նույնքան վատն է, նույնքան ծույլ, պատեհապաշտ, վախկոտ, ողորմելի, որքան իշխանության եւ ընդդիմության մեծ մասը:
Մենք, ցավոք սրտի, նաեւ լավ ուսուցիչներ ու գիտնականներ չունենք, որոնք պետության շահը, ազգի ապագան իրենց մասնավոր պուճուր շահից վեր կդասեին: Մենք ազնիվ, քաջ զինվորականներ էլ չունենք, որոնք հանուն իրենց հայրենիքի եւ հանուն այդ հայրենիքի փրկության պատրաստ կլինեին զոհել իրենց կյանքը: Դժբախտաբար, նաեւ լավ լրագրողներ չունենք, որոնք հանրությանը ծառայելն ամեն ինչից վեր կդասեին եւ անկախ բոլոր դժվարություններից` կիրականացնեին իրենց առաքելությունը: Անգամ հանրային գործիչների պակաս կա մեզանում` մարդկանց, որոնց համար կարեւորը ոչ թե իրենց ստացած գրանտներն ու իրենց դոնորների կամքը կատարելն է, այլ հանրային շահին ծառայելը: Մեր ողբերգությունը մեկն ու երկուսը չեն` այս բոլորն են: