Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով չի մասնակցելու դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ դեկտեմբերի 26-ին նշանակված ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու է տեսակապի միջոցով: Նա չնայած առավոտյան հայտարարել էր, որ իր քովիդի թեստը բացասական է եկել, օրվա երկրորդ կեսին հայտարարեց, որ տեստը կրկին դրական է: Հետո հայտարարեցին, որ Մոսկվա կմեկնի Մհեր Գրիգորյանը` ԵԱՏՄ նիստին մասնակցելու, բայց Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ մասնակցելու է Փաշինյանը` օնլայն տարբերակով եւ դա շատ նման էր հրահանգի:
«Հրապարակ»-ը քաղաքագետ Մոդեստ Կոլերովից հետաքրքրվեց՝ Ռուսաստանում ինչպե՞ս են ընկալում Փաշինյանի՝ այս գագաթնաժողովներին չմասնակցելը, նա պատասխանեց, որ Ռուսաստանում վաղուց չեն զարմանում՝ Փաշինյանի՝ եվրասիական ինտեգրացիայի ինստիտուտների՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ–ի նկատմամբ «դրեյֆից»:
«Հայաստանի հեռացումն այս կազմակերպություններից հին նորություն է: Հիմա գլխավոր հարցը հետևյալն է, երբ և ինչպես Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից: Այս կազմակերպությունը օգտակար է Հայաստանին, շատ ձեռնտու է ԵԱՏՄ անդամ լինելը՝ Հայաստանը ստացել ու շարունակում է մեծ օգուտներ ստանալ այս կազմակերպությունում իր անդամակցությունից: Եվ բացարձակապես կարևոր չէ, որ նրա մասնակցությունը ԵԱՏՄ-ին՝ կեղծավորություն է` лицемерие: Կարծում եմ, Փաշինյանը մինչև վերջ կմնա ԵԱՏՄ-ում, քանի դեռ նրանից հակառակը չի պահանջել Արևմուտքը: Սակայն ես համոզված եմ, որ Ռուսաստանի համար Փաշինյանի այդ երկկերեսանիությունը, չնայած իր տված ամբողջ օգուտին, անընդունելի է ու անբարոյական: Փաշինյանը կարող է լիցեմեր լինել, իսկ Ռուսաստանը` չպետք է»,-ասաց Կոլերովը: Արդյոք դա նշանակում է, որ Կրեմլը հակաքայլերի՞ կդիմի, ռուս քաղաքագետն ասաց, որ իր կարծիքով Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցը ուղիղ է դրվելու. «Հայաստանին կխնդրեն դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ կազմակերպության մյուս անդամները»:
Իսկ ինչպիսի՞ն էր 2024 թվական ռուս-հայկական հարաբերությունների համար, Կոլերովն ասաց. «Պատերազմը` նախկին Ուկրաինայում, Հայաստանին վերածեց տնտեսական միջանցքի՝ Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ շրջանցելու համար: Բոլորը դա տեսնում են՝ բոլորը դա գիտեն: Դրա համար էլ Փաշինյանը եզրակացրեց, որ անպատիժ կարող է մինիմալիզացնել քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ և պահպանել տնտեսական օգուտները: Ընդհանուր առմամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունների մակարդակը հասավ 34 տարվա ընթացքում պատմական ամենացածր մակարդակին: Եվ ոչ մի ժամանակավոր փողեր ու օգուտներ դա չի շտկի: Պետք է սպասել հարաբերությունների ամբողջական խզման և մասսայական ռուսֆոբ քարոզչության Հայաստանից»,-եզրափակեց Մոդեստ Կոլերովը: