Հասարակություն

Արհեստական բանականությունը նախընտրելի է բանականության բացակայությունից

Արհեստական բանականությունը նախընտրելի է բանականության բացակայությունից

Անցնող 2024 թվականն ամփոփելու գայթակղությունը շատ մեծ է, կարելի է գրել, թե ինչ դժվար տարի ապրեցինք եւ ինչ կորցրինք, տարածքային կորուստներից մինչեւ մարդկային զոհեր եւ հատկապես ժամանակը, որն այդպես էլ չի գնահատվում, բայց դրա բացասական արդյունքներն անընդհատ զգում ենք մեզ վրա եւ մեր երկրի: Բայց այսօր ուզում եմ մի քիչ ֆուտուրիստական զրույց ունենալ մեզ սպասվող ապագայի մասին, որը կարող է սկսվել 2025 թվականից:

Ամերիկացի միլիարդատեր եւ աշխարհի ամենահարուստ մարդու համբավ ունեցող Իլոն Մասկը տեւական ժամանակ դարձել է աշխարհի առաջադիմության եւ տեխնոլոգիական զարգացման խորհրդանիշը: Մասկը ստեղծեց ամենամասսայական էլեկտրամոբիլը եւ այն դարձրեց ավտոմոբիլաշինության ամենաառաջատար եւ զարգացող ճյուղ, ստեղծեց աշխարհի առաջին մասնավոր ընկերությունը, որը զբաղվում է տիեզերանավեր կառուցելով եւ տիեզերք ուղարկելով, մինչ այդ տիեզերագնացությունը պետությունների, այն էլ ամենահզոր եւ տեխնոլոգիապես զարգացած պետություների մենաշնորհն էր, Մասկի ընկերությունն առաջինը չիպ տեղադրեց մարդու գլխում, որի միջոցով շարժունակության խնդիրներ ունեցողները կարող են մտովի կառավարել համակարգիչներ եւ սմարթֆոններ: Վերջերս էլ հայտարարեց, որ արդեն հաջորդ տարի արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան ցանկացած առանձին վերցրած մարդ, իսկ 2029-ին արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան բոլոր մարդիկ միասին վերցված: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդու կողմից ստեղծված արհեստական բանականությունն ավելի խելացի կլինի, քան իրեն ստեղծող մարդը, այսինքն՝ արհեստական բանականությունը կարող է ինքնակատարելագործվել:

Մասկի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ. եթե նախկինում նա ընկալվում էր որպես տաղանդավոր եւ հանճարեղ մեկը, որի նորարարությունները նպաստում են մարդկության զարգացմանը, ապա 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելուց եւ նրա հաղթանակից հետո Թրամփի թիմի ամենակարեւոր դերակատարներից մեկը դառնալուց հետո նրա նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվում է: Մասկն ուզում է արմատական, հեղափոխական փոփոխություններ կատարել երկրի կառավարման համակարգում, ուզում է քանդել գործող համակարգը եւ կառուցել նոր, ավելի արդյունավետ համակարգ: Ամերիկյան քաղաքական համակարգի հնաբնակները սկսել են մտավախություն ունենալ` մի բան է, երբ Մասկը նորարարություն է մտցնում մեքենաշինության կամ տիեզերագնացության ոլորտում, մի բան` քաղաքական, պետական կառավարման մեջ, որի արդյունքում հին եւ ավանդական մտածողություն ունեցող մարդիկ եւ ուժերը կարող են ինքնաբերաբար ավելորդ լինել եւ զրկվել իրենց զբաղեցրած դիրքից ու ազդեցությունից: Մասկի դեմ հակազդեցությունը գնալով մեծանալու է, բայց Միացյալ Նահանգներում հասկանում են, որ աշխարհի առաջին երկիրը մնալու համար պետք է լինել նորարարության եւ զարգացման առաջատարը: Մասկը կառավարման համակարգի արդյունավետությունն ապահովելու համար հենվելու է արհեստական բանականության հնարավորությունների վրա, որովհետեւ որպես գործարար հասկանում է, որ մրցակցության մեջ հաղթում է նա, ով ավելի արագ է հարմարվում նոր պայմաններին, ով ավելի արագ է օգտագործում գիտատեխնիկական առաջընթացի հնարավորությունը, չի կառչում անցյալի նախապաշարմունքներից:  

Եթե արհեստական բանականությունն ավելի խելացի է, քան մարդը, առավել եւս՝ բոլոր մարդիկ իրար հետ վերցված, ինչո՞ւ պետական կառավարումը չհանձնել արհեստական բանականությանը: Եթե այդ բանականությունը կարող է ավելի արդյունավետ կառավարել երկիրը, կարող է ավելի արդյունավետ բաշխել հանրային միջոցները, լուծել երկրի եւ քաղաքացիների համար առաջնային կարեւորություն ունեցող խնդիրները, ինչու` ոչ:

Գաղափարն առաջին հայացքից թվում է անբնական եւ նույնիսկ մերժելի. ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը կառավարել մեզ` բանական մարդկանց: Մենք, ինչ է, արհեստական բանականության գերինե՞րն ենք, թե՞ ստրուկները: Բայց հարցին եկեք մոտենանք մեր` հայկական իրականության տեսակետից, որովհետեւ արհեստական բանականությունը մի օր կարող է հասնել նաեւ մեզ, եւ դա կարող է տեղի ունենալ շատ արագ: Ի վերջո, եթե ԱՄՆ պետական կառավարման մեջ ներդրվի արհեստական բանականությունը, այն հաստատ մի օր հասնելու է նաեւ Հայաստան. Հայաստանի բնակչության մեծամասնությունը դարձել է արեւմտասեր, ուզում են, որ Հայաստանն իր ապագան կապի արեւմտյան քաղաքակրթության հետ, օգտվի դրա նվաճումներից: Արհեստական բանականությունը հաստատ չի կարող լինել նյութապաշտ եւ անձնապաշտ` էգոիստ, չի փորձելու երկիրը ղեկավարել այնպես, որ դա համապատասխանի իր անձնական շահերին, որոշումներ կայացնելիս չի առաջնորդվելու սեփական գրպանը լցնելու տրամաբանությամբ, հետեւաբար՝ չի կոռումպացվելու, մրցույթներից ատկատներ չի պահանջելու, կադրային քաղաքականության մեջ առաջնահերթություն է տալու ոչ թե թիմակցին կամ ծանոթ-բարեկամին, այլ՝ մարդկանց կրթական կամ պրոֆեսիոնալ որակներին, հանրային ռեսուրսներն օգտագործվելու են առավելագույնս արդյունավետ` պետական միջոցները չեն վատնվելու թանկարժեք եւ անիմաստ գործուղումների, հյուրանոցների ու պադավատների վրա, խնայված միջոցները ծախսվելու են մարդկանց կրթության, առողջապահության եւ կենցաղային կարիքները հոգալու համար:

Արդյունքում նյութական միջոցների, հանրային բարիքի բաշխումը լինելու է ավելի հավասարաչափ. չի լինելու մարդկանց մի փոքր խումբ, որը տնօրինում է սեփականության, ռեսուրսների եւ հարստության 90 տոկոսը, իսկ ճնշող մեծամասնությունը հազիվ գոյություն է քարշ տալիս: Հարցրեք յուրաքանչյուր շարքային մարդու` կուզենա՞ր ապրել արհեստական բանականության կողմից կառավարվող երկրում, թե՞ այն երկրում, որը կառավարվում է բանականությունից զուրկ մարդանման էակների կողմից, կուզեիք երկիրը կառավարեր մի անբովանդակ ստատուսչի՞, թե՞ պայմանական մեկը, որն օրվա 24 ժամը մտածում եւ գործում է հանուն մարդկանց բարօրության: Պատասխանը, կարծում եմ, միանշանակ է: 
Մարդն իր զարգացման ընթացքում հասել է այնպիսի մակարդակի, երբ գերազանցություն է ձեռք բերել իր բոլոր մրցակիցների նկատմամբ եւ, որպես տեսակ, սկսել է դեգրադացվել. մրցակցության բացակայությունը միշտ էլ հանգեցնում է դեգրադացման: Արհեստական բանականության գոյությունը մարդկանց կստիպի մրցակցության մեջ մտնել դրա հետ եւ ինքնազարգանալու մոտիվացիա կստեղծի մարդու համար: Քննադատության չի դիմանում նաեւ այն թեզը, թե արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մարդուն, միայն բանականությունից զրկված մարդուն է հատուկ իրեն շրջապատող աշխարհը ոչնչացնելու, ամեն ինչ կործանելու ձգտումը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image