Այլ

Սերբիան պետք է ազատագրվի Կոսովոյից. Ալբին Կուրտի

Սերբիան պետք է ազատագրվի Կոսովոյից. Ալբին Կուրտի

Մասնակիորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետությունում ընդդիմության առաջնորդ և ընտրությունների հաղթող Ալբին Կուրտին ասել է, որ եթե երկրում Ալբանիայի Հանրապետությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացվեր, «այո» կքվեարկեր:

Քաղաքական գործիչն ասել է եվրոպական «Եվրանյուզ» լրատվամիջոցին տված (16.02.2021) հարցազրույցում այն բանից հետո, երբ իր գլխավորած «Ինքնորոշո՛ւմ» (ալբ.՝ "Vetëvendosje!") կուսակցությունը ստացել էր երբևէ ամենաշատ ձայները Կոսովոյում՝ հնարավորություն ստանալով կառավարություն ձևավորելու համար:

Կոսովոյի 1,8 միլիոն բնակչության ավելի քան 90%-ը էթնիկ ալբանացիներ են, և երկու պետությունների միության հեռանկարը տարածված է երկուստեք Կոսովոյում և Ալբանիայում: «Ինքնորոշումը» կրկնապատկել է իր նախորդ տարվա արդյունքը. Կոսովոյի ընտրողների ավելի քան 50%-ը կուսակցությանն է ձայն տվել:

Անդրադառնալով Եվրոպական միության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցին և ԵՄ-ի՝ նախկինում արված դիտարկումներին, որ դա կախված է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունից՝ Կուրտին ասել է, որ Սերբիան պետք է առերեսվի իր անցյալի հետ: «Կարևոր է Սերբիայում փոփոխություններ կատարել, թե ինչպես են իրենք դիտարկում Կոսովոն։ Ես պատրաստ եմ երկխոսության մեջ մտնել, որտեղ շահառուները կլինեն մարդիկ: Բայց կարծում եմ, որ Կոսովոյում որևէ մեկի համար ընդունելի չէ, իհարկե, ներառյալ՝ ինձ համար, երկխոսություն վարել, որտեղ մենք պետք է փոխհատուցենք Սերբիայի պետությանը Միլոշևիչի ժամանակաշրջանում այս պետության կորստի համար: Սերբիան ցեղասպանություն իրականացրեց Կոսովոյում: Մենք ստիպված չենք կարդալ պատմության գրքեր կամ լսել մեր պապերին: Մենք ստացանք այդ փորձությունը: Կարծում եմ՝ շատ կարևոր է անդրադառնալ հետաձգված, մերժված և անցյալի վրա հիմնված արդարությանը՝ ավելի երկարաժամկետ խաղաղություն, անվտանգություն, կայունություն ու հաշտություն ունենալու համար»,- նշել է ընդդիմադիր գործիչը:

Հարցին՝ «դուք դեռ ցանկանո՞ւմ եք լիակատար ներողություն, ճանաչում ու հատուցում Սերբիայից», պատասխանել է, որ դա անհրաժեշտ է: «Էլ ի՞նչ է պատրաստվում անել Սերբիան, փորձել ու կրկի՞ն հարձակվել մեզ վրա: Կարծում եմ, որ նրանք պետք է հեռանան Ռուսաստանի Դաշնությունից ու Չինաստանից ու փորձեն դա անել հնարավորինս արագ: Նրանք պետք է ազատագրվեն Կոսովոյից: Մենք Կոսովոն ազատագրեցինք Սերբիայից: Կարծում եմ, որ Սերբիան պետք է ազատագրվի Կոսովոյից»,- ընդգծել է Ալբին Կուրտին:

Կոսովոյում սերբերի և կոսովացիների միջեւ հաշտեցումը քաղաքական գործիչն անհրաժեշտ է համարել։ «Մենք նրանց դեմ չէինք կռվում: Մենք կռվում էինք Բելգրադի դեմ, որը դեմ էր մեզ ու ցեղասպանություն գործեց 1999-ի գարնանը, և այդ նպատակով մենք կարիք ունենք, որ Սերբիան առերեսվի իր անցյալին, ինքն իրեն հայելու մեջ նայի, այլ ոչ թե ռազմական հեռադիտակով նայի Կոսովոյին: Եվ ճանաչի մեր անկախությունը և որոշակի ափսոսանք հայտնի ռեժիմի կողմից գործած հանցագործությունների համար: Կարծում եմ, որ Սերբիան սերբական Շառլ դը Գոլի կարիք ունի, ով կասի, ինչպես Շառլ դը Գոլն ասաց. «Ֆրանսիան մեծ է առանց Ալժիրի», որ Սերբիան մեծ է առանց Կոսովոյի»:

Խոսելով Կոսովոն որպես ինքնիշխան և անկախ հանրապետություն ամրապնդելու մասին՝ նա ասել է, որ երկրի սահմանադրության մեջ 1.1 հոդվածը հակասում է 1.3 հոդվածին․ «1.1 հոդվածն ասում է, որ Կոսովոն ինքնիշխան անկախ երկիր է, իսկ 1.3 հոդվածն ասում է, որ Կոսովոն չի կարող միանալ այլ երկրի: Այնպես որ, ես կարծում եմ, որ լիարժեք անկախությունը ենթադրում է նաև անկախություն անկախությունից, այնպես որ մենք կարող ենք միանալ Ալբանիայի հետ կամ ԵՄ-ի հետ ֆեդերացիային։ Ապագայում երկու հանրաքվե կարող է լուծել դա՝ Ալբանիայում և Կոսովոյում, բայց ոչ երբևէ խախտելով մեր սահմանադրությունը: Սահմանադրությունը նախ պետք է փոխվեր, և միայն այն դեպքում, եթե դա մի օր կատարվի խաղաղ ու ժողովրդավարական ձևով»:

Ըստ կոսովացի գործչի՝ Եվրոպան պետք է վերափոխի ինքն իրեն, և ոչ միայն իր ընդլայնման նպատակը: «Արեւմտյան Բալկանների վեցնյակը [Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա] և ԵՄ-ն շատ կարևոր են միմյանց համար: Եվ ես կարծում եմ, որ Արևմտյան Բալկանների վեցնյակի հետ ԵՄ-ն համապատասխանի Եվրոպային`որպես աշխարհամասի, և մենք դա երբևէ չպետք է մոռանանք ու երբևէ բաց թողնենք»,- շեշտել է Ալբին Կուրտին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image