Մշակույթ

«Հրապարակ». Պետք է հասկանալ բոլոր ռիսկերը

«Հրապարակ». Պետք է հասկանալ բոլոր ռիսկերը

Կառավարության որոշման համաձայն` մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող մեծ թվով դպրոցներ կմիավորվեն, եւ այդ գյուղերի աշակերտները կհաճախեն մոտակա գյուղերի դպրոցները: 

Համաձայն վերջին ցուցանիշների, փակվող դպրոցների քանակով առաջին տեղում Սյունիքն է, որտեղ դպրոցների 2/3-ը մինչեւ 100 աշակերտ ունի: Դեռ նախորդ տարի Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Մելքոնյանն ԱԺ-ում ահազանգել էր, որ այդ ցանկում ընդգրկված 232 դպրոցից 48-ն էլ Շիրակի մարզում են, որտեղ քիչ չեն նաեւ սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնք, ըստ պատգամավորի, կազդարարեն այդ գյուղերի կործանումը։ Պարզ է, որ դպրոց չունեցող գյուղերը դանդաղ մահանալու են, եւ գյուղական դպրոցը նաեւ գյուղը շեն պահելու միջոց է։
Փակվող դպրոցների թեման շատերին է անհանգստացնում՝ ոչ միայն քաղաքական ու հասարակական գործիչներին, ոչ միայն գործազուրկ դարձող ուսուցիչներին ու տնօրեններին, այլ նաեւ շատ աշակերտների ծնողների, որոնք մեզ հետ զրույցներում իրենց դժգոհությունն ու մտահոգություններն են հայտնում։ Նախ՝ գյուղից գյուղ երեխաների գնալն է խնդիրներ առաջացնելու, այն էլ՝ հաճախ տասնյակ կիլոմետրեր, որոշ միջգյուղային ճանապարհներ են անբարեկարգ, եւ հայտնի չէ, թե «հյուրընկալող» գյուղի դպրոցականներն ինչպես են վերաբերվելու «հյուրերին»: 

Մեր զրուցակիցը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղից է: Նա պնդում է, որ իր երեք երեխային ամեն անգամ հարեւան` Հատիս գյուղի դպրոց տանելը մեծ խնդիր է, քանի որ չկա բարոք վիճակում գտնվող տրանսպորտային միջոց: Մեր զրուցակիցն ասում է, որ տարիներ առաջ իրենց գյուղապետն էր` սեփական ավտոմեքենայով երեխաներին հարեւան գյուղ հասցնում, որպեսզի երեխաները կրթություն ստանային: Մեր զրուցակիցն ասաց, որ ծնողներն անհանգիստ են նաեւ դպրոցներում թմրանյութերի շրջանառության դեպքերի աճից եւ կես մարդ են դառնում` մտածելով, որ, իրենց աչքից հեռու, իրենց երեխաները կարող են վատ շրջապատ ընկնել, թմրանյութերի գայթակղությանը չդիմանալ եւ այլն: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ վտանգներ են պարունակում մարզային դպրոցների փակումն ու միավորումը, ինչո՞ւ են իշխանություններն ամեն գնով փորձում հասնել դրան: Կրթության փորձագետը նկատեց. «Սա շատ բարդ հարց է իրականում, այն երբեմն մեկնաբանվում է բավականին պարզունակ, մի կողմից նշվում է, որ կառուցվում են ավելի որակյալ դպրոցներ, մյուս կողմից էլ նշվում է, որ չի կարելի դպրոցները փակել եւ միավորել: Պատկերացրեք երեխաներ, ովքեր 12 տարի շարունակ դասասենյակում սովորում են մենակ, կամ դասարանում երկու-երեք աշակերտ է սովորում: Ո՞վ կցանկանա սովորել մի դասարանում, որտեղ մենակ է, բնականաբար` ոչ ոք, որովհետեւ այն բացասական ազդեցություն է թողնում: Այս իմաստով դպրոցների միավորման մեջ դրական բան կա: Այն երեխաներին հնարավորություն է տալիս սովորելու մեծ դասարանում, գոնե 10 հոգանոց կամ 15, գուցե մի քիչ էլ ավելի: Այն մոտիվացնում է, որ աշակերտն ավելի լավ սովորի, ի դեպ` լավ շենքում սովորելը եւս կարեւոր է: Այս ձեւով օգնում են, որ երեխաները հարմարավետ կրթական ծառայություններ ստանան, բայց հարցն ունի նաեւ այլ երես: Պետք է հասկանալ ռիսկերը: Եթե գյուղերում դպրոցներ են փակվում, ռիսկ կա, որ մարդկանց մի մասը, ովքեր ունեն հնարավորություն, կարող են լքել գյուղը եւ գնալ այնտեղ, որտեղ կա դպրոց: Ինչու, որովհետեւ գյուղում դպրոց չլինելու հանգամանքը ստեղծում է անհարմարություններ: Երբ փակվում է գյուղի դպրոցը, երեխային կամ երեխաներին հարեւան գյուղ պետք է հասցնեն ավտոբուսով: Ենթադրենք, երեխան ունի առողջական խնդիր կամ այդ պահին պարզապես իրեն վատ է զգում, ո՞վ պետք է գյուղից գյուղ տեղափոխի այդ պահին: Կամ, ենթադրենք, ինչ-որ մի շրջանում երեխային դպրոցից պետք է շուտ վերցնել, ո՞վ պետք է այս հարցը լուծի: Կարող են լինել խնդիրներ, որ ճանապարհ փակվի, կամ նորմալ որակյալ ավտոճանապարհ չլինի, կամ բավականին հեռու ճանապարհ լինի ու նմանատիպ բազում հարցեր: Այս ամենից բացի, առաջանում են նաեւ այլ հարցեր` կրճատվում են ուսուցիչներ, ես չեմ ուզում իդեալական բաներ ասել, սակայն գյուղում դպրոց ունենալը շատ կարեւոր է: Եթե ունենալու ենք գյուղեր, որտեղ դպրոց չի լինելու, գյուղը մի տեսակ կանգնում է մարելու դատավճռի առջեւ: Եթե չկա դպրոց, չկան ուսուցիչներ, չկա աշխատանք, աշխատատեղեր: Դպրոցը գյուղի բաղկացուցիչ մասն է: Գյուղի մշակութային կենտրոնը դպրոցն է: Տնօրեն, մանկավարժներ, հաշվապահ, ուսմասվար, պահակ… այս մարդիկ մնում են գործազուրկ: Եվ հետո՝ այդ մարդիկ էլ մի օր կորոշեն դուրս գալ գյուղից, որովհետեւ բոլորն էլ ուզում են աշխատել: Մանկավարժը եթե տեսնի, որ մեկ այլ գյուղում մանկավարժի հաստիք կա, անպայման լքելու է գյուղը եւ գնա տվյալ համայնք, որտեղ կա աշխատանք: Այս խնդիրները բավականին բարդ են: Պետք է շատ զգույշ մոտենալ այս հարցերին: Եթե իշխանությունը կարողանա համոզել մարդկանց, որ այս ամենը բխում է երեխաների շահերից, մարդիկ գուցե ընդունեն: Կարեւոր է մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տանելը: Այժմ կոշտ ձեւով մարդկանց ասում են` դպրոցը փակում ենք, ու վերջ: Չես կարող ռեալ ռեֆորմ իրականացնել, առանց մարդկանց ներգրավելու: Եթե ինչ-որ մի բան ես ուզում անել, ապա համայնքի բնակիչները պետք է աջակցեն քեզ: Խնդիրը նաեւ կախված է գյուղի աշխարհագրական դիրքից: Հազար ու մի գործոն կա, որոնք պետք է հաշվի առնել»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image