Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը հեղինակային փոթքաստ է սկսել, որը կոչվում է «Սեւ արկղ»: «Սեւ արկղ»-ի առաջին հյուրը ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանն էր, իսկ հաջորդ հյուրը լինելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: «Սեւ արկղ» նախագծի մտահղացման մասին զրուցել ենք Մանուկ Նիգոյանի հետ:
- Մանուկ, երկար ժամանակ ակտիվ չէիք, հիմա սկսել եք փոթքաստ վարել, ինչպե՞ս ծագեց քաղաքական փոթքաստի միտքը:
- Հաշվի առնելով նախընտրական պրոցեսները եւ հաշվի առնելով, թե հայաստանյան ներքին քաղաքական կյանքը հայ ժողովրդին որքան բազմազան ու բազմաբովանդակ նախընտրական քարոզարշավ է խոստանում, ես կարծեցի, որ կա անհրաժեշտություն՝ եւս մեկ պլատֆորմ ստեղծելու, որտեղ սեւ արկղի տրամաբանությամբ կփորձենք ժողովրդի եւ տարբեր քաղաքական գործիչների հետ վերհիշել նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ, հարցազրույցներ եւ քաղաքական գործելաոճեր` տարբեր իրավիճակներում: Կփորձենք պարզաբանել, թե որ միտքն ինչի համար է եղել, եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես նաեւ կփորձենք հասկանալ, թե այն մարդիկ, ովքեր հավակնում են դառնալ Հայաստանի վարչապետ, ինչ փոփոխություններ են խոստանում հայ ժողովրդին, որի մոտիվացիայով դրդված էլ՝ ժողովուրդը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից եւ այլ իշխանություն ընտրի:
- Այսինքն` ինչպես սեւ արկղերն են բացահայտում իրականությունը, այնպես էլ Դուք՝ սեւ արկղերի պես բացահայտելու եք ճշմարտությունը…. ճի՞շտ եմ հասկանում:
- Այո, բայց ոչ թե մարդկանց վատ դրության մեջ դնելու համար է լինելու, այլ որպեսզի մարդկանց տանք պարզաբանելու հնարավորություն, որպեսզի ասեն, թե ինչու էին ժամանակին այս կամ այն հայտարարությունն անում եւ ինչու են հիմա այդ հայտարարություններին հակառակ գործընթացներ գեներացնում եւ այլն:
- Կա՞ այնպիսի քաղաքական գործիչ, որին առաջիկայում կցանկանաք նման դրության մեջ դնել՝ հիշեցնել իր նախորդ ասածները:
- Դրության մեջ դնելն ասոցացվում է նեղության մեջ դնելու հետ, բայց մենք բարի նոտայի վրա ենք ցանկանում վերլուծություններ անել եւ, ընդհանրապես, հավակնում ենք վարչապետի բոլոր թեկնածուներին ներգրավել, եթե իրենք դեմ չլինեն եւ ընդունեն մեր հրավերը, ինչու ոչ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւս ցանկանում ենք հրավիրել:
- Այսինքն` սահմանափակում չունե՞ք հյուրերի հարցում:
- Բացարձակապես ոչ մի սահմանափակում: Որեւէ ուժի կամ անձի կողմից այս պրոյեկտը չի ֆինանսավորվում, բացառապես մեր անձնական ֆինանսական ներդրումով է այն իրականացվում, չհաշված այն դեպքերը, երբ քաղաքացիները կարող են բաժանորդագրությամբ վճարել եւ աջակցել պրոյեկտի շարունակականությանը: Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք որեւէ ուժի նկատմամբ եւ որեւէ մեկի նկատմամբ չունենք ոգեւորություն եւ մոտիվացիա: Մեզ համար բոլորը հավասար քաղաքական ուժեր են, եւ բոլորի հետ հավասարապես պետք է շփվենք: