«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետից հետ` Հայաստան է վերադարձվել «Վեդի Ալկո» կոմբինատի մեծ ծավալի արտադրանք, որն ուղարկվում էր Ռուսաստան։ Սահմանային ստուգումների ընթացքում խմբաքանակը կանգնեցվել է, ինչ որ մանր-մունր խնդիրներ է ռուսական կողմը «մահանա» բռնել: Բայց նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմնակից բիզնեսմենին` Մանվել Ղազարյանին «պատժելը»։ «Վեդի Ալկոյի Մանվել» անունով գործարարը 2018 թվականի հեղափոխությունից ի վեր աջակցել է ու մինչ օրս շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին` չնայած 2018-ի հետո տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի ուղղությամբ հայկական ապրանքների արտահանման ճանապարհին սահմանափակումներ են կիրառվում, մի շարք բեռնափոխադրումներ կանգնեցվում են կամ վերադարձվում Վերին Լարսից։ Արդեն արգելվել է ծաղիկի, ելակի, ջերմուկի արտահանումը, կոնյակի որոշ տեսակների: Ակնհայտ է, որ պատճառը Արեւմուտքի ճամփան բռնած, հակառուսական քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունն է: Հայ-ռուսական հարաբերությունները հատկապես սրվեցին մայիսի սկզբին կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեւանյան հարթակից որոշ հայտարարություններ արեց` ընդդեմ Ռուսաստանի: Մենք փորձեցինք կապվել Vedi Alco ընկերության պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։