Սուբվենցիոն շատ ծրագրերի իրականացման ժամկետները խախտվել են, սակայն դրա համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, ուշացած ծրագրերն ավարտելու համար հաճախ պետբյուջեից ներգրավվում են հավելյալ ֆինանսներ։ Սուբվենցիոն ծրագրերի հետաձգումը դիտարկենք մի մարզից կոնկրետ օրինակներով։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին սեպտեմբերի 1-ին տեղեկատվական հարցում եմ արել՝ 2024 եւ 2025 թվականներին Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից քանիսո՞ւմ են խախտվել իրականացման ժամկետները, որո՞նք են այդ ծրագրերը, ի՞նչ պատճառներով են ժամկետները խախտվել։
Ստացված պատասխանում նշված են ծրագրերի անվանումները, դրանց ուշացման պատճառները, կանխատեսվող ավարտի ժամկետները։ Բագրատաշեն գյուղի ոռոգման համակարգի արդիականացման ծրագիրը հաստատվել է 2023-ին, նախատեսված ժամկետներում ծրագրի չավարտման պատճառը ոռոգման սեզոնի ընթացքում շինարարության դադարեցումն է, ծրագրի կանխատեսվող ավարտի ժամկետը 2025-ի դեկտեմբերն է։
Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգման եւ Կողբի թիվ 1 մանկապարտեզի նոր շենքի կառուցման ծրագիրը հաստատվել է 2024-ին, ծրագրի հետաձգման պատճառը փաստացի ծավալի եւ նախատեսված ժամկետների անհամապատասխանությունն է, Ոսկեպարի մանկապարտեզի հիմանորոգման պարագայում՝ նախագծային անհամապատասխանությունները:
Կանխատեսվում է այդ ծրագիրն ավարտել 2026-ի մայիսին։ 2024 թվականին հաստատվել է Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 10 եւ 14 փողոցների տուֆապատման ծրագիրը, դրա իրականացումն ուշացնելու պատճառը շինարար կազմակերպության կողմից լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անկարողությունն է, կանխատեսվում է ծրագիրն ավարտել 2025-ի դեկտեմբերին։
Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի 23-րդ փողոցի տուֆապատման ծրագիրը հաստատվել է 2024-ին, նախատեսված ժամկետում ծրագրի չավարտման պատճառը՝ սելավներից հենապատի փլուզումը, չնախատեսված ծավալների ավելացումն է, կանխատեսվում է այդ ծրագիրն ավարտել 2025-ի դեկտեմբերին։
Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Կամո-Գագարին փողոցների տուֆապատման ծրագիրը հաստատվել է 2024-ին, դրա իրականացման ուշացման պատճառը շինարար կազմակերպության կողմից լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անկարողությունն է, նախատեսվում է ծրագիրն ավարտել 2025-ի դեկտեմբերին։ Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացման ծրագիրը հաստատվել է 2024-ին, ծրագրի իրականացման ուշացման պատճառը Դեբեդ գետի վարարումները, նախագծային անհամապատասխանություններն են, նախատեսվում է ծրագիրն ավարտել 2026-ի մայիսին։ Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ բնակավայրերի խմելու ջրի ակունքների եւ հիմնական ջրագծի 15 կմ հատվածի կառուցման աշխատանքների ծրագիրը հաստատվել է 2024-ին, դրա վերաբերյալ նշված է՝ աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, իրականացվել են 80 տոկոսի չափով, պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են, բարձր լեռնային պայմանները։ Նախարարությունը նույնիսկ չի նշել, թե երբ են նախատեսում ավարտել Բերդ համայնքի 3 գյուղի համար շատ կենսական այդ ծրագիրը։