Շուրջ 150 ամերիկացի քաղաքական գործիչների նամակագրությունն ու զանգերը հասանելի են դարձել չինացի ցանցահեններին՝ հաքերներին, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը հետախուզության աշխատակիցների ճեպազրույցը։
Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան հեռահաղորդակցական ընկերությունների սերվերները կոտրելու պատճառով կիբերհարձակվողները, ի թիվս այլնի, մուտք են գործել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կողմից առաջադրված փոխնախագահ Ջ.Դ.Վենսի տվյալների համակարգ։
Քանի որ խոսքը զանգերի և նամակագրության մասին է, հավանական է, որ մարդկանց շատ ավելի մեծ շրջանակի զգայուն տեղեկատվություն է հայտնվել հաքերների ձեռքում, նշել են Սպիտակ տան ներկայացուցիչները:
Ըստ դեմոկրատ սենատոր Մարկ Ուորների՝ սա Միացյալ Նահանգների «պատմության մեջ հեռահաղորդակցության ցանցերի ամենամեծ կոտրումն է»։ Փորձագետները շարունակում են գնահատել դրա ծավալները։
Ամերիկյան հեռահաղորդակցության համակարգերի կոտրման հետաքննության մասին առաջին անգամ հայտնի դարձավ հոկտեմբերին՝ նախագահական ընտրություններից առաջ։ Այնուհետև The New York Times-ը նյութեր հրապարակեց չինացի հաքերների մասին, որոնք ներթափանցել են ԱՄՆ հեռահաղորդակցություն՝ կիբերհարձակում իրականացնելու հանրապետական Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի վրա: