Հայաստանի իշխանությունները բազմիցս են ՀԱՊԿ-ի վերաբերյալ իրենց դժգոհություննեը հայտնել, ոչ անաչառ գնահատել կազմակերպության անդամ երկրների մոտեցումը Հայաստանի նկատմամբ, սակայն կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել «Հավաքական անվտանգության պայմանագրից» դուրս գալու մասով, չնայած որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ դրա անհրաժեշտությունը տեսնում են։
Հաշվի առնելով իշխանությունների ուղիղ առճակատումը պաշտոնական Մոսկվայի հետ՝ օրեր առաջ գրել էինք, որ շատ մեծ հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ասել է, որ չի մասնակցելու՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Չմեկնելու պատճառների մասին հաղորդագրությունում ոչինչ չի նշվում։ Չմեկնելու պատճառի մասին հրաժարվում են մեկնաբանություն տալ ՔՊ-ական պատգամավորները։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան դառնալու մեծ ցանկություն ունեցող Գուրգեն Արսենյանն անգամ չխոսեց այդ մասին՝ հղում անելով պաշտոնական հաղորդագրությանը։