Հարցազրույց

«Հրապարակ». Իրանին կարող են ստիպել՝ հրաժարվել իր սահմանած կարմիր գծերից

«Հրապարակ». Իրանին կարող են ստիպել՝ հրաժարվել իր սահմանած կարմիր գծերից

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն ի վերջո ոչնչանալու է: «Հրապարակն» այաթոլլայի այս հայտարարության եւ դրանից բխող զարգացումների մասին զրուցել է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ:

- Սա պատերազմ սկսելու մասին հայտարարությո՞ւն է, թե՞ նախազգուշացում:

- Ես կարծում եմ, որ վերջին ամիսներին եւ, մասնավորապես, վերջին շաբաթներին տեղի ունեցած դեպքերը, որոնց սրընթաց զարգացումների պատճառով տարածաշրջանը փաստի առաջ կանգնեցրին, նաեւ դրանց հետեւանքով հռետորաբանություն փոխվեց: Անշուշտ, այն հոլովույթը, որ եղավ ամիսների ընթացքում, որոշակիորեն փոխվել է, օրինակ, Իրանը հայտարարեց, որ անպայման կպատասխանի Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա վերջին հարձակմանը, բայց նշվեց նաեւ, որ դա կարվի համապատասխան հաշվարկներից հետո՝ համապատասխան հարմար պահի: Հետեւաբար, ես կարծում եմ, որ Սիրիայում փոփոխություններից հետո Իրանի հոգեւոր առաջնորդը ցանկացավ վերստին ընդգծել, որ այդ օրակարգը դեռ Իրանի համար կա: Այս հայտարարությունն անելու անհրաժեշտությանը դրդեց հատկապես այն, որ հավանական է՝ Իրանի տարածքի ուղղությամբ՝ ատոմային օբեյկտների ուղղությամբ հարձակումներ լինեն, Թրամփի ու նրա ապագա վարչակազմի կողմից Իրանի մասով արված հայտարարություններ եղան, կարծում եմ` դրանք այս ամենի հետեւանքն են: Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, սակայն չի կարելի կանխատեսել, թե նման հռետորաբանությունն ինչ ազդեցություն կունենա՝ համեմատելով դա նախկինում արված հայտարարությունների ու դրանց հետեւած զարգացումների հետ: Իրանում ուշի-ուշով հետեւում են իրադարձություններին եւ փորձում են նոր գնահատականներ տալ: Մենք տեսնում ենք, որ մասնագիտական եւ փորձագիտական մակարդակում էլ իսկապես ահռելի թափ են ստացել Իրանի վիճակի, տնտեսա-սոցիալական առկա խնդիրների քննարկումները, ու այդ ուղղությամբ փորձում են խորհուրդներ տալ իշխանությանը, ինչպես նաեւ՝ առաջարկներ են հնչեցվում պրն Փեզեշքիանին, կառավարությանը եւ այլ անձանց:

- Մասուդ Փեզեշքիանի հետ շատերը հույսեր էին կապում, որ նա կկարողանա բարելավել հարաբերություններն Արեւմուտքի հետ: Ստացվում է` Արեւմո՞ւտքը չցանկացավ, որ հարաբերությունները բարելավվեն:

- Ես այնքան էլ հույսեր չէի կապում պարոն Փեզեշքիանի հետ, բայց իր ներկայությունը քաղաքականության մեջ կամ նախագահի դիրքում, բնական է, բոլորիս էլ հույսեր ներշնչել է: Առիթ ունեցել եմ ասելու, որ այն, ինչ վերաբերում է Իրանի ատոմային խնդրին, սպառված է. հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ եղավ Իրանի հանդեպ կիրառվող framing-ը, ու այն դիրքորոշումը, որը դրսեւորեց Իրանը դրանից հետո, կարծում եմ, ճիշտ չընկալվեց կամ Արեւմուտքի կողմից վստահությամբ չընկալվեց: Անցած տարվա հոկտեմբերի 7-ը, Գազան եւ հետագա խնդիրները՝ բոլորը մեկ խոսքով հանգեցրին այն կետին, որ այն փաթեթը, որ պիտի Իրանի հետ բանակցությունների սեղանին դրվի, շատ-շատ ավելի ընդլայնվեց, քան այն, որ միայն ատոմական արխիվինն էր: Հիշում եմ՝ ժամանակին խորհրդարանում առիթներ լինում էին, պարոն Զարիֆը զգուշացնում էր խորհրդարանականներին, մասնավորապես՝ ծայրահեղական-պահպանողականներին, որ միջազգային հարաբերություններում հարմար առիթներ միշտ չեն լինում՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու ու արդյունքի հասնելու համար, եւ գուցե երկու կամ հինգ ամիս հետո լրիվ այլ պայմաններ լինեն: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, կյանքը փաստում է, որ այդպես էլ կա: Կարծես թե նախօրեին պարոն Արաղչին նորից նախանշեց, որ պատրաստ են բանակցությունների: Բայց այս պահին Արեւմուտքը ձեռնպահ կմնա, մինչեւ որ Թրամփն իր աշխատանքը պաշտոնական մակարդակով սկսի:

- Այս օրերին Իրանի վրա ուղիղ հարձակվելու հավանական սցենարից բացի, քննարկում են նաեւ Իրանը ներսից պայթեցնելու սցենարը՝ մասնավորապես ադրբեջանցիների ու այլ ազգերի միջոցով: Այդ վտանգը որքանո՞վ է մեծ:

- Իրանը բազմազգ պետություն է, բայց կա պատմական փորձ, երբ բոլորը կարողացել են հաշտ ու համերաշխ կողք-կողքի ապրել: Այն, որ յուրաքանչյուր էթնիկ խմբի կամ կրոնական խմբերի միջեւ կարող են տարակարծություններ, դժգոհություններ լինել՝ բնական է: Բայց ինչ վերաբերում է Իրանի Ատրպատական նահանգի թրքախոսներին, որոնց մատնանշեցիք, կարծում եմ, գիտական-փորձագիտական շրջանակը ցույց է տալիս, որ իրենք թրքախոս իրանցի ազերիներ են, եւ մենք գիտենք, որ Ադրբեջան կոչվող ներկայիս հանրապետությունը կեղծ անվանակոչվել է հետագա նպատակների համար: Բնական է, որ իրենց քարոզչամեքենան այդպես կփորձի ձեւակերպել, որ էթնիկ խմբերը վատ են ապրում Իրանում. նորից եմ ուզում շեշտել` դժգոհություններ միշտ եղել են եւ կան, կլինեն, բայց բելուջները, արաբները, թուրքմենները, լորերը կամ հենց նույն ադրբեջանցիները, նրանց մեծամասնությունը նման շարժումների չեն միանում կամ աջակցում: Անշուշտ, Արեւմուտքում եւ տարբեր լրատվամիջոցներ, հատկապես թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում են ազդել, անընդհատ գրգռել, դժգոհությունները խոշորացույցի տակ ցույց տալ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Այսինքն, Աստված չանի, եթե Իրանի ներսում խնդիրներն այնքան շատանան կամ այնքան զարգանան, որ սկսեն ազդել տարբեր էթնիկ խմբերի վրա, բնական է, որ Արեւմուտքը եւ հարեւանները կարող են դա չարաշահել՝ դա բացառել չենք կարող: Իշխանության պարտականությունն է՝ զգոն լինել, թերություններն արագորեն լրացնել ու փորձել դա կանխարգելել: Բայց այս պահին ասել, որ նման իրավիճակ կա, եւ որ էթնիկ խմբերի միջոցով կարելի է հետագայում ինչ-որ հարցեր ունենալ, կարծում եմ, իսկապես ուռճացված է` այդպես չէ: Բայց այն, որ սոցիալ-տնտեսական, երկրի քաղաքականության առումով լուրջ դժգոհություններ կան՝ դա իրականություն է, եւ չեմ կարծում, թե որեւէ մեկը կարողանա դա հերքել:

- Թուրքիան եւ Ադրբեջանն ինչ-որ պահի կարո՞ղ են մասնակից լինել Իրանի դեմ հարձակմանը:

- Ամեն ինչ կարող է լինել, բայց ես ավելի շատ մտահոգված եմ այն ոտնձգություններից, որոնք կարող են ձեւակերպում ստանալ դեպի Հայաստան հարձակումների տեսքով կամ ինչ-որ ճնշումների տեսքով, որն Իրանին կարող է պարտադրել՝ զիջել իր սկզբունքային կարմիր գծերն ու առեւտրի գնալ։ Դա է ինձ ավելի շատ մտահոգում, քան ուղղակի միջամտությունը: Չմոռանանք մասնավորապես հիմա Իսրայելի չափազանցված ինքնավստահությունն ու հոխորտանքը, որը հարյուր տոկոսով հովանավորվում է Ամերիկայի կողմից` առանց Ամերիկայի հնարավոր չէ: Դրանք՝ բոլորը, լուրջ վտանգներ են Իրանի համար, եւ ես կարծում եմ, որ ինչ որ լինի այդ ուղղությամբ, դժբախտաբար, Հայաստանն անմասն չի մնա, լրջագույն իրավիճակ է հիմա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image