Նախօրեին գրել էինք, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի հերքել կոմունիկացիաների ապաշրջափակման, իսկ իրականում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թրամփի առաջարկի մասին արտահոսած տեղեկությունը, որով առաջարկվող մեխանիզմը՝ միջազգային կազմակերպության ներգրավման տարբերակը, իրականում նոր չէ;
Աղբյուրը, «Քարնեգի» հիմնադրամը, որը բացահայտել էր ամերիկյան առաջարկը, հիշատակել էր, որ այն կրկնում է ավելի վաղ կողմերին արված եվրոպական առաջարկը, այն է՝ տրանսպորտային ուղիների կառավարումը հանձնել անկախ օտարերկրյա ընկերության՝ տվյալ դեպքում՝ ամերիկյան:
Ոչ վաղ անցյալում ՔՊ-ական իշխանությունների ու իշխանամերձ քարոզիչների խոսույթում այս տարբերակը շրջանառվում էր: Խոսք էր գնում չեխական ընկերւթյան մասին: Դեռ անցած տարի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության հանձնելու հնարավորության մասին, բայց նշել էր, թե մանրամասները դեռ հայտնի չեն։ Մասնավորապես, 2024թ սեպտեբերի 9-ին նա, մեկնաբանելով այդ հարցը, ասել էր. «Դա կախված է մանրամասներից։ Ընկերությունը կարող է սպասարկել։ Ճանապարհին նաև հայ մաքսավոր ու սահմանապահ են լինելու։ Սա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ է, թեև ուղիղ կապ չունի»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ դրա շուրջ դեռ «նախնական պայմանավորվածություն էլ չկա» ու հավելել, որ դա չի խախտի ՀՀ ինքնիշխանությունը: Փոխնախարարի հայտարարությունից օրեր առաջ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը այդ տարբերակը չէր բացառել, բայց չէր նշել խոսքը միջազգայի՞ն, թե՞ տեղական ընկերության մասին է. «Մենք կարող ենք լրացուցիչ մեխանիզմներ նույնպես ունենալ, եւ մեր երկրում Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կանոնադրական խնդիրներից է նաեւ այդ հարցի լուծումը, բայց մյուս կողմից այսօր մանավանդ մեր օրենսդրության բարեփոխումների տրամաբանության մեջ նաեւ անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացվել նաեւ այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները»: Նույն շրջանում՝ 2024թ սեպտեմբերի 9-ին Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է»:
Ի տարբերություն Երեւանի, Բաքուն այս տարբերակի մասին չի խոսել ու ի սկզբանե մերժել է դա: ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն նույն՝ 2024թ սեպտեմբերին հայտարարել էր, որ նման հարց Ադրբեջանը երբեք չի քննարկել: «Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները», -ասել էր նա: Իսկ Ալիեւի պահանջը Փաշինյանից միանշանակ է՝ անխոչընդոտ, այսինքն, առանց որեւէ վերահսկողության եւ ուղեկցության ճանապարհ, որի անունը Ալեն Սիմոնյանը «պարզեցված ռեժիմ էր դրել»:
Կհաջողվի՞ արդյոք ամերիկյան կողմին հիմա համոզել Բաքվին արդեն իսկ մերժած տարբերակն ընդունել, ցույց կտա ժամանակը, բայց ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն այս արտահոսքերը պատահական չի համարում:
«Իհարկե, կարծում եմ՝ այս արտահոսքը որոշ գործընթացների արտացոլումն է, և նման բանակցություններ կարող են իսկապես ընթանալ։ Այնպես, ինչպես հազիվ թե պատահական լինի արտասահմանյան մեդիայում հայտնված տեղեկատվությունը Ալիևի և Փաշինյանի՝ այս ամսվա վերջին Դուբայում նախատեսվող հանդիպման մասին, որից հետո հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է լրացուցիչ թափ ուժ ստանալ»,- մեզ հետ զրույցում ասաց Արեշեւը՝ չբացառելով, որ հնարավոր է՝ այդ բանակցությունները միտված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեզոքացնող ինչ-որ շրջանակային փաստաթուղթ ստորագրելուն:
«Հնարավոր է՝ նախատեսվում է որոշակի շրջանակային փաստաթուղթ ստորագրել, որը կոչված է լինելու փոխարինել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը՝ ներառելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման նորացված սկզբունքները։ Կարծում եմ՝ Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին»,-«Հրապարակ»-ին ասաց ռուս քաղաքագետը:
Նկատենք, որ Բայդենի վարչակազմը ակտիվորեն զբաղվում էր Հարավային Կովկասի հարցերով, իսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛ Բրայենը բաց տեքստով էր խոսում Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ամերիկյան ծրագրերի ու պատմական շանսի մասին, որ թույլ էր տալու հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու:
Թրամփի պաշտոնավարման սկզբնական շջանում փորձագիտական կարծիքում գերիշխում էր տեսակետը, թե բիզնեսմեն նախագահին Հարավային Կովկասը չի հետաքրքրում: Անդրեյ Արեշեւը, սակայն, նկատում է՝ ԱՄՆ ծրագրերում, հավանաբար, ոչինչ չի փոխվել։ Ռուս քաղաքագետը նաեւ կապ է տեսնում Փաշինյանի ու Ալիեւի Թուրքիա կատարած այցելության ու վերը նշված տեղեկատվական հոսքերի միջեւ:
«Թրամփի մասին դժվար է միանշանակ կարծիք արտահայտել. ամեն ինչ շատ հակասական է, բայց Թուրքիայի դիրքերը Կովկասում զգալիորեն ուժեղացել են, թեև երկրում առկա բավականին բարդ սոցիալ-տնտեսական դրությունը որոշակիորեն սահմանափակում է նրա էքսպանսիոնիստական ձգտումները»,-եզրափակում է ռուս քաղաքագետը։