Իր լավագույն գործերը Լեւ Ատամանովը ստեղծել է 60-ականների կեսերից սկսած։ Դրանցում տեսանելի է գրաֆիկական ոճերի բազմազանություն, իրապես եզակի հնարքների կիրառում, ինչպես նաեւ՝ օրվա բարդ խնդիրների մասին ակնարկներ։ Սրանք արդեն ոչ թե զուտ մանկական մուլտֆիլմեր են, այլ նաեւ «մեծահասակների համար» նախատեսված անիմացիոն ֆիլմեր, թեեւ «միայն մեծահասակների համար» անվանելն էլ ճիշտ չէ։ Դրանք ավելի դյուրամարս են ու գրավիչ, քան 50-ականների դասական գործերը, որոնք թեեւ բարձր մակարդակով են պատրաստվել, սակայն այսօր համարվում են կանխատեսելի ու ծանրամարս։ Դրանցում պակասում են խելահեղ ռիթմը, ինքնաբուխությունը, ինչն արդեն բավականին առկա է 60-80-ականների սովետական մուլտարվեստում։ Եվ հիանալի է, որ Ատամանովի նման դասական մուլտիպլիկատորը կարողացել է անիմատորների նոր սերնդին միանալ նման թեթեւությամբ ու հախուռնությամբ։ 60-70-ական թվականներին նա թողարկում է ավելի քան 10 հիանալի անիմացիոն ֆիլմ, որոնցից «Ծաղկեփունջ»-ը (1966), օրինակ, մոտ է զագրեբյան դպրոցին։ Այն պատմում է, թե ինչպես է ամուսինը փորձում ազատվել սիրուհու համար նախատեսված ծաղկեփնջից։ Այստեղ բավականին նրբանկատ բարձրացվում է ամուսնական անհավատարմության հարցը։ Մուլտն ունի հեփի-էնդ։
Հետագայում Ատամանովը երկու մուլտ է նկարում՝ դանիացի նկարիչ Հերլուֆ Բիդստրուպի նկարների հիման վրա՝ ծաղրանկարային «Նստրանը» (1967) եւ հակապատերազմական քարոզչական «Դա մեր ուժերի սահմաններում է»-ն (1970)։ Դրանց արանքում նա թողարկում է «Բելտի պարուհին՝ նավի վրա» (1969) ռոմանտիկ մուլտֆիլմը, որը նրբագեղ ծովային ոճի է։ 1972-ին թողարկում է «Գլխից վերեւ» մուլտֆիլմը, որը կրկին շատ մոտ է զագրեբյան դպրոցին։ Սյուժեն շատ նման է Գայդայի՝ Շուրիկի մասին կոմեդիայի սյուժեին։ 73-ին Ատամանովը փորձում է ուժերը ֆանտաստիկ ժանրում՝ ստեղծելով «Նովելներ տիեզերքի մասին» ֆուտուրիստական մուլտֆիլմը։ 1975-ին ստեղծում է «Ես հիշում եմ» նոստալգիկ մուլտֆիլմը՝ կրկեսային արտիստի մասին։ Այն կարելի է համարել երկարատեւ ու արդյունավետ ստեղծագործական ուղու գեղեցիկ ավարտը։ Կյանքի վերջին տարիները Լեւ Ատամանովը նվիրել է «Գաֆ անունով փիսիկը» շարքին, որից չորս մուլտֆիլմ է նկարել։ Հինգերորդն արդեն նկարահանվել է նրա մահից հետո։