Հարցազրույց

Լավ, գոնե 20 հոգի չկա, որ իր խղճի հետ ուխտ ունենար

 Լավ, գոնե 20 հոգի չկա, որ իր խղճի հետ ուխտ ունենար

«Հրապարակի» զրուցակիցը թատրոնի և կինոյի դերասանուհի Աննա Էլբակյանն է:

-Մեր կյանքը վերջին տարիներին շատ է փոխվել, աղետներն  ու պատերազմը մեր իրականությունը միանգամայն այլ դարձրեցին: Այն իրականությունը, որում ապրում ենք, չի՞ խանգարում դերասանին լիարժեք ստեղծագործել: 

-Ստեղծագործելուն գուցե չի խանգարում, բայց ապրել բոլորին է խանգարում: Գուցե ստեղծագործել ևս, ասեմ, որ միշտ լարված մթնոլորտում ստեղծագործելն ավելի վառ է լինում, բարձրանում են ինչ-որ ռեզերվներ, չերևացող մեխանիզմներ են գործի դրվում: Այնպես որ ստեղծագործելու մասով  դժվար է հստակ ասելը, մենք ամեն ինչ տեսել ենք, շատ կրակների, բոհերի ու պատերազմների միջով ենք անցել: Մարդկանց համար այսօր դժվար է դարձել ապրելը, չկա վստահություն: Ես չեմ ուզում ասել, որ ապոլիտիկ եմ, դա մի տեսակ կնմանվի փախուստի, բայց այն, ինչ այսօր կատարվում է  մարդկանց ներսում, ցավոք, ամենասարսափելին է: Մարդիկ կորցրել են վստահությունը բոլորի նկատմամբ, հնարավոր չէ, որ հայ մարդն այսքան փշրվեր, որ այսքան չհավատա ապագային, որ այսքան՝ այս աստիճան կորցնի իր ավյունը, թեկուզ պատերազմելու, խոսքը նաև ներքին պատերազմի մասին է, ուղիղ իմաստով էլ մտածում ես, ո՞վ կցանկանա, որ անտեղի իր որդին գնա ու ուղղակի՝ ոչ մի բանի համար էլ հետ չգա:

- Բայց արդյո՞ք երկրի համար զոհվելը ոչ մի բան է….

- Ոչ, ինձ սխալ հասկացաք, ոչ մի բան այն իմաստով, որ ապստամբելը պետք է լինի հանունի համար, ոչ թե ուղղակի: Եթե չկա հանունը, եթե չկա վաղվա օրվա տեսլականը՝ վաղվա օրվա նկատմամբ հավատը, էլ ի՞նչ է մնում մարդուն: Այն մայրերը, որոնք կորցրել են երեխաներին, այդ տղաները ընդամենը մի քանի ամսվա զինվորներ են եղել: Հասկանալի է, որ գուցե նրանք էլ են պետք եղել՝ պատերազմին մասնակցեին, բայց հարցին պետք է բոլոր կողմերից նայել: 

- Հայաստանի վարչապետի կնոջ խոսքերը հիշեցի՝ տղերքը զոհվել են հանուն ոչնչի …. 

- Ես ռեպլիկներից  խուսափում եմ, դրանք վատ երաժշտության նման կպչուն են, ես այլ բանի մասին էի խոսում, իմ ասածը այլ էր: Իհարկե ես այդպես չեմ մտածում: Պարզ է, որ ես չեմ կարող այդպես մտածել, պետք չէ իմ ասածը ինչ-որ մեկի ասածին նմանեցնել: Ես իմ տեղում եմ կռվում, իմ ձևով, անգամ ամենախելոք մարդիկ այսօր չեն կարողանում հաղթել այդ կռվում: Սա մի հրաշք ժողովուրդ է, որի ներսի որակն ուղղակի փչացել է: Ամենացավալին այն է, որ ամենուր է այդպես դարձել: Եթե կարողանանք այսօր 40-ից 50 անձնազոհ մարդ գտնել, ամեն ինչ այլ կլիներ: Մարդիկ, ովքեր Աստծո հետ ուխտ կանեին: Հիմա ասեմ Աստված, կհարցնեք սրբազանից: Բայց եկեք գանք զրոյի: Եթե ես մի քիչ գոնե բան հասկանայի քաղաքականությունից, այնտեղ կլինեի, բայց քանի որ չեմ հասկանում, այնտեղ չեմ: Ես ամեն դեպքում քաղաքացի եմ: Կան մարդիկ, ովքեր Աստծուն չեն հավատում, բայց մի օր բոլորն էլ կանգնելու են Աստծո առաջ, այն Աստծո, որին չեն հավատում: Լավ գոնե 20 հոգի չկա, որ իր խղճի հետ ուխտ ունենար: Չպետք է անձնական շահերի մասին մտածել, պետք է թիմային լինել, բայց մենք թիմային մտածել չգիտենք , մենք միշտ մտածում ենք, որ մեկը կարող է անել բոլորի համար:

- Իշխանությունները հայհոյում են հոգևորականներին, եկեղեցուն, սրանք նորմա՞լ երևույթներ են:

- Ոչ մի դեպքում չեմ ընդունում: Չի կարելի անարգել հոգևորականին, շատ վատ է, որ այդպես են վարվում: Ես չեմ ուզում անձնավորել զրույցը և միայն մեկի մասին խոսել: Մարդը միշտ ունի հնարավորություն փոխվելու, զղջալու: Ով ուզում է լինի, սխալ է, երբ հոգևորականին վիրավորում են: Առանց աստվածավախության մարդը սխալ ճանապարհով է գնում: Պետք է Աստծուն հաշվետու լինենք, մենք համարում ենք, որ բոլորից լավն ենք ու ոչ մեկին հաշվետու չենք: Աստծուն հանել են ամեն տեղից: Անգամ աշխարհում արվեստից, գրականությունից են Աստծուն փորձում հեռացնել: Անգամ խելացի փիլիսոփաներ ու գիտնականներ նման խնդիր են լուծում: Կարծում են առանց Աստծո կարող են յոլա գնալ, արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

- Այժմ խիստ նորաձև է դարձել աթեիզմը:

- Այո, կարծում են դա թվացյալ ազատություն կարող է բերել, բայց պետք է խորը ապաշխարել: Ես՝ ինքս գտել եմ Աստծուն, Աստված կա: Աստվածավախությունը շատ կարևոր բան է, այն սովորական վախ չէ, այն հաշվետվություն է, պետք է մարդն իր ամեն քայլի համար հաշվետու լինի տիրոջը: Օրինակ մենք թատրոն ամեն բան տնից ենք տանում, թատրոնին տալիս ենք ավելի շատ բան, քան ստանում ենք և ոչ ոք չի տրտնջում, ոչ ոք չի ասում, թե ինչու մենք էլ շքեղ կյանքով չենք ապրում: Բոլորն էլ ընտանիք ունեն, կարիքներ ունեն, բայց քիչ աշխատավարձի պայմաններով չեն կարողանում ամեն ինչ հասցնել, միևնույն ժամանակ աշխատում են, ստեղծագործում են, շահը նրանց համար կարևոր չէ: Չգիտեմ, ողջ աշխարհն իրար է խառնվել, ամեն ինչ շատ խորն է: Մեր ներսից պետք է բարձրանան լավ դիվանագետներ, լավ քաղաքագետներ, լավ մասնագետներ:

- Ասպարեզ դուրս եկողներին բոլորին մի պիտակ կպցնում են:

- Ագրեսիան շատ է, ագրեսիան լավ բան չէ, այն մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Ես չեմ ուզում, որ այդ հունով գնանք, կարծիք հայտնելու համար պետք չէ շտապել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image