Մշակույթ

«Հրապարակ». Եթե օտարերկրյա ներդրողը փախչում է, նշանակում է՝ քո տնտեսական աճը վտանգված է

«Հրապարակ». Եթե օտարերկրյա ներդրողը փախչում է, նշանակում է՝ քո տնտեսական աճը վտանգված է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝ հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլը՝ 67.3%-ով։ Միեւնույն ժամանակ, որոշ ապրանքների գները նվազել են. պանրի եւ կաթնաշոռի գները` 1.5%-ով, ձվինը՝ 6.2%-ով։ Նման գնաճի միտումները` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում, խորացնում են սոցիալապես խոցելի խմբերի վիճակը։ 

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2024թ.» զեկույցի համաձայն՝ 2023թ․ տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսերի 42.9%-ն ուղղվում է սննդին, իսկ 32.8%-ը՝ ծառայություններին։ Ոչ պարենային ապրանքների բաժինը կազմում է 19.4%, ծխախոտի գնումը՝ 4.5%, իսկ ալկոհոլային խմիչքները՝ 0.4%։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի վերլուծությամբ՝ այս թվերը վկայում են այն մասին, որ բնակչության եկամուտների մեծ մասը ծախսվում է կենսական անհրաժեշտության ապրանքների վրա, մինչդեռ կրթությանը, ժամանցին կամ խնայողություններին ուղղվող գումարները մնում են սահմանափակ։

Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին աղքատության մակարդակը գնահատվել է 23.7%, ինչը 1.1 տոկոսային կետով ցածր է 2022 թվականի ցուցանիշից։ Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.1%՝ նվազելով 0.1 տոկոսային կետով։ Վարձու աշխատողների շրջանում աղքատության մակարդակը կազմել է 19.4%։
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները, թերեւս, եկան հերքելու 2 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն խոսքերը, որ մարդիկ 2018-ի համեմատ այսօր 50 տոկոսով ավելի լավ են ապրում: 

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը, անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներին, ասում է՝ ընդհանուր առմամբ, միտումը նույնն է եւ ինչ-որ առումով՝ նաեւ կանխատեսելի․ «Ըստ էության, մենք նորից պետական պաշտոնյաների կողմից նույն ակնհայտ մանիպուլյացիաների ականատեսն ենք, ինչ վերջին 7 տարիներին: Բան չի փոխվել, բայց իրականությունը հետեւյալն է․ նախ՝ տնտեսական ակտիվությունը, որ, իրենց խոսքով, հունվար-հուլիսին 7 տոկոս է կազմել։ Դա իրականում վատ ցուցանիշ չէ, եթե գործադրվել է երկրի տնտեսական պոտենցիալը: Սակայն այստեղ շատ կարեւոր է՝ բացի այդ մեկ ցուցանիշից դիտարկել կառուցվածքը, թե ինչի հաշվին է այդ 7 տոկոս տնտեսական ակտիվությունը։ Առաջին արձանագրումը հետեւյալն է․ նախ՝ տարվա առաջին կիսամյակում շատ ավելի ցածր էր այդ տնտեսական ակտիվությունը, մենք տարին սկսել էինք բավականին բացասական ցուցանիշներով` ընդամենը 1-2 ոլորտի բարձր տնտեսական աճ, որն արտաքին գործոնով է պայմանավորված, այդ միջին ցուցանիշը որոշակի լավարկել են։ Այսինքն, եթե դուք նայեք՝ հիմնականում բարձր աճի ցուցանիշ ունեցել ենք շինարարության ոլորտում, որն իներցիայով շարունակվում է։ Եվ 2-րդը ծառայությունների ոլորտն է, մասնավորապես՝ զբոսաշրջային ծառայությունները, որը եւս ազդել է այդ բարձր աճի վրա»։

Տնտեսագետը մտահոգիչ է համարում արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում առկա անկումը. «Մտահոգիչ է, որ տնտեսության այն իրական ներուժը, որ պետք է արտահայտվի եւ երկարաժամկետ կայուն աճի բերի հատկապես այդ երկու ուղղություններով, մենք հենց այստեղ ունենք շատ մտահոգիչ պատկեր, մեկն արդյունաբերության ոլորտն է, որը 12 տոկոս անկում է ունեցել այս նույն ժամանակահատվածում, եւ 2-րդը գյուղատնտեսությունն է, որն այս իշխանության օրոք արդեն ազատ անկման մեջ է եւ որեւէ կերպ չի կարողանում լավարկել իր պատկերը»: 

Թ. Ավետիսյանի խոսքով, նաեւ արտահանումն է մեր երկրում շեշտակի կրճատվել` համեմատած անցած տարվա, ինչը եւս բացասական ցուցանիշ է. «Եվ սա սպասելի էր, որովհետեւ ասում էին, որ հիմնականում վերաարտահանում է տեղի ունենում մեր երկրում, ու երբ այդ բարձր աճերով գլուխ էին գովում նախորդ տարիներին ու այդտեղ էին իրենց մանիպուլյացիաներն անում, ասում էին, որ դա ձեզ հետ կապ չունի, եւ մի օր գալու է, որ ռուսական ապրանքների վերաարտահանումը չի լինելու, օրինակ՝ ինչպես անցած տարի ռուսական ոսկին էին վերաարտահանում Արաբական Միացյալ Էմիրություններ, այսօր դա չկա, եւ հիմա մենք փաստացի ունենք արտահանման շեշտակի կրճատում»:
Հաջորդ կարեւոր ցուցանիշը, ըստ տնտեսագետի, այն է, որ ներդրումների փախուստ է նկատվում ՀՀ-ից. «Ավելի շատ մեր երկրից օտարերկրյա ներդրումներ են գնում, քան երկիր են գալիս: Սա էլ ոչ այսօրվա, բայց վաղվա տնտեսական կայուն աճի հիմքն է, որովհետեւ, եթե ուզում ես կայուն աճ, ուրեմն վաղվա աճն այսօրվա ներդրումն է: Եթե այսօր երկրից օտարերկրյա ներդրողը փախչում է, նշանակում է՝ քո վաղվա տնտեսական աճն է վտանգված»: 

Ինչ վերաբերում է գնաճին․ «Գնաճն էլ բավականին ակտիվացել է՝ նախորդ տարվա համեմատ: Իրենք էլի բերում են միջին գնաճի ցուցանիշ, բայց այստեղ կարեւորը միջին գնաճի ցուցանիշը չէ, այլ կարեւորը սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն է, որն արդեն էական է եւ զգալի այն իմաստով, որ այս տարի եւս թոշակներ, նպաստներ չեն բարձրացել: Եվ ես առիթ ունեցել եմ ասելու, որ այս իշխանության օրոք բնակչության շուրջ 40 տոկոսը, որոնք սոցիալապես խոցելի խմբեր են, այսինքն՝ աշխատող աղքատներ, թոշակառուներ, այդ թվում` միայնակ կենսաթոշակառուներ, նպաստառու աղքատ ընտանիքներ, այս մարդկանց մոտ, որոնք մոտ 40 տոկոս են կազմում, կյանքն ավելի վատացել է, որովհետեւ գների աճն ավելի արագ ու բարձր է եղել, քան այդ մարդկանց եկամուտների աճը: Այդ բացասական միտումն այս 7-8 ամիսներին եւս շարունակվել է, որովհետեւ զրոյական եկամուտների աճ ունեն այս մարդիկ, սոցիալական նպաստները, թոշակները չեն բարձրացել, բայց գնաճն ակնհայտ է: Իհարկե, շատ թռիչքաձեւ չէ, բայց շոշափելի է, եւ դա նկատելի է լինելու այդ մարդկանց կյանքի որակի վրա, իսկ այս տեմպերով էլ ավելի են այս ցուցանիշները սրվելու, քանի որ այդ բացասական միտումը շարունակվում է»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image