Հասարակություն

Լուսավորությունը, դիվանագիտությունը և «հայի բախտը»

Լուսավորությունը, դիվանագիտությունը և «հայի բախտը»

Լուսավորության դարաշրջանի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ բարոն Շառլ դը Մոնթեսքյուն (1689 – 1755) համոզված էր, որ «Յուրաքանչյուր ազգ արժանի է իրեն բաժին հասած ճակատագրին»: Դույզն իսկ չփորձելով նսեմացնել մեծ փիլիսոփայի միտքը, այդուհանդերձ, ըստ իս, այն փոքր-ինչ սնոտիապաշտական երանգ է պարունակում: Հուսամ Մոնթեսքյուն չի առարկի, եթե այս անտակտությունը փոքր-ինչ հարթելու և քննադատական մոտեցումը հիմնավորելու նպատակով մեջբերեմ նրա ժամանակակից մի ուրիշ հանճարի բարոյախրատական հետևյալ միտքը. «Ես կարող եմ համաձայն չլինել քո արտասանած յուրաքանչյուր բառի հետ, սակայն ես պատրաստ եմ կառափնարան բարձրանալ մեկ-միակ բանի համար, որ դու կարողանաս ազատորեն արտահայտել քո անձնական կարծիքը» (Վոլտեր):

Իմ սրտին ու ուղեղին ավելի ներդաշնակ է վերոհիշյալ ֆենոմենը բնութագրող նույն ժամանակաշրջանի ավելի ուշ տարիների երիտասարդ փիլիսոփա և իրավագետ, Ռուսաստանում Սարդինիայի թագավորության դեսպանորդ Կոմս Ժոզեֆ դը Մեստրի (1753-1821), ես կասեի առավել ռացիոնալ ձևակերպած հետևյալ միտքը. «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրած կառավարությանը /ղեկավարին/»[ Կոնկրետ ինձ համար այդ դարաշրջանի ամենախոսուն խորհրդանիշը ոչ թե Մոնթեսքյուի, Դիդրոյի, Վոլտերի, Ռուսոյի և այլոց թողած հսկայական և անգին գրական ժառանգությունն է, այլ Փարիզի Պանթեոնի իր դամբարանախցի կիսաբաց դռնից մարդկությանը պարզած Ռուսոյի մարմարյա ձեռքի լուսավոր ջահը՝ բացարձակ մթությունից ջահի ճառագած լույսը մարդկությանը նվիրաբերելու վեհ գաղափարով]:

Ո՞ր իմաստուն հայի մտքով է անցել ճակատագրի կողմից նախանշված, հայերին վիճակված դառը փորձությունները և անհաջողությունները առաջին անգամ բարձրաձայն որակել ՛՛հայի բախտ՛՛ արտահայտությամբ, ցավոք տեղյակ չեմ: Սակայն դա սարսափի աստիճանի ճիշտ բնորոշում է կատակլիզմներից /համաղետներից/ հետո հայ ժողովրդին ու Հայաստանին բաժին ընկած դառը իրողությունների կապակցությամբ: Ընդ որում պարադոքսն այն է, որ պատմական զարգացման այդ բոլոր մասնավոր դեպքերի պարագայում էլ դրանց վրա հայերի կամ Հայաստանի անմիջական ազդեցության հնարավորության աստիճանը հավասար է եղել զրոյի:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հայաստանը կորցրեց իր պատմական տարածքների ավելի քան քառասուն տոկոսը. Նկատի ունեմ Արևմուտքի թուրքերին տրված Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Օլթին և ամենակարևորը՝ մեր բիբլիական սուրբ Արարատ լեռը, և Արևմուտքի թուրքերի պահանջով ստեղծված և ընդամենը երկու տարվա կյանք ունեցող Արևելքի թուրքերի նորելուկ պետությանը տրված Նախիջևանն ու Ղարաբաղը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հույս ծագեց, որ ահռելի կորուստների գնով պատերազմը շահած ՍՍՀՄ-ին պետք անցնեին 1920-1921թթ. Թուրքիային զիջած հայկական պատմական տարածքները որպես երկու համաշխարհային պատերազմների հրձիգ Գերմանիայի ամենանվիրված դաշնակից Թուրքիայի դեմ ներկայացված անբեկանելի պահանջ։ Թուրքերի տիրապետության տակ գտնվող հայկական նախկին տարածքների համար մոսկովյան կենտրոնական իշխանությունների կողմից նույնիսկ հաստատվել էին հայազգի շրջանային կուսկոմիտեների քարտուղարներ և բյուրոներ, սակայն 1945թ.-ի օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ-ի պրեզիդենտ Հ. Թրումենի հրամանով Հիրոսիմայի ու Նագասակիի վրա նետված երկու ատոմային ռումբերը նախազգուշացման ազդանշան հանդիսացան և ի չիք դարձրին սովետական կառավարության վերոհիշյալ հնարավոր ծրագիր - նախաձեռնությունը։

Սակայն անաչառ մոտեցումը ստիպում է խոստովանել, որ հայերի անմիջական մասնակցության պարագայում էլ հայկական դիվանագիտությունը միշտ էլ ՛՛կաղացել է՛՛։ Հայերի դիվանագիտության իսպառ բացակայության, «բոբիկության» հարցում, որպես պատմական իրավիճակների ձևավորման անմիջական գործոն, 50%-ով համամիտ եմ դը Մանթեսքյուի և 100%-ով՝ դը Մեստբի հետ։ Ճիշտ է, խիստ ասված, ՛՛Արևելքի չենք՛՛ և 301թ.-ին Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Արևելքից ավելի հեռացած լինելով, այդուհանդերձ, ոչինչ չսովորեցինք Արևելքի մեր հարևաններից՝ դիվանագիտության մեջ շողոքորթությամբ, երբեմն նույնիսկ կաշառատվությամբ մեր քաղաքական ճակատագիրը որոշողների շրջանում համակրանք շահելու մեր օգտին ռազմական ու քաղաքական որոշումներ կայացնելու արվեստից։ Իր հազարամյակների պատմության ընթացքում Հայաստանը երբեմն չկարողացավ անգամ ռազմի դաշտում ձեռք բերած հաղթանակները վերածել նաև դիվանագիտական հաղթանակների։ Դրա ցայտուն վկայություններից մեկը Ղարաբաղյան պատերազմն էր և այդ տարիների Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայացնող առաջին դեմքի՝ երկրի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի (1998-2008թթ.) հետևյալ մանկամիտ արտահայտությունը, թե` «5-6 տարի շարունակվող բանակցությունների ընթացքը իրեն թույլ է տվել հանգելու մի շատ կարևոր հետևության, այն է, քաղաքականության մեջ արդարությունը և իրավունքը տեղ չունեն»։ Այսինքն, մ.թ. III հազարամյակի շեմին երկրի համար 1 դիվանագետը փորձում էր բացահայտել դիվանագիտության բարոյականության աստիճանը, մինչդեռ դրանից դեռևս 100 տարի առաջ սըր Ուինսթոն Չերչիլը շատ հստակ ձևակերպել էր դրա կլասիկ էությունը. «Դիվանագիտության մեջ ճշմարտությունն այնքան թանկագին բան է, որ նրան միշտ պետք է ուղեկցի ստի ու կեղծիքի մի ողջ շքախումբ»։

Իսկ թուրքը իր կիսագրագետ «հալով» միշտ էլ կարողացել է քաղաքականության (դիվանագիտության) կեղտաջրից չոր դուրս գալ։ Նախ բացատրեմ, թե ինչու կիսագրագետ։ 1000 տարի շարունակ թուրքական բոլոր ցեղերն էլ որպես այբուբեն օգտագործում էին արաբական արագագիրը, որը բացարձակապես չէր համապատասխանում թուրքական լեզվի հնչյունաբանությանը և միայն 1928թ.-ին Մուստաֆա Քեմալի իրականացրած՝ Թուրքիայի տնտեսական, քաղաքական, կրթական և վերջապես լեզվաբանական ռեֆորմի շրջանակներում նրա առաջադրանքով հայ ականավոր լեզվաբան, 20 լեզուների գիտակ Հակոբ Մարատյանը (1895-1979), ով իր անգնահատելի լումայի համար Աթաթուրքից ստացավ դիլաչար (լեզու ստեղծող – թուրք.) հատուկ անունը, հաշվի առնելով թուրքական լեզվի հնչյունաբանական յուրահատկությունը՝ խորը և բազմակողմանի ուսումնասիրությունից հետո առաջարկեց ընդունել լատինական այբուբենը, ինչը և, բնականաբար, մեծ գոհունակությամբ ու շնորհակալությամբ ընդունվեց։
Սակայն, ինչպես ֆրանսիացիներն են ասում. «Revenons à nos moutons» (վերադառնանք մեր ոչխարներին), այսինքն բուն նյութին։ 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո ռուսական և հայկական զենքի (պատերազմին մասնակցում էին գրեթե 50 հազար հայ կամավորներ) հաղթանակի շնորհիվ ազատագրված հայկական զգալի պատմական տարածքների 50%-ը Նենգ Ալբիոնի դիվանագիտական ճնշման տակ (կոմս Դիզրայելի) Բեռլինի կոնգրեսում Ռուսաստանը ստիպված զիջեց Թուրքիային։ Իսկ դրա դիմաց (ուշադի՛ր), որպես կաշառք Վիկտորիա թագուհին թուրքերից ստացավ Կիպրոս կղզու կառավարման մանդատը։

Մի բան ակներեւ է. թուրքերին միշտ էլ հաջողվել է «մատների վրա խաղացնել» հատկապես ռուսական դիվանագիտությունը։ Ստորև շատ ավելի արտառոց և հայոց ճակատագրի համար փաստորեն ողբերգական երկրորդ պատմական փաստը։ 1921-ին Մուստաֆա Քեմալը՝ Արևելքի ժողովուրդների հեղափոխությունների պաշտպանության ու «իմպերիալիստական» Հայաստանին (որն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ուներ և դեռևս ի վիճակի չէր եղել հարևան երկրները իր «իմպերիային» կցել...) դիմագրավելու քողի տակ բանակցությունների ընթացքում ոչ միայն կարողացավ «խելքահան անել» Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարությանը, այլև անձամբ Վլադիմիր Իլյիչ Ուլյանովից անվարձահատույց ստացավ 10 մլն. ռուբլու (դա համարժեք էր մոտավորապես 7 տոննա ոսկուն), հաշվին զինած ու հանդերձավորած իր հրոսակներին նախ ուղղեց Կիլիկիա, Մարաշ, Զեյթուն, ուր զոհվեցին 50 հազար հայեր, ապա Զմյուռնիա (Իզմիր)՝ 25 հազար հայեր և վերջապես Արևելյան Հայաստան, ուր զոհերի թիվը 100 հազարից ավելին էր։ Հարկ է անպայման ավելացնել, որ Արևելքի ժողովուրդների պաշտպան այդ ջատագով «ադեպտը» 1921-ի վերջին նախ ոչնչացրեց Թուրքիայի համայնավարների (կոմունիստների) առաջնորդ Մուստաֆա Սուբխուն և մյուս ղեկավարներին (նրանց մորթեցին և դիակները նավակներից ծովը նետեցին), ապա և օրենքից դուրս հայտարարեց նրանց կուսակցությունը։ Հետաքրքիր է, թե այդ դառը հաբը Վլադիմիր Իլյիչը ինչպես կուլ տվեց։

Անդրադառնանք Հայաստանի մյուս հարևանին։ Պարսկաստանի տիրակալ Ֆեթհ-Ալի շահը ռուս ականավոր գրող, դիվանագետ և հայության անկեղծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովին Թեհրանի ռուսական դեսպանատան կամարների տակ պարսիկ խաժամուժի կողմից տանջամահ անելու հետ կապված քաղաքական ու դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու, և 1827-28 թթ. պատերազմի համար Ռուսաստանին վճարվելիք ռազմատուգանքի չափը նվազեցնելու նպատակով, շատ թանկարժեք նվերներով Պետերբուրգ ճանապարհեց իր թոռանը՝ արքայազն Խոսրով-Միրզային։ Ընդ որում շահի նվերների թվում էր նաև 90 կարատանոց (գրեթե 45 գրամ) հռչակավոր «Շահ», գրեթե չմշակված, ուղղանկյունաձև ալմաստը, որը մինչև օրս էլ պահպանվում է Մոսկվայի Կրեմլի «Ալմաստե ֆոնդում»։ Նիկոլայ I-ը խոստացավ մոռանալ դեսպանի հետ կապված դեպքը և ավելին, գրեթե մեկ միլիոնով կրճատեց ռազմատուգանքի չափը։

Քննարկենք Թուրքիայի ու Պարսկաստանի առայժմ վերջին համատեղ դիվանագիտական ձեռնածությունը։ 1932թ.-ին հունվարի 23-ի կրկին Մուստաֆա Քեմալի աճպարարության արդյունքում կյանքի կոչված Թեհրանի կոնվենցիայով Թուրքիան ու Պարսկաստանը իրականացրին տարածքային փոխանակություն, որի շնորհիվ Թուրքիան ստացավ իր երազած, ավելի շուտ փափագած սահմանը Նախիջևանի հետ։ Պարսկաստանը չկարողացավ նախատեսել, որ տարածքային այդ պարզ փոփոխության տակ Թուրքիան հետագայում ռազմական հակամարտությունը (էսկալացիան) այդ ռեգիոնում սրելու մեծ հնարավորություն է ունենալու, որի առաջին զոհերից մեկը Հայաստանի հետ միասին կարող է դառնալ նաև ինքը։ Թուրքիայի այն հիմնավորումը, թե պարսկական այդ տարածքում էին կենտրոնանում քրդական անջատողական ռազմական ուժերը, քննադատության չի դիմանում։ Այդպիսով, Թուրքիա-Նախիջևան սահմանն այլևս ոչ մի միջանցքի կարիք չուներ, այն դարձավ մեկ միասնական։ Համաձայնագրի շնորհիվ Թուրքիային անցավ Արարատ լեռանը հարող ողջ տարածքը, իսկ Վանի մոտ գտնվող Կորուտ գյուղը իր շրջակայքով անցավ Իրանին։ Ընդ որում, ինչպես և սպասելի էր, Պարսկաստանին անցած թուրքական տարածքները շատ ավելի մեծ էին, քան Թուրքիային անցած իրանականները։ Հիրավի, «առատաձեռն» թուրքերի գերագույն նպատակը բնավ քրդական ռազմական կայանների վերահսկումը չէր, այլ Նախիջևանի հետ միասնական, անարգել սահմանի ձեռքբերումը՝ շատ հեռուն գնացող պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին։ Այն է. Զանգեզուրի միջանցքի հարցը լուծելով, նախ Ադրբեջանի, ապա նաև միջինասիական, հիմնականում թուրքական ծագում ունեցող բնակչությամբ երկրների՝ Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, հետագայում մինչև Ղազախստան, հազարավոր կիլոմետրեր ձգվող թուրքական սահմանի ձևավորումը և դրանով իսկ Վոլգա, Ուրալ, ընդհուպ մինչև Սիբիրի տափաստաններ (իրենց նախնիների հայրենիքը) տարածվող միասնական թուրքական պետության ստեղծումը։

Անդրադառնանք մեր օրերին։ Այն դեպքում, երբ ողջ աշխարհի առաջադեմ մարդկությունը Հայաստանում և ամենուր 2015թ.-ի ապրիլի 24-ին նշում էր Հայոց մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցը, իր հարգանքի տուրքը մատուցելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիան կրկին ցույց տվեց իր գայլային (ըստ թուրքական լեգենդի մոխրագույն գայլը սիբիրյան տափաստաններում նրանց նախահորը փրկած ու մեծացրած տոտեմն է) էությունը։ Նրա հակահայկական դիվանագիտության ցայտուն վկայությունը դարձան նույն 2015թ.-ի ապրիլի 24-25-ին, այսինքն, Հայոց Եղեռնի միջոցառումներին հակադարձվող, Ստամբուլում կազմակերպված շատ մեծ և ճոխ հանդիսությունները, որոնք նվիրված էին Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Գալիպոլիի ճակատամարտում Անտանտի երկրների դեմ թուրքական հաղթանակին։ Հանդիսություններ, որոնց ներկա էին ավելի քան 20 երկրների կառավարությունների ղեկավարներ, սկսած Իլհամ Ալիևից և վերջացրած...գահերեց արքայազն Չարլզով, արքայազն Հարրիով, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի կառավարությունների ղեկավարներ Թոնի Էբոթով ու Ջոն Քիով։ Այո, նախկին սուպոստատները դարձել էին մերձավոր դաշնակիցներ, քանզի շահերը, ռազմական ու քաղաքական ծրագրերն էին փոխվել ի վնաս Հայաստանի ու հայության։ Սակայն, առավել ցնցողն այն հանգամանքն է, որ վերոհիշյալ ճակատամարտը տեղի էր ունեցել ոչ թե 1915թ.-ի ապրիլի 24-25-ին, այլ... (հուսամ շատ խոր շոկ չեք ապրի) 1915թ.-ի փետրվարի 19-ից մինչև 1916-ի հունվարի 9-ը։ «Դե եկ վարդապետ ու մի խենթացիր»։

Ամփոփելով այս փոքր-ինչ տարօրինակ պատմական ու դիվանագիտական համատեքստերին նվիրված էքսկուրսը, անդրադառնանք նաև բնական մի համաղետի, որը մեկ անգամ ևս ապացուցեց «հայերի բախտը» արտահայտության գոյության իրավունքը։ Խոսքը 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Հայաստանի, Սպիտակի երկրաշարժի մասին է, որի արդյունքում զոհվեց 25 հազար և անօթևան մնաց 400 հազար մարդ։ Դառն համեմատության համար հարկ է նշել, որ գրեթե նույն ուժգնության 1966թ.-ի ապրիլի 26-ի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի երկրաշարժի պատճառով զոհվեց ընդամենը 10 մարդ և գրեթե 300 հազարը դարձան անօթևան։ Զոհերի աննշան, սակայն անօթևան մնացածների հսկայական, Սպիտակի հետ համադրելի թիվը բացատրվում է մի շարք պարզ պատճառով՝ Տաշքենդի նախաերկրաշարժյան ժամանակաշրջանի ճարտարապետության առանձնահատկությամբ՝ կավաշեն, 1 կամ 2 հարկանի տների հսկայական քանակությամբ։ Տաշքենդի երկրաշարժից հետո Մոսկվայի կենտրոնական իշխանությունների առաջադրանքով նրան տրամադրվեց ահռելի մեծ ֆինանսական ու տնտեսական օգնություն և՛ կենտրոնից, և՛ միութենական բոլոր հանրապետություններից։ Ազգային մյուս հանրապետությունների համատեղ ջանքերով կառուցվեց միանգամայն նոր, գեղեցիկ և միութենական յուրաքանչյուր հանրապետությանը բնորոշ ճարտարապետությամբ Տաշքենդ, որը բացարձակապես համեմատելի չէր նախկին 40-50%-ով կավածեփ Ուզբեկստանի մայրաքաղաքի հետ [Այդ աղաղակող հակադրությանը անձամբ եմ ականատես եղել 1987-ին՝ Տաշքենդ այցելության ընթացքում]։

Մինչդեռ 1988-ի դեկտեմբերի 7-ի Հայաստանի Սպիտակի երկրաշարժից ընդամենը տարի ու կես անց, մինչև խորհրդային ահռելի բյուրոկրատական մեքենան տեղից կշարժվեր, ԽՍՀՄ-ը փլուզվեց և, բնական է, որ մոսկովյան կենտրոնական իշխանությունների կողմից խոստացված օգնությունը, բառիս բուն իմաստով հօդս ցնդեց։ Հայության բախտը նորից չբերեց։

Վահագն Թովմասյան
Լոս Անջելես

Ամենաընթերցված

×
Gallery Image