Ինչո՞ւ են նորմալ երկրներում ամեն ինչ անում, որ համակարգերը, ինստիտուտները կայանան, որ հակակշռումների մեխանիզմներ գործեն, որ իշխանության թեւերի տարանջատում լինի: Նրա համար, որ երկրի ղեկին հայտնված մարդը չկարողանա ավերածություններ անել, իր տրամադրությամբ, ճաշակով, քմահաճույքներով կառավարել երկիրը: Որ ինքը չդառնա երկրում արդարադատություն իրականացնողը, մարդկանց ճակատագրեր որոշողը: Որ պատգամավորը մանդատից զրկվի օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե հրապարակավ մարդու ականջ ու լեզու կտրելու սպառնալիք հնչեցնողը, մարդու վրա թքողը ներվեն, իսկ խորհրդարանում չափն անցած չինովնիկին «արա» բառով դիմողը պատժվի: Որ դատավորներն իրենց պաշտոնից չզրկվեն երկրի ղեկավարի թիրախը դարձած մարդուն չպատժելու համար, այլ պատժվեն անմեղ մարդկանց կալանավորելու, քաղաքական նկատառումներից ելնող, կոռուպցիոն շարժառիթներով դատավճիռներ արձակելու համար:
Որ ոլորտի կառավարումը ձախողած պաշտոնյան հեռանա կոնկրետ չափանիշներին չբավարարելու համար, այլ ոչ թե նախընտրական շոուների շրջանակներում կամ` որովհետեւ թիվ 1 պաշտոնյայի անօրինական հրահանգը չի կատարել: Որ առաջ քաշվեն եւ բարձր պաշտոններ ստանան ոչ թե կամակատարներն ու քծնողները, անողնաշարներն ու ստորաքարշները, այլ իրապես գիտելիք, փորձ, սեփական կարծիք ունեցող մարդիկ, որոնք նաեւ ընդունակ կլինեն կամովին հրաժարական տալու, որովհետեւ այդ պաշտոնը չի լինի երկնքից ընկած մանանա, այլ նրանք կկարողանան միշտ գործ գտնել եւ փող աշխատել: Վերջապես՝ համակարգերը պետք է գործեն, որ հնարավոր լինի իրականության ու չափի զգացումը կորցրած մարդու ձեռքը բռնել, երբ նա վտանգավոր դառնա իր երկրի ու նրա ճակատագրի համար, երբ փորձի ինքնուրույն որոշել մի ողջ ժողովրդի ու պետության ապագան: