Դատական պրոցեսներով լրատվամիջոցներին խեղճացնելու պրակտիկան ընդունված երեւույթ է մեզանում։ Իշխանությունը, տարբեր օլիգարխներ ու անհատ գործիչներ կարծում են, թե մի քանի դատական հայց կներկայացնեն լրատվամիջոցի դեմ, մեծ գումարներ կծախսեն փաստաբաններ վարձելու վրա եւ կփակեն մեր բերանը, կվախեցնեն, կստիպեն իրենց չանդրադառնալ, անդրադառնալիս էլ միայն դրական կամ զգուշավոր արտահայտվել։ Բայց եթե նրանք շատ փող եւ փոքր խելք ունեն, լրագրողները քիչ փողով, խելացի վարքագծով, իրենց ընկեր փաստաբանների միջոցով այդ դատական գործերում հաղթելու մեծ փորձ են կուտակել։ Օրերս «Հրապարակը» մի քանի դատական գործով ավարտել է պայքարը՝ գրեթե բոլորը մեզ համար շահեկան վերջաբանով։
Ամենաուշագրավը 10 տարվա տեւողությամբ մի հայցի քննությունն է, որտեղ դատարանն արձանագրել է «Հրապարակի» եւ հրապարակման հեղինակ լրագրողի՝ Շուշաննա Գրիգորյանի հաղթանակը։ Հրապարակումը եղել է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին, հայցը դատարան է ներկայացվել 2014 թ․ հունիսի 5-ին, բայց դատարանը վաղեմության ժամկետ չի կիրառել, այլ քննել է այն։ Հայցվորը վանաձորցի ուսուցչուհի է, որը հետեւողականորեն անցել է բոլոր ատյաններով՝ մի քանի անգամ։ Այս չարչրկված հայցը մի քանի անգամ բավարարվել է, ապա՝ բեկանվել, եւ ընդամենը վերջերս դատարանը որոշել է մերժել հայցը եւ անգամ փոխհատուցում է նշանակել՝ հօգուտ պատասխանողի։
Հաջորդ գործն ավելի ուշագրավ է․ հայցվորը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունն է, որի տնօրեն Նարեկ Նալբանդյանը ՔՊ-ի սրտի նորաթուխ օլիգարխներից է։ Նրա հարկային մեքենայությունների մասին «Հրապարակի» հոդվածից հետո Նալբանդյանը դիմել էր դատարան՝ մեծ գումար պահանջելով «Հրապարակից», ինչպես նաեւ հայցի ապահովման միջոց կիրառելու՝ մեր գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու միջնորդությամբ։
Մի քանի անգամ հայցադիմումը վարույթ չընդունելուց եւ դատարանի կազմի փոփոխությունից հետո, երբ սկսվեց հայցի քննությունը, սպասվում էր, որ հայցվորը հետեւողական կլինի իր հայցի քննության ուղղությամբ, սակայն ինչ-որ պահից Նալբանդյանի եւ նրա ընկերության ներկայացուցիչները դադարեցին ներկայանալ նիստերին, եւ դատարանը հայցը թողեց առանց քննության՝ «Հրապարակի» ծախսերի փոխհատուցման պարտավորություն դնելով հայցվորի վրա։ Թե ինչու հայցվորը հրաժարվեց հայցից՝ գուցե հասկացա՞վ, որ, ի վերջո, պարտվելու է, գուցե հոգնե՞ց դատական կարգով մեր հրապարակումը վիճարկելուց, չգիտենք։ Պարզապես նշենք, որ այս ընթացքում մեր հրապարակումը հաստատող նոր փաստեր էինք ձեռք բերել, որոնք պատրաստվում էինք ներկայացնել դատարան՝ ապացուցելով, որ մենք անգամ մեղմ ենք գրել այն ամենի մասին, ինչ կատարվել է այդ ընկերության կողմից, սակայն հայցվորը մեզ զրկեց դրանք դատարանում հրապարակելու հնարավորությունից։
Այս ընթացքում իր ներկայացրած հայցից հրաժարվեց նաեւ Ուկրաինայում դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որին ընդառաջելով՝ մենք հանեցինք նրան վերաբերող հրապարակումը մեր կայքից։ Եվ զիջեցինք միայն այն պատճառով, որ դատական պրոցեսին մասնակցությունը մեզնից եւ մեզ օգնող փաստաբաններից (Միքայել Ահարոնյան, Լեւոն Բաղդասարյան, Դավիթ Դանիելյան) մեծ ժամանակ է խլում։
Եվ մի զավեշտական քննության մասին էլ․ ԱՆԻՖ կոչվող հիմնադրամը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը», որտեղ տիրող անթույլատրելի վատնումների, բարձր աշխատավարձերի, անհեռանկարային ու ձախողված ծրագրերի մասին մենք տասնյակ հրապարակումներ ենք արել, մեր դեմ 4 հայց էր ներկայացրել, որոնցից երկուսն ավարտվել է «Հրապարակի» հաղթանակով։ Թվում է, թե ԱՆԻՖ-ն այլեւս չկա՝ լուծարվել է, եւ այս խայտառակ պրոյեկտի ու պետությանը պատճառված՝ միլիարդների հասնող վնասների մասին քրեական գործերը պետք է ստիպեին հրաժարվել ճշմարտությունը ժամանակին ներկայացրած լրատվամիջոցներից, եւ մենք պետք է արդեն իմանայինք, թե ով է Հայաստանին նման խոշոր չափերի վնաս պատճառողը, սակայն օրերս գրություն ստացանք դատարանից, որ ԱՆԻՖ-ի հայցադիմումն ընդդեմ «Հրապարակի» նորից վերադարձվել է առաջին ատյանի դատարան՝ քննության։ Մնում է պարզել, թե ով է ներկայանալու հայցվորի կողմից, եւ ինչ է նա ասելու դատարանում, երբ մեր հրապարակումները մարգարեական ճշգրտությամբ հաստատվել են։