Հայկական վավերագրական կինոն պաշտոնապես հիմնադրվել է 1924 թվականին։ Մինչ այդ Հայաստանում, ինչպես նաեւ նրա սահմաններից դուրս, եղել են որոշ վավերագրական կինոնյութեր, որոնք ներկայացրել են ժողովրդի կյանքն ու կենցաղը։ Առաջին հայկական կինոժապավենը կարելի է համարել 1910 թվականին Ամենայն հայոց Մատթեոս Իզմիրլյան կաթողիկոսի հուղարկավորության վավերագրությունը Սբ Էջմիածնում, նկարահանումներ են արվել նաեւ Ռոստովում, Արեւմտյան Հայաստանում։ Սակայն դրանք հայության առանձին հատվածների կամ անհատների կյանքի ու գործունեության մասին էին, իսկ առաջին հայկական վավերագրական կինոնկարը, ինչպես գրում է Գ․ Փաշայանն իր «Հայ վավերագրական կինոն․ պատմության էջեր» հոդվածում, «Խորհրդային Հայաստանն» էր՝ նկարահանված Չուբարի, Դզնունու եւ Ֆոլյանի սցենարով, Հայաստանի «Պետֆոտոկինո»-ի մի խումբ օպերատորների կողմից։
Կինոնկարը նվիրված էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման չորրորդ տարեդարձին։ Ֆիլմը, հասկանալի է, ուներ ընդգծված գաղափարական-քաղաքական բնույթ եւ ներկայացնում էր խորհրդային իշխանության ժամանակ վերածնվող Հայաստանը։ Եվ առաջին անգամ փորձ էր արվում առկա օբյեկտիվ իրականությունը մեկնաբանել գեղարվեստական-պատկերային միջոցներով։ Առաջին փորձը, կարելի է ասել, հաջողված էր, եւ հայ կինովավերագրողները ձեռնամուխ են լինում նոր վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։ 1924-26 թվականներին նկարահանվում են «Ա․ Մյասնիկյանի, Գ․ Աթարբեկյանի եւ Ս․ Մոգիլեւսկու հուղարկավորությունը», «Երեւանի ջրհեղեղը» եւ «Դավալուի փախստականների տեղավորումը» ֆիլմերը։ Ուշագրավ է այն, որ առաջին վավերագրական կինոնկարները չունեին ռեժիսորներ, միակ ստեղծագործող անձը օպերատորն էր, որը նկարահանումն իրականացնում էր ըստ սցենարի։
Սակայն 1926-ին հայկական վավերագրական կինոյում հայտնվում է նաեւ ռեժիսորը՝ ի դեմս Համո Բեկնազարյանի, որն օպերատոր Ա․ Յալովոյի հետ նկարահանում է Լենինականի 26 թվականի երկրաշարժի հետեւանքները։ Դրանից հետո արդեն ռեժիսորը դառնում է մշտական ֆիգուր հայկական վավերագրական կինոյում։ Հայկական կինոարդյունաբերությունը հենց առաջին քայլերից հաջողություններ է գրանցում։ Պաշտոնական զեկուցագրերից հայտնի է, որ այն ժամանակվա 2 կինոնկար՝ «Նամուսն» ու «Զարեն», խորհրդային պետության կինոտարածքում առաջին տեղում են եղել, իսկ «Հայկինոն» կարեւոր դիրք է զբաղեցրել խորհրդային կինոարտադրող ձեռնարկությունների շարքում։ Այս հաջողության մեջ, իհարկե, անուրանալի էր Համո Բեկնազարյանի եւ օպերատոր Ա․ Յալովոյի ներդրումը։ Ընդ որում, արխիվային զեկուցագրերից պարզ է դառնում, որ խորհրդահայ կինոն ոչ միայն գաղափարական-քարոզչական գործիք է եղել ժամանակի իշխանությունների ձեռքին, այլ նաեւ ապահովել է զգալի եկամուտ։ 1927-ին արդեն «Հայկինոն» ուներ սեփական արտադրության 63 կինոնկար, ամենահայտնիները «Զարեն» ու «Խորհրդային Հայաստանն» էին։ 1930-ականներին արդեն Հայաստանում կինոարդյունաբերությունը ծաղկում էր՝ կար լավ սարքավորումներով կինոստուդիա, ընդարձակ նկարահանման հարթակներ, հագեցած անհրաժեշտ սարքավորումներով։ Առաջին հայկական ֆիլմը «Նամուսն» էր, վերջին հայկական համր կինոն՝ «Գիքորը»։
1935-ին էկրան բարձրացավ «Պեպոն», իսկ 36-ին «Հայկինոն» միակն էր, որն աշխատում էր սեփական ձայնատեխնիկական բազայի հիմքի վրա։ Այդ ժամանակ էլ սկսվեցին «Տաթեւի բերդը», «Խորհրդային Հայաստանի քսաներորդ տարեդարձը», «Բժիշկ Դավթյան», «Ղուկաս» եւ, ի վերջո՝ «Զանգեզուր» կինոնկարների նկարահանումները։ Այս շրջանում նաեւ թրծվեց կադրային բազան, ձեւավորվեց հայկական ազգային կինոմտածողությունը։ Հայաստանի խորհրդայնացման 10-րդ տարեդարձի առիթով 1930 թվականին թողարկվեց Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» կինոժապավենը, որտեղ ներկայացվեցին ՀԽՍՀ 10-ամյա ձեռքբերումները։ Այստեղ ամեն բան կա՝ ե՛ւ վավերագրական կինո, ե՛ւ խաղարկային կինոյի տարրեր, ե՛ւ դերասանների մասնակցությամբ բեմականացումներ։ Այս ճանապարհով հայ կինովավերագրողները հետագայում նաեւ սկսեցին իրականությունը ներկայացնել այլաբանական պատկերային կերպով։ Նրանք նաեւ Հայրենական պատերազմի ժամանակ ռազմաճակատներում էին նկարահանումներ կատարում՝ ցույց տալով հայկական զորախմբերի գործողությունները Կերչում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թողարկվել է «Խորհրդային Հայաստան» կինոհանդեսի 54 համար, նկարահանվել է 7 լիարժեք վավերագրական կինոնկար։ Հայ կինովավերագրողների նյութերը ներառվում էին նաեւ համամիութենական կինոխրոնիկաներում եւ կինոհանդեսներում։ Երեւանյան ստուդիայի կողմից թողարկվել էին նաեւ կարճամետրաժ վավերագրական ժապավեններ, որտեղ օգտագործվել էին ռազմաճակատային խրոնիկայի կադրեր։
Մշակույթ
Առաջին վավերագրական ֆիլմերը չունեին ռեժիսոր, օպերատորն էր հեղինակը
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯