Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ սյունեցիների կողմից Փաշինյանին ուղղված հայհոյանքները առաջին հերթին ուղղված են եղել ոստիկաններին: Ոստիկանապետ Վահե Ղազարյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել այս հայտարարույթունը, արդյոք այդ հայհոյանքները ուղղվա՞ծ են եղել ոստիկաններին, արդյոք ինքը՝ լինելով ոստիկանապետ, համաձա՞յն է պատգամավորի այս ձևակերպմանը։ Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․
«Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ուստի քաղաքական գործիչների հայտարարությունները չի մեկնաբնում, և պարզաբանում է միայն ոստիկանության պաշտոնյաների ու ծառայողների գործողություններն ու հայտարարությունները։ Հավելենք նաև, որ ոստիկանությունը ցանկացած իրավիճակում գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»,- պատասխանել են ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ մեկնաբանել է քաղաքական գործիչների հայտարարություններն ու մամուլի հրապարակումները։