Մուտիտներ, կրուտիտներ, մանիպուլյացիաներ, իմիտացիաներ...ինչքա՜ն նոր կամ նորովի ընկալվող բառեր հայտնվեցին մեր լեքսիկոնում 2018 թվից հետո, որոնցով բնորոշում ենք իշխանության մեջ գտնվողների վարքն ու բարքը: Իհարկե, բոլոր իշխանություններն էլ սիրում են խաբել իրենց ժողովրդին, ձեւացնել, թե քրտնաջան աշխատում են, կերակրել սուտ խոստումներով եւ կեղծ արդարացումներ գտնել, թե ինչու են ձախողել երկրի կառավարումը, բայց 2018-ից հետո հաստատված իշխանությունն այս հարցերում անզուգական է, անգերազանցելի: Ասենք, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Շուշին թշնամուն հանձնելը եւ 1990-ից առաջ Շուշիում բնակված ադրբեջանցի «փախստականների» վերադարձը թույլատրելու մեջ ոչ մի «տարբերություն» չկա:
Կամ` ո՞վ կսպասեր, որ հայկական սահմանի այս կողմում գտնվող ինչ-որ մի սարի համար կռվել պետք չէ, քանի որ այն ձյունոտ, չօգտագործվող սար է: Կամ` կարո՞ղ էիք ենթադրել, որ թշնամուց բխող վտանգը կարելի է չեզոքացնել ծառեր տնկելով: Այսինքն, ջայլամի պես գլուխդ մտցնում ես ավազի մեջ եւ թշնամուն չես նկատում: Իսկ ի՜նչ հնարամտություն է դրսեւորում այս իշխանությունն ընդդիմությանը վարկաբեկելու համար` անգամ 20-ամյա պատանիներին «նախկին» անվանելով ու նրանց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ կապելով: Եվ երբ այդ «կապերն» սկսում են այլեւս չաշխատել, նոր «հրեշներ» են գտնվում` հանձին Ռուսաստանի, որը, ճիշտ է` Արցախում չկարողացավ ոչինչ անել, քանի որ զբաղված էր Ուկրաինայում պատերազմելով, բայց, այ, Հայաստանում հականիկոլական պայքար է գեներացնում` ֆինանսավորում, կազմակերպում, գործակալներ ուղարկում: Եվ այնքան կրեատիվ են այս քարոզչությունն իրականացնում, որ գլխավոր թշնամու` Ադրբեջանի դեմ այդքան բացասական էներգիա չի կուտակվում, որքան Ռուսաստանի: