Քաղաքականություն

Եթե անգամ Հայաստանն Ադրբեջանից գազ ներկրի, սակագնային քաղաքականությունը թելադրելու է «Գազպրոմը»

Եթե անգամ Հայաստանն Ադրբեջանից գազ ներկրի, սակագնային քաղաքականությունը թելադրելու է «Գազպրոմը»

Անցած շաբաթ դաշտ նետվեց Հայաստանին ադրբեջանական գազ մատակարարելու հնարավորության թեման` «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումից ու խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», իհարկե։ Միանգամից հնչեցին ՔՊ-ականների դրական արձագանքները․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «շատ լավ բան» համարեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, իսկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, թե «Հայաստանի կամ որեւէ այլ երկրի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը, պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն ու ամենաշահավետն է»: 

Հաշվի առնելով Տավուշում միակողմանի զիջումներն ու այն, որ հանձնվող բնակավայրերով է անցնում Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը, կարող ենք ենթադրել, որ գազային թեման հենց այնպես չեն «փչում»։ Թեեւ իշխանությունը հայտարարում է, որ այս փուլում Ադրբեջանի հետ գազի հարցով որեւէ քննարկում, պայմանավորվածություն չկա, չի բացառվում, որ հետագայում «հող՝ գազի դիմաց» թեզը զարգացնեն։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը համոզված է՝ Ադրբեջանից գազ գնելու կեղծ թեզն Ալիեւն օրակարգ է բերել ՀՀ իշխանության հետ համաձայնեցված։ 

«Դա բացարձակ կեղծիք է։ Նախ, Ադրբեջանը գազ արդյունահանող երկիր է, սակայն նրա գազի առյուծի բաժինը՝ երկու երրորդը, պատկանում է այնտեղ ներդրում արած ընկերություններին՝ առաջին հերթին «Բրիթիշ Փեթրոլիումին» եւ մյուս նավթագազային խոշոր ընկերություններին։ Մեկ երրորդը մաքուր ադրբեջանական գազն է, որը նա կարող է տնօրինել, բայց Ադրբեջանը շատ մեծ պարտավորություններ ունի Արեւմուտքի եւ Թուրքիայի առաջ, որոնք ադրբեջանական գազի հիմնական սպառողն են։ Ադրբեջանը տարեցտարի պետք է ավելացնի գազի արտադրությունը՝ այդ պայմանագրերը կատարելու համար։ Նա գազ չունի Հայաստան մատակարարելու համար, ավելին` այս պահին իր երկրի ներսում գազի դեֆիցիտ ունի, որը ստիպված ներմուծում է Ռուսաստանից։ Լինելով նաեւ Վրաստանի գազի մատակարարը, Ադրբեջանը չի կարողանում նույնիսկ նրա պահանջարկը բավարարել, եւ Վրաստանը եւս ստիպված է գազ ներմուծել Ռուսաստանից»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում բացատրում է Արմեն Մանվելյանը։ «Այսօր մենք բավարարում ենք Վրաստանի գազի կարիքների գրեթե 100%-ը։ Մատակարարման ծավալները տարեցտարի ավելանում են եւ, կարծում եմ, հասել են 3 միլիարդ խորանարդ մետրի։ Հաշվի առնելով, որ Վրաստանի համար գազի գինը շահավետ է եւ արտոնյալ, Հայաստանը նույնպես կկարողանա ադրբեջանական գազ գնել»,-հայտարարել էր Ալիեւը, ըստ Մանվելյանի՝ ստելով։ «Եթե նախկինում Վրաստանը փոքր ծավալներով էր գազ ներմուծում Ռուսաստանից, հիմա մեծացրել է, որովհետեւ Ադրբեջանը չի կարողանում բավարարել այդ պահանջմունքը, այնպես որ՝ այդ թեման կեղծ է։ Վրաստանը տրանզիտ երկիր է, Ադրբեջանից դեպի Թուրքիա գնացող գազի մի մասը մնում է Վրաստանին՝ վճարի դիմաց, դրա հաշվին վրացիները կարողանում են մի փոքր էժանացնել, հետեւաբար, կեղծ է նաեւ մատչելի գազի թեզը»,- ասում է նա ու հիշեցնում, որ, օրինակ, իր մեծ եղբայր Թուրքիային Ադրբեջանը գազ է մատակարարում մոտ 290-300 դոլարով, մինչդեռ Հայաստանը ռուսական գազն ստանում է 175 դոլարով։ Այս ամենի կողքին, տեխնիկական հնարավորություն էլ չկա՝ ադրբեջանական գազը Հայաստան ներմուծելու համար։ ««Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, եւ Հայաստան մտնող գազամուղները նրա սեփականությունն են։ Ժամանակին կար Ղազախից Տավուշով անցնող գազամուղ, որը վաղուց, որպես ենթակառուցվածք, ոչնչացված է»։

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ «Հրապարակ»-ին ասում է՝ գործող իշխանությունը Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրն է մատնանշում, մինչդեռ Հայաստանի գազատրանսպորտային համակարգն առավել քան դիվերսիֆիկացված է։ «Հայաստանը փոքր շուկա է, որի տարեկան պահանջարկը լավագույն դեպքում 2,5 միլիարդ խմ գազ է կազմում, եւ մենք ունենք երկու միջպետական գազամուղ՝ Վրաստանով եկող հյուսիսային գազամուղը եւ Իրան-Հայաստանը, որի տարեկան թողունակությունը 2,3 մլրդ խմ գազ է, բայց որից, այս պահի դրությամբ, օգտագործվում է ընդամենը 20-25 տոկոսը։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ, եթե իսկապես դրված է դիվերսիֆիկացիան խորացնելու խնդիրը, ապա մենք արդեն իսկ ունենք պատրաստի ենթակառուցվածք, որի փոքր տոկոսն է օգտագործվում, բայց, ինչպես տեսնում ենք, խոսք է գնում ոչ թե նույն Իրանի հետ էներգետիկ երկխոսության զարգացման, գազի ներկրման ծավալների ավելացման եւ դրա հետեւանքով բարտերային հայտնի գործարքի շրջանակներում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների մեծացման մասին, այլ շեշտադրվում է բացառապես ադրբեջանական գազը, ինչը դիվերսիֆիկացիայի հետ որեւէ աղերս չունի։ Սա էներգետիկ համակարգի ադրբեջանականացում է, ոչ թե դիվերսիֆիկացիա»,- բացատրում է Դավթյանը։

Մյուս հանգամանքը՝ որքանո՞վ է, առհասարակ, դա հնարավոր, եթե անգամ բոլոր աշխարհաքաղաքական ու անվտանգային խնդիրները մի կողմ դնենք, ո՞ր ենթակառուցվածքով, ո՞ր լոգիստիկայով կարող է ադրբեջանական գազը Հայաստան մտնել։ «Տարբերակ առաջին․ Վրաստանի տարածքով՝ Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ մայրուղային գազամուղով, որի փորձը Հայաստանն ունեցել է, երբ 2021թ․ մարտին Անդրկովկաս-Հյուսիսային Կովկաս գազամուղի վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով որոշ ժամանակ Վրաստանի տարածքով ադրբեջանական գազ ենք ներկրել։ Եվ երկրորդ տարբերակն այն գազամուղն է, որը գործում էր խորհրդային տարիներին։ Այս դեպքում պետք է դիտարկել Ղազախ-Երեւան գազամուղն ամբողջությամբ վերականգնելու հարցը, ինչը, իհարկե, հեռանկարային չէ՝ հաշվի առնելով, որ շուկան փոքր է, իսկ Ադրբեջանը դժվար թե նպատակահարմար գտնի այդ փոքր ծավալների համար հսկայական ենթակառուցվածք ձեւավորել, հետեւաբար, մնում է վրացական տարբերակը: Բայց անգամ եթե դա էլ կյանքի կոչվի, մի բան կա, ինչի մասին այս իշխանությունները կա՛մ մոռանում են, կա՛մ միտումնավոր չեն խոսում։ Դա այն է, որ ՀՀ ամբողջ գազատրանսպորտային համակարգը՝ ներառյալ այն մայրուղային գազամուղը, որով այդ ադրբեջանական գազը տեսականորեն կարող է մտնել Հայաստան, պատկանում է ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությանը»: Վահե Դավթյանը շեշտում է, որ եթե անգամ Հայաստանն Ադրբեջանից գազ ներկրի, միեւնույն է, սահմանից այս կողմ օպերատորը ռուսական ընկերությունն է, եւ սակագնային քաղաքականություն թելադրողը նույնպես «Գազպրոմ»-ն է լինելու, անգամ եթե Ադրբեջանը Հայաստանում դիրքերն ամրապնդելու համար դեմպինգ անի ու, ասենք, սոցիալական սակագին առաջարկի։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունը որոշել է գնալ իրական դիվերսիֆիկացիայի, ապա այն մինչեւ վերջ պետք է անի` իհարկե, եթե կարողանա։ Իսկ դա նշանակում է՝ վերանայել 2013թ․ գազային համաձայնագրերը Ռուսաստանի հետ եւ դնել ամբողջ գազատրանսպորտային համակարգի ձեռքբերման խնդիրը։ «Ես առավել քան վստահ եմ, որ ո՛չ առաջինի, ո՛չ էլ երկրորդի համար օրվա իշխանությունը չունի ո՛չ տեխնիկական, ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ քաղաքական ռեսուրս»,- նշում է մասնագետը՝ շեշտելով, որ իշխանությունների հռետորաբանությունն առավելապես ուղղված է ոչ թե ներքին լսարանին, որի որեւէ ողջամիտ ներկայացուցիչ Ադրբեջանից գազ գնելու հեռանկարը դրական չի կարող ընկալել, այլ արտաքին լսարանին եւ, մասնավորապես, Արեւմուտքին, որը տասնամյակներ շարունակ ադրբեջանական էներգետիկ համակարգի առանցքային շահառուն է։

«Չմոռանանք, որ «Բրիթիշ Փեթրոլիում»-ը տնօրինում է ամբողջ Ադրբեջանի նավթագազային համակարգի մոտ 35 տոկոսը, էլ չեմ խոսում արեւմտյան մյուս ընկերությունների մասին։ Եվ չմոռանանք, որ Արեւմուտքն այսօր խորացնում է Ադրբեջանի հետ էներգետիկ կապերը՝ հարավային գազային միջանցքով։ 2027թ․ համար պայմանավորվել են ծավալները կրկնապատկել։ Պաշտոնական Երեւանն ընդամենը փորձում է տեղավորվել այս հարացույցի մեջ՝ արեւմտյան դերակատարներին ցույց տալով, որ, ինչ-որ իմաստով, Հայաստանի էներգետիկ համակարգի դեռուսիֆիկացիա է փորձում իրականացնել»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image