«Հրապարակի» զրուցակիցը Տեր Փառեն քահանա Առաքելյանն է։
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Պարթեւ եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն էլ Հայրապետական տնօրինությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կա նախադեպ, որ Վեհափառի կողմից կարգալույծ հռչակված կամ պաշտոնից ազատված հոգեւորականները չեն հեռանում զբաղեցրած պաշտոնից, քանի որ Նիկոլ Փաշինյանի եւ ուժային կառույցների անձնական պաշտպանության տակ են։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը նույնպես չհեռանա Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից եւ, ինչպես Հայաստանում ոմանք, այնպես էլ նա, դրսում խառնակչություններով զբաղվի՝ Եկեղեցին ու համայնքը պառակտի։ Թեեւ պարզ է, որ շվեյցարական ոստիկանությունը դրան չի աջակցի:
- Թեմական առաջնորդների նշանակումները լրիվ գտնվում են Վեհափառի իրավասության ներքո, որը կատարվում է Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության համաձայն։ Ըստ դրա՝ Վեհափառն ունի իրավունք՝ թեմակալ առաջնորդներին հեռացնելու, փոխելու, թեմեր հաստատելու։ Այդ ամենն ամրագրված է Եկեղեցու կանոնադրությամբ, եւ Եկեղեցու համար նորություն չէ։ Պարթեւ սրբազանն արդեն իսկ Շվեյցարիայում թեմի առաջնորդ է նշանակվել, իսկ նախկին առաջնորդը կգնա, թե ոչ, մենք չենք կարող հստակ ասել, քանի որ, ճիշտ եք նկատում, այո, կա նման նախադեպ, որ չեն ենթարկվում Եկեղեցու կանոնադրությանը, եւ ոմանք այդպես էլ չեն հեռանում։ Ամեն դեպքում, ես այն կարծիքին եմ, որ պրոցեսները գուցե մի փոքր ձգձգվեն, սակայն Վեհափառի որոշումները, վստահաբար, արդարացվելու են թե՛ Մասյացոտնում, թե՛ Շվեյցարիայում եւ, առհասարակ, բոլոր այն վայրերում, որտեղ Վեհափառը կկայացնի որոշումներ։
- Մասյացոտնում ունենք նախադեպ, որ դատարանն ընդամենը մի քանի ժամում վճռեց՝ թեմի տիրադավ առաջնորդին պաշտոնում վերականգնել, որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց։ Ի դեպ, թեմի քահանաները մեզ հետ զրույցներում պատմում են, որ այնպիսի սպառնալիքներ են ստանում, որ անգամ վախենում են իրենց ընտանիքի անդամներին տանը մենակ թողնել․․․․
- Նախ, սկսենք նրանից, որ դատարանի որոշումն ի սկզբանե սխալ է, քանի որ, ըստ ՀՀ գործող սահմանադրության, Եկեղեցին անջատ է պետությունից։ Այդ վճռով դատարանը ոտնահարել է ՀՀ սահմանադրությունը։ Այն, ինչ կատարվում է, կատարվում է Եկեղեցու կանոնադրությամբ։ Իսկ այդ կանոնադրությունը հաստատված է պետության կողմից։ Եթե Եկեղեցու կանոնադրության համաձայն կատարվում է մի քայլ, իսկ հետո պետությունն այդ քայլի դեմ գործողություններ է կատարում, դա սխալ է եւ օրենքներին դեմ։ Եթե թեմի առաջնորդ է նշանակվում, նա, ուշ թե շուտ, իր աշխատանքը սկսելու է։ Հայր Ռուբենն այժմ այնտեղ է, քահանաների ճնշող մեծամասնությունն էլ իր կողքին է, թեմը գործում է, իսկ Հայր Ռուբենին բոլորս ենք ճանաչում, նա ուժեղ անձնավորություն է, պատրաստված հոգեւորական, որը, վստահաբար, հաջողելու է։ Ինչ վերաբերում է քահանաների դեմ ճնշումներին, որոնց մասին մենք նույնպես ստանում ենք տեղեկություններ, անցողիկ են։ Դրանք քահանաներին համոզելու անազնիվ փորձեր են, որոնք ոչ մի հաջողություն չեն ունենալու։
- Բայց ինչպե՞ս եք պատկերացնում դա, ինչպե՞ս պետք է տիրադավները հասկանան, որ Եկեղեցին այլեւս իրենց տեղը չէ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, նրանք կգնա՞ն այդ քայլին։
- Եկեղեցին միշտ ունեցել է իր ավանդույթները, կանոնները, անկախ այն բանից, թե ով է եղել իշխանության ղեկին։ Իհարկե, նրանք ունենում են որոշակի ազդեցություն, սակայն դա Եկեղեցու վրա որեւէ կերպ չի կարող ազդել, որովհետեւ Եկեղեցին իր առաքելությունն է կատարում։ Իշխանությունները ուշ թե շուտ հեռանում են, իսկ Եկեղեցին մնում է։ Հավատացյալների գերակշռող մեծամասնությունը չի ցանկանում, որ այս իրավիճակը շարունակվի։ Հավատացյալ հոտը ցանկանում է ապրել հոգեւոր, եկեղեցական կյանքով, մենք անպայման պետք է այս հանգամանքը հաշվի առնենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի ժողովրդի անդորրը չխաթարենք։ Ժողովրդին այս վայրիվերումները դուր չեն գալիս, բոլորն են տեսնում, որ այս ամենը Վեհափառը չի սկսել։ Հավատավոր հոտին այս բոլոր պրոցեսները խանգարում են։
- Տիրադավների խումբը հայտարարություն էր տարածել, որ դեմ է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին, կոչ էին արել չեղարկել այդ ժողովը։ Ի դեպ, նրանք նույնպես հրավիրված են ժողովին, որովհետեւ կարգալույծ արված չեն, չնայած դուրս են եկել Մայր Աթոռի եւ իրենց հայրապետի դեմ:
- Ժողովի հարց ո՛չ իրենք են որոշում, ո՛չ էլ մենք։ Այդ նախադեպը մեր Եկեղեցու համար նորություն չէ։ Պատմության մեջ եղել են նման դեպքեր։ Վազգեն Առաջինը 1956 թվականին Եպիսկոպոսաց ժողովը գումարել է Կահիրեում։ Եղել են եպիսկոպոսաց ժողովներ Արցախում։ Մի քանիսը չեն կարող դեմ արտահայտվել այդ ամենին, առավել եւս՝ նախկին հոգեւորականները։ Այն որոշվել է եւ կայանալու է։