Հասարակություն

Մինչ արտաքին թշնամու հետ հաշտությունից խոսելը, պարտավոր ենք ներքին հաշտեցում սկսել

Մինչ արտաքին թշնամու հետ հաշտությունից խոսելը, պարտավոր ենք ներքին հաշտեցում սկսել

Հայաստանում և սփյուռքում այսօր քիչ չեն հայրենասեր, քաղաքական ու հասարակական պատասխանատվություն կրող մարդիկ, որոնք իրավացիորեն զգուշացնում են․ եթե այս տարվա հունիսին Նիկոլի իշխող համակարգը կրկին վերընտրվի, մեր երկիրը կանգնելու է գոյաբանական վտանգների առաջ։ Նրանք խոսում են այն մասին, որ մեր պետականությունը կարող է սահել դեպի թուրքական ճահիճ, և մեկը մյուսից ավելի մռայլ ու կործանարար սցենարներ են նկարագրում։

Սակայն գոնե ես չեմ հանդիպել մեկին, ով նույնքան հստակությամբ և պատասխանատվությամբ ներկայացնի մեկ այլ հարցի պատասխանը․ ի՞նչ ճանապարհով պիտի գնանք, եթե Նիկոլը և իր՝ թշնամու հետ համագործակցող համակարգը ընտրությունների միջոցով կորցնեն իշխանությունը։ Ո՞րն է լինելու մեր բռնելիք ուղին։

Որովհետև գործող իշխանության պահպանման դեպքում վտանգներն ակնհայտ են, բայց նույնքան վտանգներով հղի կարող է լինել նաև իշխանափոխությունից հետո սկսվող շրջանը, եթե այդ ճանապարհը չձևակերպվի այսօր։
Խոսքս այն գիտակ ընդդիմադիր գործիչների մասին չէ, որոնք իրենց քաղաքական և տնտեսական հմտություններով կարող են փորձել այս պայթյունավտանգ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող մեր երկիրը հնարավորինս արագ դուրս բերել իր ընկած անդունդից և վերածել ինքնիշխան, խաղաղ ու զարգացող պետության։ Այդ ջանքերը շատ կարևոր են, բայց դրանք բավարար չեն։

Որովհետև Նիկոլի վարած ութ տարվա քաղաքականության հետևանքով այսօր ծանր հիվանդ է ոչ միայն պետությունը, այլև մեր հասարակությունը։ Հիվանդ է հանրային մտածողությունը, խեղված է մարդկանց արժանապատվության զգացումը, ստրկացած է մի լայն զանգվածի գիտակցությունը։ Այս ամենը լուրջ և երկարատև բուժման կարիք ունի։
Մինչ արտաքին թշնամու հետ խաղաղության մասին խոսելը, մենք պարտավոր ենք սկսել ներքին հաշտեցումից։ Մինչ պետական ծրագրեր ու ռազմավարություններ մշակելը, պետք է վերականգնենք նախևառաջ հասարակական համերաշխությունը։

Մեր վիրավոր Արցախը, պատերազմական վիճակում գտնվող մեր Ս.Էջմիածինը, հայրենիքից խռոված ու երես դարձրած մեր միլիոնավոր սփյուռքը. Բոլոր այս ցավերը մեկ արմատ ունեն․ մեր ներսում խաղաղության բացակայությունը։

Իրար ատող, պառակտված հասարակությամբ անգամ ամենաունակ և ամենաազնիվ իշխանությունը դատապարտված է ձախողման։ Այդպիսի հասարակությունը չի կարող երկիր դուրս բերել այն ճահճից, որտեղ ինքն է հասցրել։
Ուստի մեր ազգային բուժման, մեր արժանապատվության վերականգնման համար իշխանափոխությունից առաջ և առավել ևս՝ հետո, մեզ նույնչափ անհրաժեշտ են ոչ միայն ծրագրեր ու դեմքեր, այլ բարոյական, ազնիվ և ամենից առաջ՝ իմաստուն խոսքը տարածող քարոզիչներ:                                 

Նուբար Սերոբյան 
Նիցցա Ֆրանսիա 
1 փետրվար 2026

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image