Տարօրինակ դահիճ է հայտնվել Երեւանում՝ կատուներ մասնատող տղամարդ։ Եթե հավատանք հարեւաններին, տաքսիստ Կարեն Խ․-ն բռնում է խեղճ կենդանիներին, սատկացնում է, մասնատում մարմինները, պահում նրանց դիակները, գարշահոտություն տարածում շենքով մեկ։ Հարեւանները դժգոհ են։ Ամեն տեղ, ուր հայտնվում է Կարեն Խ․-ն, մարդիկ նրա հետ սուր կոնֆլիկտների մեջ են մտնում։ Իրավապահ մարմիններում նրա վերաբերյալ տարբեր դիմումներ կան, բայց Կարենի ձեռքը բռնող չկա։
Տարիներ առաջ նա պղծել էր ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանը, ինչի համար քրեական գործ էին հարուցել, բայց այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, արձանն էլ բարերարները վերականգնեցին։ Դեկտեմբերի 27-ին «Հրապարակը» գրել էր նրա վայրագությունների մասին` կատուների հետ կապված, Մաշտոցի 49 հասցեի բնակիչ Լուսինե Հասրաթյանի բողոքի հիման վրա։ Կինը պատմել էր մեզ եւ քննիչներին, որ Կարեն Խ․-ն մեկ ամիս առաջ է հեռացել իրենց շենքից, որ հարկադիրը խլել է բնակարանը, եւ նրան վտարելու ժամանակ բնակարանից մեծ քանակությամբ կատվի դիեր են հանել։ «Անդամահատում է կատվիկների վերջույթներն ու առանց ոտքի մնացած կատուներին նետում բնակիչների դռների առաջ, կտրում է գլուխները։ Ասել է՝ բոլորիցդ վրեժ եմ լուծելու։ Հավանաբար, հոգեբանական խնդիրներ ունի։ Չես հասկանում` ուտում է կատուներին, սպանում է»,- պատմել էր մեր զրուցակիցը` նշելով, որ շենքից վտարված անձը շարունակ գալիս է տարածք եւ ցուցադրաբար հաշվեհարդար տեսնում տարածքում ապրող կատուների նկատմամբ։
Քննիչները վկային չեն հավատացել։ Դատախազությունից հայտնում են, որ այս գործով վարույթ կա, սակայն այն սառեցված է, քանի որ Կարեն Խ․-ի հանցանքի ուղղակի ապացույցներ քննիչը չունի: Հայտնեցին նաեւ, որ օպերատիվ գործողությունները շարունակվում են։ Ասել են, որ բնակիչների ցուցմունքները բավարար չեն՝ նրան մեղադրանք առաջադրելու համար։ Այ, եթե մի բնակչի ցուցմունք լիներ, որ իշխանության որեւէ ներկայացուցչի դեմ մահափորձ են պատրաստում, անմիջապես կհավատային եւ լիքը մարդ կձերբակալեին, իսկ կատուների մասին բնակիչների պատմածը բավարար չէ:
Երեկ մեր խմբագրություն էր զանգահարել Երեւանի Գրիբոյեդովի 5 հասցեի բնակիչ Անժելա Թադեւոսյան-Գնունին եւ հայտնել, որ կարդացել է մեր հրապարակումը եւ ուզում է խոսել այս գործով, ինչպես նաեւ՝ ապացույցներ ներկայացնել։ Պարզվում է՝ կատուների դահիճն այժմ տեղափոխվել է իրենց շենք՝ Գրիբոյեդովի 5 հասցե, եւ արդեն հասցրել է իր դեմ տրամադրել այս եւ հարակից շենքերի բնակիչներին։ Նա նույն մասնատումները, ըստ բնակիչների, կատարում է իրենց տարածքում։ Նրանք ասում են, որ Կարենի տունը կատուների կառափնարան է։ Գրիբոյեդովի եւ Կոմիտասի հարակից շենքերի բնակիչները դիմել են ոստիկանություն։ Դիմումում նրանք հայտնել են, որ Գրիբոյեդովի 5 շենքի չորրորդ հարկից, որտեղ բնակվում է Կարեն Խ․-ն, մշտապես գարշահոտություն է փչում, իսկ դռան առաջ պարբերաբար հայտնվում են արնանման հետքեր։ Շենքի բնակչուհին Կարենին տեսել է մուտքի մոտ` կտրող-ծակող իրով, ինչը վախ է առաջացրել բնակչուհու մոտ։ «Բացի այդ, նշված քաղաքացին պարբերաբար գողանում է էլեկտրաէներգիա` ինչպես առանձին բաժանորդներից, այնպես էլ ընդհանուր ցանցից, ինչը հավաստվել է տեղամասային տեսուչի կողմից․․․ Նրա անփութության պատճառով տուժել է ներքեւի հարկի բնակիչը, նրա բնակարանից ջրի արտահոսքի պատճառով»,- ասված է դիմումում։ Հետաքրքիր է, որ նույն արտահոսքը տեղի էր ունեցել նրա հարեւանի տանը, երբ Կարենը դեռ չէր վտարվել ու բնակվում էր Մաշտոցի պողոտայում։
Անժելա Թադեւոսյան-Գնունին «Հրապարակին» հայտնեց, որ տղամարդը սպառնում է բնակիչներին, նրանց դեմ դիմումներ է ուղարկում իրավապահ մարմիններ, շենքի անդորրը խաթարվել է։ Մենք խորհուրդ տվեցինք միավորվել Մաշտոցի պողոտայի բնակիչների հետ, ապացույցներ ներկայացնել նոր քննիչին, որը զբաղվում է այս գործով։
ՀԳ․ Մենք քաղաքացիների բողոքի ընթացքին կհետեւենք։ Հուսանք, որ այս նոր վկայությունները ստանալով՝ քննությունը դուրս կգա «սառեցված» փուլից, իսկ քննիչը՝ սառած վիճակից։ Ի վերջո, նա իր տրամադրության տակ ունի բազմաթիվ գործիքներ, ընդհուպ խուզարկությունը եւ մարդուն հետեւելը, եւ չպետք է հույսը դնի բացառապես ականատես վկաների ցուցմունքների վրա։ Իհարկե, եթե մոլագարին պատժելու ցանկություն ունի։
ՀԳ2․ Կարեն Խ․-ին չգտանք: Նրան խնդրում ենք՝ եթե տեսնի մեր հրապարակումը, կապվի մեզ հետ։ Նրա եղբայրը՝ Ռոբերտ Խաչատրյանը, մեզ փոխանցեց, որ Կարենը բոլորի դեմ դիմումներ է ներկայացնում իրավապահներին, որ նա հոգեկան խնդիրներ ունի, որ ժամանակին կատուներ է պահել։ «Զարմանալի է, որ սպանում է։ Դրսից մի կատու էր տեսնում, տուն էր բերում»,- ասում է Ռոբերտ Խաչատրյանը։