1955 թվականի հոկտեմբերի 27-ին էկրան բարձրացավ Նիկոլաս Ռեյի «Առանց պատճառի ապստամբողը»։ Այժմ այն բազմաթիվ պատճառներով համարվում է կուլտային ժապավեն։ Առաջին հերթին՝ թերեւս այն պատճառով, որ դարձավ առաջիններից մեկը հոլիվուդյան թին-դրամաների շարքում, որն առանց գունազարդումների սկսեց ներկայացնել նրբազգաց թինեյջերական` պատանեկան տարիքին հատուկ բոլոր խնդիրները։ Երկրորդ, որ գլխավոր հերոս Ջեյմս Դինին դարձրեց 50-ականների իսկական «այքոն», թեեւ դերասանը ավտովթարում զոհվեց պրեմիերայից մեկ ամիս առաջ։ Այսօր արդեն սթրիմինգային սերվիսները գերհագեցած են թինեյջերական պատմություններով, մինչդեռ 1990-ականներին հեռուստաէկրաններին միայն «Բեւերլի-հիլզ 90210»-ն էր կամ Էլենն ու ընկերները»։ Վերջին երկու տասնամյակներին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու բրիտանական «Կաթնակերների», գլամուրային «Բամբասկոտի» ու «Վամպիրի օրագրերի» հետ։
Ավելի ուշ արդեն ի հայտ եկավ պարզունակ, բայց բավականին դետեկտիվ «Ռիվերդեյլը», բուլինգի մասին սոցիալական դատողություններ պարունակող «13 պատճառ՝ ինչու-ի մասին»-ը, սեքսուալ-լուսավորչական «Սեռական դաստիարակությունը», գերնոր «Էյֆորիան», որը դարձավ կախվածությունների հակաքարոզչական նյութ։ Խորհրդային իրականության մեջ այս ժանրին պատկանում էր Ռոլան Բիկովի «Խրտվիլակը», Կարեն Շահնազարովի «Կուրյերը», որն արձանագրում էր հատկապես սերունդների միջեւ եղած անջրպետ-անդունդը։
Շատ կարելի է խոսել թին-դրամաների, նրանց արծարծած թեմաների, առհասարակ՝ թինեյջերական խնդիրների՝ կինոյում արտացոլման մասին, սակայն ամեն ինչ, եթե անկեղծ լինենք, սկսվել է հենց Նիկոլաս Ռեյից։ Նրա համար ներշնչանքի աղբյուր է եղել թերեւս Ժերոմ Սելինջերի «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» գործը։ «Առանց պատճառի ապստամբող»-ում Ջիմմի Սթարքը՝ գլխավոր հերոս Ջեյմս Դինի դերում, ներկայացնում է իր ժամանակի հերոսին։ Ու կերպարն իրոք ստացված էր։ Պատահական չէ, որ ֆիլմի էկրան բարձրանալուց հետո խանութներից անհետացան կապույտ ջինսե տաբատներն ու կարմիր վերնաշապիկները։ Այդպես էր հագնված գլխավոր հերոս Ջեյմս Դինը՝ Ջիմմի Սքարքի մարմնավորմամբ։ Գլխավոր հերոսը ստիպված էր հաճախակի փոխել բնակության վայրը։ Այդպես վարվում էին ծնողները, որպեսզի իրենց որդուն հեռու պահեին տհաճություններից։ Սակայն անհանգիստ տղան ուր էլ որ լիներ, գտնում էր տհաճություններ ու խրվում։ Այս անգամ՝ հարբած վիճակում կռիվ է սարքում ու հայտնվում ոստիկանական բաժանմունքում։ Այնտեղ նա հանդիպում է մի աղջկա՝ Ջուդի անունով, որը երեկոյան ուշ ժամերի դուրս էր գալիս զբոսանքի եւ կասկածվում էր մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ։ Երկուսն էլ յուրօրինակ ապստամբներ էին ու միասին պետք է շատ վտանգավոր գործերի մեջ հայտնվեին, որն էլ բերում է ողբերգական հետեւանքների։