ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը մարտի 28-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում առաջարկել է միջուկային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթարդյունաբերությանը, ինչպես նաև սոցիալական ցանցում այս թեմայով սոցհարցում է անցկացրել։ Դրանից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի դեմ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Պատգամավորի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են՝ լրատվամիջոցների և պաշտոնյաների միջոցով ագրեսիվ պատերազմ վարելու բացահայտ կոչերը, ահաբեկչությունը հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ, ազգային ատելություն հրահրելը՝ ուժի սպառնալիքի և պաշտոնական դիրքի կիրառման միջոցով հոդվածներով:
Միաժամանակ դիմումներ են ուղարկվել տարբեր երկրների համապատասխան մարմիններին՝ ապահովելու համար «մեղադրյալի» անհապաղ կալանավորումը՝ այդ պետությունների տարածք մուտք գործելիս, այնուհետև արտահանձնումը Ադրբեջան՝ հետաքննության համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարում է նաեւ, որ այսուհետ օրենքով նախատեսված բոլոր միջոցները կձեռնարկվեն Ադրբեջանի ազգային շահերի, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սադրիչ գործողության առնչությամբ։
Ավելի ուշ Դելյագինը, ով կոչ էր անում ռմբակոծել Ադրբեջանի նավթաբազաները, ներողություն է խնդրել իր խոսքերի համար եւ ասել է, որ թոք-շոուի ձևաչափի պատճառով իմպուլսիվ պահվածք է թույլ տվել։ Հասկանալի է, որ Դելյագինը այս «հերքումը» տարածել էր, որպեսզի իր համար խնդիրներ չստեղծեն։ Ամենայն հավանականությամբ, նրա վրա ճնշում է եղել հենց պաշտոնական Կրեմլից, քանի որ մարտի 29-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Դելյագինի հայտարարությունները Ադրբեջանի և Ղարաբաղի վերաբերյալ չեն համապատասխանում Մոսկվայի դիրքորոշմանը.«Մենք անընդունելի ենք համարում ցանկացած նման հայտարարություն»։ Նաեւ Պեսկովն է մեկնաբանել Դելյագինի հայտարարությունը, հորդորել զսպել էմոցիաները և զերծ մնալ նման հայտարարություններից, հատկապես Ռուսաստանի այն գործընկերների հետ կապված, ինչպիսին Ադրբեջանն է։
Պեսկովն ընդգծել է, որ զգացմունքներում զսպվածություն պետք է դրսեւորել, քանի որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու և Երևանի ու Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Այստեղ են ասել.« Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը որեւէ անգամ պաշտոնապես չզսպեց Ադրբեջանի նախագահի հոխորտանքները, սպառնալիքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ, Երեւանն ու Սեւանը ադրբեջանական հայտարարելու զառանցանքներին չանդրադարձավ, սահմանին ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքը չդատապարտեց, սակայն խիստ անհանգստացել է ռուս պատգամավորի մի «անատամ» հայտարարությունից: Այսպիսի կողմնակալ վերաբերմունքը ՌԴ-ի կողմից, խորացնում է հայ հասարակության անվստահությունը իր ռազմավարական դաշնակցի եւ բարեկամ երկրի նկատմամբ: Իսկ այսպիսի հիասթափությունները կարող են ունենալ նաեւ աշխարհաքաղաքական հետեւանքներ։