Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 21-ի տեսաուղերձը, որում նա հայտնեց ՌԴ քաղաքացիների մասնակի զորահավաք հայտարարելու մասին, իսկական խուճապ է առաջացրել։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, զորահավաքում կընդգրկվեն շուրջ 300 հազար պահեստազորայիններ: Տելեգրամյան ալիքները երեկ գրում էին Պուտինի հրամանագրի 7-րդ գաղտնի կետի մասին, որի համաձայն՝ ՌԴ ՊՆ-ին թույլատրվել է զորակոչել մինչեւ 1 մլն մարդ։
Պուտինի խոսնակ Պեսկովը երեկ հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ խոսքը միայն 300 հազարի մասին է։ Երեկ ռուսական տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ մեծ թվով քաղաքացիներ դուրս են գալիս երկրից, եւ որ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին, Վերին Լարսում խցանումներ են առաջացել։ Հերթեր են գոյացել Ֆինլանդիայի, անգամ Մոնղոլիայի սահմանին: ՌԴ-ից փախչողների հոսքը, ըստ ամենայնի, կավելանա։ ՌԴ քաղաքացիների մի մասն էլ գալիս է Հայաստան։ Դա հիմնականում ռուսահայությունն է` մարդիկ, ովքեր որոշել են հայրենիքում վերապրել ծանր ժամանակները։
Երեկվանից համացանցում տարածվում է փաստաթուղթ, որտեղ նշված են Տուապսե քաղաքից զորակոչի ենթակա քաղաքացիների անուն-ազգանունները, մեծ մասը՝ հայեր։ Թեեւ բացատրվեց, որ զորակոչվողները հայկական մեկ գյուղից են: Բայց, ամեն դեպքում, լուրեր են շրջանառվում, որ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը փաստաթղթի մասին նշում է․ «Ռուսաստանի ներկայիս հայատյաց իշխանությունները ձգտում են ուկրաինական պատերազմի բեռը դնել այլազգիներից առաջին հերթին հայերի ուսերին։ Փաստորեն, խնդիր է դրված՝ զորակոչի միջոցով Ռուսաստանում նույնպես իրականացնել հայերի էթնիկական զտումներ՝ պատերազմի բոթում ցեղասպանելով ռուսաստանահայությանը։ Այդպիսին է այսօր ՌԴ իշխանության ղեկին գտնվող պերմյակովների ծրագիրը, որոնք նպատակ ունեն արդեն բարուրում վերացնել հայի սերմը»։ «Ոչ, դա կեղծ ինֆորմացիա է,- պատասխանում է ՌԴ ուժայիններին մոտ աղբյուրը,- տանում են զինվորական հաշվառման կանգնած ՌԴ բոլոր քաղաքացիներին։ Պարզապես Տուապսեում շատ հայեր կան, եւ հատկապես կոնկրետ այդ զինկոմիսարիատում են նրանք շատ»։
Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը վստահեցնում է՝ Տուապսեի փաստաթուղթը եւ այն հակառուսական տրամադրությունները, որ ոմանք հմտորեն տարածում են դրանով, հերթական հիմարությունն են։ «Ռուսաստանում էլ մարդ չկա՞, հայերից բացի, որ բոլորին Տուապսեից հավաքեն ու ուղարկեն ռազմաճակատ։ Մեկնաբանելու բան էլ չկա։ Դա բացարձակ հիմարություն է։ Ռուսաստանը հիմա ապրում է բնականոն, նորմալ կյանքով, ու այն, ինչ կատարվում է, համամարդկային արժեքների ու քաղաքացիական վերաբերմունքի շրջանակներում է այն սարսափելի սպանդը, որ Զելենսկին ու ինտրիգանների նրա շրջապատը սարքել են»։ Վիկտոր Վլադիմիրովիչը պատմեց, որ իր բարեկամներից մի կին, որը սպա է, իրավաբան, աշխատել է դատախազությունում, հայտնվել է Զապորոժիեում ու պետք է վերադառնար Միլիտոպոլի շրջան, որտեղ ունի բնակարան։ «Այսօր նա պետք է գնար, բայց նրա աչքերի առաջ շարասյունը, որն ուղեւորվում էր Զապորոժիեի մարզի ռուսական հատված, գազանաբար գնդակահարել են։ Կանայք ու երեխաները նրա աչքի առաջ վերածվել են արյունախառը զանգվածի։ Ու այս սարսափն այնտեղ ամեն օր է։ Իմ կինն ուկրաինացի է, մենք ամեն ժամ ստանում ենք տեղեկություններ Ուկրաինայից, եթե նախկինում նրանք մեզ մեղադրում էին, գազան էին անվանում, հիմա արդեն Ուկրաինայի ժողովուրդն էլ է գիտակցում, թե ինչ է իրենց հետ անում Կիեւի իշխանությունը։ Դա անում են Բայդենը, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն։ Այսօր պատերազմն արդեն Ուկրաինայի հետ չէ, այլ՝ նրանց։ Սա գաղութատիրական քաղաքականություն է։ Իսկ Հայաստանի բնակչության մի մասը, որն ԱՄՆ ձեռքերից է կերակրվում, սկսում է հակառուսական տրամադրություններ տարածել, փոխանակ մտածեն իրենց մասին, Ղարաբաղի մասին»։
Մարդիկ Ռուսաստանից հիմա զանգվածաբար հեռանում են, շատ լարված պահ է, ամեն ինչ խառնվել է իրար, գալիս են նաեւ Հայաստան։ Մոբիլիզացիայի հրամանի հետեւանքով ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել, ու հեռացողներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք չեն ուզում պատերազմ։ Մեր այս ռեպլիկին Կրիվոպուսկովը պատասխանեց, որ հեռանում են Ռուսաստանից ոգով թույլերը։ «Ում գլխին որ աղյուս է ընկնելու, նա չի խեղդվի։ Փախչել ճակատագրից՝ չարժե, անիմաստ է։ Ավելի լավ է քաղաքացիական դիրքորոշում դրսեւորել ու պաշտպանել յուրայիններին, պաշտպանել նաեւ ուկրաինացիներին, նրանք մեր եղբայրներն են, չէ՞, ի վերջո»։ Կրիվոպուսկովը հիշեցնում է, որ իսկական հայերն այս պատերազմում եղել են Ռուսաստանի կողքին։ Օրինակ, խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր հրամանատար Սերգեյ Ավագյանցը, որն այս պատերազմի առաջին հերոսներից է։