Հասարակություն

«Հրապարակ»․ Հիմա ամեն բան սպասելի է, բայց այս դեպքում քննությունը չեն կարող շարունակել

«Հրապարակ»․ Հիմա ամեն բան սպասելի է, բայց այս դեպքում քննությունը չեն կարող շարունակել

Հայաստանում ամեն բան այն աստիճան է գլխիվայր շուռ եկել, որ քննչականից շարունակ առանձնակի կարեւորություն ունեցող իրեղեն ապացույցներ են անհետանում, եւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում: Օրինակ` նախորդ տարվա մայիսին Դեղատան 3 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակվել էր որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար ԱՄՆ դոլար․ ի դեպ, սա՝ այն դեպքում, երբ «չհրկիզվող պահարանը», որտեղ պահվել է գումարը, եղել է 6-րդ հարկում: Թե ինչպես էր ենթադրյալ գողը հասել քննչականի 6-րդ հարկ եւ աննկատ գողություն կատարել, հանելուկ մնաց, բայց պարզվեց, որ գողությանը մասնակցել է քննչականի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը: 

Կիրակի օրը «Հրապարակը» գրեց, որ անհետացել է Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցը` մարիխուանայի գլանակը: Պարզվում է` այդ հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը, Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է: Այսինքն՝ քրեական գործերի կնքման, պահպանման կանոնները չեն պահպանվում:

Նախկին դատախազ, իրավաբան Րաֆֆի Ասլանյանը, մեզ հետ զրույցում խոսելով Արշակ սրբազանի գործի եւ անհետացած թմրանյութի մասին, ասաց. «Եթե պարզվի, որ իսկապես իրեղեն ապացույցն անհետացել է, ապա այդ դեպքում անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կդառնա լիովին անհիմն: Իհարկե, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամենուր ապօրինություններ են, եւ ինչ ցանկանում են` անում են, սակայն եթե մենք խոսում ենք իրավունքի տեսանկյունից` եթե չկա իրեղեն ապացույց, ապա անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության` թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար, անկախ այն բանից՝ դա իրացմա՞ն նպատակով է ձեռք բերվել, թե՞ այլ պատճառներով: 

Կդժվարանամ ասել, թե կոնկրետ ինչ ապօրինի ճանապարհներով կարող են սրբազանի դեմ գործել, սակայն, ինչպես ապօրինաբար կալանքի են տարել վերջինիս, նույնպիսի ապօրինությամբ էլ գործը կարող են շարունակել: Եթե ինչ-որ մի դեպքից միայն յոթ տարի անց անձին կալանավորում են, առանց որեւէ կալանքի հիմքի, ապա նույն գործելակերպով էլ կարող են գործի ընթացքը շարունակել, անգամ՝ երբ չկա գործի իրեղեն ապացույցը: 

Քննչականում լինում են դեպքեր, երբ, չգիտես թե ինչպես, ապացույցներն անհետանում են, հատկապես` թմրամիջոցների պարագայում: Թմրամիջոցի պահպանությունը պատշաճ կարգով չի իրականացվում, երբեմն դրանք հափշտակվում են: Քննությունը պետք է պարզի հանգամանքները: Հայաստանում, ցավոք, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամեն բան սպասելի է, սակայն, որ բանը կարող է հասնել նրան, որ իրեղեն ապացույցի բացակայության պարագայում գործին շարունակեն ընթացք տալ, փոքր-ինչ չափազանց կլինի»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image