Քաղաքականություն

Քաղաքական կոնսուլտացիաների երկրորդ արար լինելո՞ւ է

Քաղաքական կոնսուլտացիաների երկրորդ արար լինելո՞ւ է

Մամուլը բավականաչափ անդրադարձավ այն փաստին, որ դեռ ընտրությունների նախնական արդյունքների գրանցման փուլում ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի 1-ին դեմքերը մեծ հաճույքով գնացին՝ հայտարարված համերաշխության մթնոլորտում սեղմելու Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը․ ՔՈ, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Պահպանողական կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան», «Ալյանս», Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան», Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Շիրինյան-Բաբաջանյան դաշինք և Սամվել Բաբայանի Ազատական կուսակցություն։

ԱԺԲ-ն ու «5165» -ը մերժեցին։ Չգնացածներից մի մասն էլ դիմեց ՍԴ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ու «Վերելք» կուսակցություններն ընտրությունների արդյունքի առնչությամբ դիմել են Սահմանադրական դատարան։ Եվ, հետևաբար, հարց՝ քաղաքական կոնսուլտացիաների երկրորդ արար լինելու՞ է, էլի կոնսուլտացիաներ լինելո՞ւ են, թե՞ դրանք այլևս կարելի է համարել ավարտված։

Հարցն ուղղում ենք ՔՊ մամուլի խոսնակ և պատգամավորության թեկնածու Վահագն Ալեքսանյանին։ Վերջինս ասաց․ «Չեմ կարող ասել, չգիտեմ, կախված քաղաքական իրավիճակից և նաև մյուս ուժերի ցանկությունից»։ ՔՊ խոսնակին հարցրինք նաև՝ նրանց մասին, ովքեր որ չեն գնացել, կարելի՞ է ասել, որ մերժել են, թե՞ վարչապետի աշխատակազմից հրավեր չի էլ եղել։ Վահագն Ալեքսանյանը կրկին ոչինչ չի կարող ասել։ Նաև այն մասին, թե իրենք հրավերներ՝ բոլորին զանգերով, էլեկտրոնային, ուղարկե՞լ են։ ՔՊ-ան պատագամավորն առաջարկեց հարցն ուղղել խոսնակ Մանե Գևորգյանին, որն այդպես էլ չպատասխանեց։

Ներքաղաքական դիտորդներից շատերի համար կասկածելի էր Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռք մեկնելու մոտիվացիան։ Այսինքն, որ նպատակը համերաշխությունն է, համատեղ ջանքերով երկիրը այս վիճակից հանելը և կամ ընդդիմադիրների ծրագրերին ծանոթանալը։ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան․« Տպավորություն ունեմ, որ հետաքրքրված էին, այլապես ինչի՞ համար էին հրավիրում»։ Որպեսզի, օրինակ, համերաշխության կեղծ օրակարգ ու ծխածածկույթ ստեղծի։ Տիգրան Խզմալյանն այդպես չի կարծում։ Ասաց, որ, նախ, ողջ մեդիադաշտը բացասական էր արձանքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին, և, մյուս կողմից, ըստ Խզմալյանի, այդ հրավերը ռուսական կողմից պոկում անելու կամ այդ ճնշումներին այդքան չտրվելու քայլ էր։

«Եթե ուշադրություն դարձրեցիք, սկզբում բոլոր հրավիրվածները ժողովրդավարական դաշտից էին, մարդիկ, որոնք իրենց դիրքավորում էին հակապուտինյան դաշտում․ Դա և՛ Բևեռն էր՝ ԱԺԲ-ն, Հայրիկյանի ու Անդրիասի դաշինքը, և՛ Արամ Սարգսյանը, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը, և՛ մենք։ Այլ բան, որ առաջին երկուսը չհամաձայնեցին»։

Տեղեկացանք, որ բացի Նիկոլ Փաշինյանի բանավոր հրավերը, եղել են նաև զանգեր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից։ Խզմալյանին 3-4 անգամ զանգել են, մինչև որ տեղ ու ժամ են համաձայնեցրել։

Հայտնի դարձավ նաև, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Արայիկ Հարությունյանն անձամբ է զանգել, օրինակ, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանին, որը մերժել է հրավերը։  

«Մենք այդպիսի որոշում չունեինք, որ ես գնամ, հանդիպեմ։ Մենք հայտարարել ենք, որ գործով պետք է լինի, այլ ոչ թե խոսքով։ Կլինե՞ն գործեր, որոնք ցույց կտան, որ այսօրվա իշխանությունն իսկապես անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր է կատարել, կտեսնենք»։

Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի կուսակցության առաջին համար Տիգրան Արզաքանցյանին, ապա նա, ըստ Սարգսյանի, հանդիպել է որպես գործարար, որն ուներ «քննարկելու հարցեր»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image