«Հրապարակի» հարգելի խմբագիր տիկին Արմինե Օհանյան, Ձեզ կրկին գրում է ֆրանսահայ բժիշկ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Հովհաննես Էքերյանը։ Ես ուզում եմ շարունակել իմ բացահայտումների շարքը Հայաստանի առողջապահության համակարգի աշխատանքի բացասական այն կետերի վերաբերյալ, որոնք ունեն վտանգավոր եւ նույնիսկ մահաբեր հետեւանք հիվանդների համար։ Նամակը ես կարող էի հասցեագրել ՀՀ առողջապահության նախարար՝ տիկին Անահիտ Ավանեսյանին, սակայն քանի որ ձեր հրաշալի թերթի ընթերցողն եմ եւ հավատում եմ ձեր թերթի ուժին, որոշեցի ձեր էջերում հանդես գալ։
«Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության շրջանակներում տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում եմ Հայաստան՝ ինձ հետ բերելով նաեւ 4-5 ֆրանսահայ եւ ֆրանսիացի բժիշկներ։ Այցելում ենք հիմնականում Հայաստանի մարզեր, գյուղեր, որտեղ ապրում են անապահով ընտանիքներ, քանի որ նրանց համար ֆինանսապես դժվար է հասնել Երեւանի հիվանդանոցներ եւ ստանալ վճարովի բուժում։ Մեր բժշկական խորհրդատվությունների ընթացքում մեկ օրում ընդունում եւ հետազոտում ենք մոտ 50 հիվանդի, որոնք դիմում են տարբեր գանգատներով՝ կարդիոստենոզից եւ հիպերտոնիայից մինչեւ վահանաձեւ գեղձի անբավարարություն եւ շաքարախտ։ Ամեն անգամ, երբ հետաքրքրվում ենք շաքարախտով հիվանդների առողջական վիճակով՝ արդյոք կա՞ կայունացում, որպեսզի խուսափեն բարդություններից, հարցնում եմ նաեւ նրանց ընդունած դեղորայքի մասին։
Գիտեմ, որ ՀՀ կառավարությունը շաքարախտով հիվանդներին անվճար տրամադրում է հայկական արտադրության «Մետֆորմին» դեղամիջոցը։ Սակայն «Մետֆորմին» ընդունող գրեթե բոլոր հիվանդները բողոքում են, որ այն անարդյունավետ է` որեւէ փոփոխություն չեն զգում։ Քանի որ բողոքները շատ-շատ էին, որոշեցի վերցնել հայկական արտադրության «Մետֆորմին»-ի մեկ տուփ եւ տանել Ֆրանսիա՝ հետազոտության։
Հետազոտությունն իրականացվեց Փարիզի համալսարանական հիվանդանոցում (Hôpital Lariboisière), որտեղ ես աշխատում եմ։ Այդտեղ գործում է Ֆրանսիայի 3 տոքսիկոլոգիական լաբորատորիաներից մեկը՝ Կենսաբանական տոքսիկոլոգիայի ծառայությունը (Service de Toxicologie Biologique)։ Լաբորատորիայի տնօրենին ներկայացրի իրավիճակը եւ իմ կասկածները՝ դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ, խնդրելով հետազոտել դեղորայքը եւ պարզել դրա իրական բաղադրությունը։ Դեղամիջոցը հետազոտվեց ժամանակակից մեթոդներով, նույնիսկ կրկնակի ստուգում իրականացվեց՝ հնարավոր սխալներից խուսափելու համար։ Եվ ինձ տրամադրվեց եզրակացությունը։ Պարզվեց, որ հայկական արտադրության «Մետֆորմին»-ի բաղադրությունը չի համապատասխանում տուփի վրա նշված տվյալներին։ Նշված է, որ յուրաքանչյուր հաբ պարունակում է 1 գրամ մետֆորմին, մինչդեռ հետազոտության արդյունքում պարզվեց, որ մեկ հաբը պարունակում է ընդամենը 500 միլիգրամ մետֆորմին։ Այսինքն՝ նշվածից 2 անգամ պակաս՝ կես դոզա։ Հետեւաբար, դեղամիջոցը չի կարող լիարժեք արդյունավետ լինել շաքարախտով հիվանդների համար։
Տարիներ շարունակ լսելով հայ հիվանդների բողոքներն այս դեղի մասին՝ մտածում էի, որ հնարավոր է բաղադրության մեջ առկա է այլ նյութ, որը նվազեցնում է արդյունավետությունը, սակայն պարզվեց, որ այն պարզապես արտադրվում է 500 միլիգրամ դոզավորմամբ՝ տուփի վրա նշված 1 գրամի փոխարեն։ Սա լուրջ խախտում է։ Որքան գիտեմ, արդեն գրեթե 15 տարի այս դեղամիջոցն արտադրվում է Հայաստանում, սակայն չգիտեմ՝ սկզբից ի վեր նման խախտումներո՞վ է արտադրվել, թե՞ ոչ։ Ես այդ խախտման մասին տեղեկացրի ՀՀ կառավարությանը եւ ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նախարարի խորհրդականի միջոցով՝ ներկայացնելով ֆրանսիական տոքսիկոլոգիական լաբորատորիայի եզրակացությունը՝ որպես հիմնավորում։ Նախարարի խորհրդականը խոստացավ անձամբ փոխանցել տեղեկատվությունը նախարարին եւ պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնել։ Դիմեցի նաեւ Հայաստանում գործող «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը եւ ուղարկեցի փաստաթղթերը՝ ահազանգելով «Մետֆորմին»-ի բաղադրության անհամապատասխանության մասին։ Սակայն արդեն մեկուկես ամիս է անցել, եւ որեւէ պատասխան չեմ ստացել ո՛չ այդ կենտրոնից, ո՛չ էլ նախարարությունից։
Այդ պատճառով որոշեցի հանրայնացնել խնդիրը՝ խոսելով դրա մասին ձեր թերթում, որպեսզի ժողովուրդը տեղեկանա այդ խախտման մասին։ Իմ կարծիքով՝ ՀՀ կառավարության լռությունը եւ այն, որ մինչ այժմ որեւէ պատասխան չեմ ստացել, արդեն կարող է նշանակել, որ իրենք քաջ տեղյակ են այդ խախտման մասին, եւ ավելի վատ՝ հնարավոր է նաեւ, որ մասնակից են այդ գործարքին։ ՀՀ կառավարությունը, տեղյակ լինելով «Մետֆորմին» դեղի հետ կապված խնդիրների մասին, ոչինչ չփոխեց` մինչ այսօր դեղը շարունակում է արտադրվել նույն բաղադրությամբ։ Ցուցադրաբար շարունակում են գովազդել եւ գովաբանել հայկական արտադրության «Մետֆորմինը»՝ հայտարարելով, թե այն շատ է օգնում շաքարախտով հիվանդներին, եւ որ կառավարությունն այն անվճար տրամադրում է բոլոր հիվանդներին։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը չի հարգում իր ժողովրդին, եթե թույլ է տալիս նման խաբեություն։
Նշեմ նաեւ, որ եթե ՀՀ կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը ժխտեն այս խախտումը, դա կլինի երկրորդ խաբեությունը սեփական ժողովրդի հանդեպ։ Այս հետազոտության արդյունքների մեջ որեւէ կասկած չկա, հետազոտությունն իրականացվել է ամենաժամանակակից մեթոդներով եւ կրկնակի ստուգմամբ։ Երկրորդ հետազոտությամբ եւս հաստատվել է, որ հայկական արտադրության «Մետֆորմին»-ը մեկ գրամի փոխարեն պարունակում է 500 միլիգրամ, այսինքն՝ կես դոզա։ Այս խաբեության նպատակն ակնհայտ է՝ նույն հումքից երկու անգամ ավելի շատ դեղորայք արտադրել եւ վաճառել։ Գիտենք, որ Հայաստանում այն անվճար է տրամադրվում շաքարախտով հիվանդներին, սակայն իրականում այն անվճար չէ․ պետությունն այն գնում է դեղագործական ընկերությունից պետական միջոցներով եւ բաժանում քաղաքացիներին։ Այսինքն՝ մարդիկ շահույթ են ստանում դեղորայքի բաղադրության խաբեության հաշվին։ Ցավոք, այսօր Հայաստանում առաջին կրոնը ոչ թե քրիստոնեությունն է, այլ՝ փողը։
Ես առայժմ միայն այս դեղորայքն եմ ստուգել տվել ֆրանսիական լաբորատորիայում, քանի որ հիվանդների բողոքները շատ էին։ Դեռ չեն ստուգվել այնպիսի դեղեր, ինչպիսիք են «Կարդիոմագնիլ»-ը կամ «Ամոքսիցիլին»-ը, որոնք լայնորեն օգտագործվում են, եւ հիվանդներն այդ դեղերից էլ են դժգոհ։ Եվ ես գրեթե վստահ եմ, որ այդ դեղերի բաղադրության մեջ եւս կարող են լինել խախտումներ։ Իհարկե, կարող էի նաեւ այդ դեղերը ստուգել տալ, սակայն չցանկացա, որ իրավիճակն ավելի ամոթալի դառնա, եթե ֆրանսիական լաբորատորիան հաստատի, որ հայկական արտադրության մի քանի դեղամիջոց չի համապատասխանում դրանց տուփերի վրա նշված բաղադրությանը։ Չեմ ուզենա ամոթով մնալ ֆրանսիացի մասնագետների առաջ, որ ՀՀ կառավարությունը խաբում է իր ժողովրդին։
Եթե ժողովրդին կեղծ կամ անարդյունավետ դեղորայք են տրամադրում, դա ոչ միայն անօգուտ է, այլ նաեւ՝ շատ վտանգավոր։ Շաքարախտի դեպքում, եթե օրգանիզմում շաքարի մակարդակը չի կարգավորվում դեղորայքով, կարող են զարգանալ լուրջ բարդություններ, քանի որ շաքարախտն ինքնին անմիջապես չի սպանում մարդուն, սակայն չբուժվող կամ սխալ բուժվող շաքարախտի հետեւանքով կարող են առաջանալ բազմաթիվ լուրջ բարդություններ, որոնք ժամանակին չբուժվելու եւ գրագետ վերահսկողության բացակայության դեպքում կարող են հանգեցնել մահվան։ Օրինակ՝ երիկամային անբավարարության, որը կհանգեցնի դիալիզի անհրաժեշտության, իսկ տարիների ընթացքում կարող է դառնալ մահվան պատճառ։ Սրտի զարկերակների անբավարարության, որի դեպքում հաճախ անհրաժեշտ է ստենտավորում։
Աչքերի տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստը եւս շաքարախտի բարդություններից է, որը զարգանում է ժամանակի ընթացքում։ Հնարավոր են նաեւ լյարդի եւ երիկամների խնդիրներ, ինչպես նաեւ՝ ինֆարկտ եւ ինսուլտ։ Եվ այս ամենը՝ շաքարախտի սխալ բուժման կամ բուժումն ուշացնելու հետեւանքով։ Ինչպես գիտենք, այսօր Հայաստանում պետպատվերի շրջանակում հետազոտվելու համար հիվանդը հաճախ ստիպված է սպասել 3-4 ամիս, ինչը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար։
Իհարկե, Հայաստանում կան նաեւ այլ դեղամիջոցներ շաքարախտով հիվանդների համար, սակայն միայն հայկական արտադրության «Մետֆորմին»-ն է անվճար տրամադրվում, մյուս դեղերը վճարովի են եւ բավականին թանկ։ Որոշ հիվանդներ գնում են ֆրանսիական կամ գերմանական արտադրության «Մետֆորմին», որոնք իսկապես օգնում են, սակայն դրանք թանկ են, քանի որ այդ հիվանդները պետք է ընդունեն դեղն ամեն օր՝ ողջ կյանքի ընթացքում։ Երբ այցելում ենք Հայաստան, միշտ մեզ հետ բերում ենք դեղորայք, հատկապես՝ շաքարախտի համար նախատեսված ֆրանսիական դեղամիջոցներ, որպեսզի գոնե 1-2 ամսով աջակցենք հիվանդներին։ Ֆրանսիական «Մետֆորմին»-ի ազդեցությունն ակնհայտ է․ հիվանդները շատ արագ զգում են դրական փոփոխություն եւ նշում են, որ հայկական «Մետֆորմին»-ի համեմատ իրենց ինքնազգացողությունը զգալիորեն բարելավվում է։ Նշեմ մի դրական փաստ․ Հայաստանում շաքարախտով հիվանդների տոկոսային ցուցանիշը համեմատաբար ցածր է, քան որոշ եվրոպական երկրներում։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է ավելի բնական սննդակարգով եւ տեղական հումքի օգտագործմամբ։
Իմ այս բացահայտման նպատակը մարդկանց տեղեկացնելն է հայկական արտադրության «Մետֆորմին»-ի բաղադրության անհամապատասխանության մասին։ Հատկապես շաքարախտով հիվանդները, որոնք ֆինանսապես դժվար վիճակում են եւ ստիպված են օգտվել կառավարության տրամադրած անվճար «Մետֆորմին»-ից, պետք է տեղեկացված լինեն։ Նրանք պետք է իմանան, որ նման դեղորայքով իրենց հիվանդությունը կարող է չկարգավորվել եւ նույնիսկ՝ վատթարանալ։ Քաղաքացիները պետք է բարձրաձայնեն այս խնդիրը եւ պահանջեն ՀՀ կառավարությունից լուծում։ Անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ դատական գործընթաց սկսել այն դեղագործական ընկերության դեմ, որն արտադրում է դեղը՝ նշված խախտումներով։ Եթե այս հարցով քրեական գործ հարուցելու նախաձեռնություն լինի, ես պատրաստ եմ ներկայացնել փաստաթղթերը՝ ֆրանսերեն բնօրինակը եւ հայերեն թարգմանությունը։
Ներկայացնում եմ ֆրանսիական լաբորատորիայի հետազոտության եզրակացությունը՝ հայերեն թարգմանությամբ։
Բուժհաստատություն
Փարիզի համալսարանական հիվանդանոց Hôpital Lariboisière -Hôpital Universitaire
Լաբորատորիայի պաշտոնական տվյալներ
Hôpital Lariboisière - Hôpital Universitaire AP-HP
Laboratoire - Service de Toxicologie Biologique
Adresse : 2 rue Ambroise Paré, 75010 Paris, France
Լարիբուազիե համալսարանական հիվանդանոց
Լաբորատորիա - Կենսաբանական տոքսիկոլոգիայի ծառայություն
Հասցե՝ Ֆրանսիա, Փարիզ 75010, Ամբրուազ Պարե փողոց 2
Պատասխանատու՝ պրոֆեսոր Պասկալ Հ. (Professeur Pascal H.)
Եզրակացություն. Ընդհանուր առմամբ, արտասահմանյան ծագման դեղամիջոցի տուփը, որը տրամադրվել է դոկտոր Ժ. Մ. Հ. Էքերյանի կողմից, իրականում պարունակում է «Մետֆորմին», ինչպես նշված է փաթեթավորման վրա։ Սակայն ակտիվ դեղագործական նյութի պարունակությունը կազմում է 0,5 գ (500 մգ)՝ մեկ հաբի հաշվով, ինչը 50 %-ով պակաս է փաթեթավորման վրա նշված դեղաչափից։ Այլ անօրգանական ակտիվ նյութ չի հայտնաբերվել։ Էքսցիպիենտ հանդիսացող հնարավոր անօրգանական միացությունները չեն նույնականացվել եւ քանակապես չեն որոշվել։ 16 դեկտեմբերի 2025թ., պրոֆեսոր Պասկալ Հ.:
Ժան-Միշել Հովհաննես Էքերյանը, բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
«Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ