ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին զարգացումներին՝ հայտարարելով, որ իր ընտանիքը նախկինում ևս նման իրավիճակների միջով անցել է։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Ծառուկյանի նկատմամբ տարբեր գործողություններ են իրականացվել, սակայն, իր գնահատմամբ, որևէ հիմնավոր փաստ չի ներկայացվել։
«Մի անգամ արդեն անցել ենք այս ամենի միջով․ եղել են կալանավորում, խուզարկություններ, տարբեր սահմանափակումներ, գործարանների հետ կապված գործընթացներ։ Այս 8 տարիների ընթացքում ամեն ինչ արեցին, բայց որևէ լուրջ հիմք չգտան։ Ամուսինս կալանքի տակ է, հիմա էլ հորս հարցն է քննվում, սա էլ կանցնի»,- ասել է նա։
Ծառուկյանի դուստրը նշել է, որ այժմ քննարկվում է տարիներ շարունակ պահվող կենդանիների հարցը, և իր համար անհասկանալի է դրանց տեղափոխման կամ քնեցնելու գործընթացը։
«Հիմա գալ ու ինչ-որ կենդանիների պատճառով նման քայլերի գնալ՝ կենդանիներ, որոնք մարդը տարիներ շարունակ պահել է, տեղափոխել գազանանոց կամ այլ գործողություններ իրականացնել, սա ուղղակի… թող մարդիկ իրենք դատեն, տեսնեն և եզրակացություն անեն»,- նշել է նա։
Նա նաև ընդգծել է, որ կենդանիների պահումը նորություն չէ և նախկինում բազմիցս ներկայացվել է հանրությանը։
«Մենք վաղուց ենք կենդանիներ պահում։ Դրանց մասին բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներով խոսվել է, մարդիկ տեսել են այդ կենդանիներին։ Դա նոր բան չէ, դա նրա հոբբին է»,- ասել է Գագիկ Ծառուկյանի դուստրը։