Հասարակություն

Խուզարկությունների պատճառով խափանվել են «Էվրիկա» ցանցի սերվերները

Խուզարկությունների պատճառով խափանվել են «Էվրիկա» ցանցի սերվերները

Երեք օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Էվրիկա» առևտրային ցանցի տարբեր խանութներում խուզարկություններ են իրականացվել։ Իսկ ՊԵԿ-ը նույն օրը՝ մայիսի 17-ին հաղորդեց, որ «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը 20 մլն դրամով տուգանվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների համար։ Մենք մտանք «Էվրիկա» սուպերմարկետներից մեկը, որը գտնվում է Շարուրի փողոցում և նկատեցինք, որ խախտումները շարունակվում են։  

Գնորդներին, որոնք մոտենում են դրամարկղերին, զգուշացնում են, որ հնարավոր է, գնապիտակների վրայի գները համակարգը «չկարդա» և այլ, կամայական գներ նշվեն դրամարկղային կտրոններում։ Այլ կերպ ասած՝ գնապիտակների վրա նշված գները չեն պահպանվում, և քաղաքացիները մոտավորապես են կռահում, թե ինչ գումար են վճարելու ապրանքների համար։

Տարբերությունները 50-ից 100 դրամի կարող են լինել։ «Որոշ գներ կարող է, ավելի էժան նշվեն, որոշները՝ ավելի թանկ», - զգուշացնում են վաճառողները։ Գնորդը միայն գնում կատարելուց հետո է տեսնում, թե ինչ պետք է վճարի, ապա ստանում է ՀԴՄ կտրոնը, որտեղ գնապիտակից տարբերվող գին է նշված։ Որոշ ապրանքային կոդեր ընդհանրապես տեսանելի չեն, և դրանք գնել հնարավոր չի լինում։ Ասենք՝ քաղաքացին կարող է պանիր վերցնել, ու դրամարկղում նրան ասեն, որ ցավոք, նա չի կարող գնել այդ պանիրը։ Ի՞նչն է պատճառը։ Խանութի աշխատողները մեզ պատասխանեցին, որ խնդիրը ծրագրային է, այն նկատվում է ցանցի բոլոր խանութներում, և որ իրենք տեղյակ չեն, թե երբ կվերացվի։ «Հուսով ենք՝ շուտով», - ասաց աշխատակիցը։

Մենք կապվեցինք երկու գերատեսչությունների հետ։ Սննդի անվտանգության տեսչությունից ասացին, որ դա իրենց խնդիրը չի, պետք է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, հանձնաժողովից էլ խոստացան պարզել, թե որքանով տվյալ դեպքում կարող է իրենց գործիքակազմը գործել և պատասխանել ավելի ուշ։ Կարելի է ենթադրել, որ խուզարկությունների պատճառով խափանվել են «Էվրիկայի» սերվերները։ «Էվրիկա գրուպ» ընկերությունից մեր զանգերին չպատասխանեցին։ Նշենք, որ «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը պատկանում է ազգությամբ եզդի Ուսուբովների ընտանիքին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image