Քաղաքականություն

Ինչ հակահայկական փաստաթղթեր են ընդունվել Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում 

Ինչ հակահայկական փաստաթղթեր են ընդունվել Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում 

Ինչպես հայտնի է, Ստամբուլում անցյալ շաբաթ տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը։ Այն Ադրբեջանի համար, կարելի է ասել հատկապես «արգասաբեր» էր, քանի որ առաջին անգամ բանաձեւ ընդունեց այսպես կոչվապ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» օգտին։ Հակահայկական բնույթի բանաձեւում ճանաչվում էր «Հայաստանի տարածքից սիստեմատիկաբար բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների եւ այլոց՝ հետ վերադարձի օրինական իրավունքը»։ Ուշագրավ է այն, որ նման բանաձեւ ընդունվում է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած իր աշխատանքային այցից մեկ օր հետո։ Ադրբեջանում այս բանաձեւի ընդունման հետ կապված պարզապես ցնծում են ու արձանագրում, որ սա առաջին դեպքն է, երբ Իսլամական համագործակցության կազմակերպությունը նման փաստաթուղթ է ընդունում։

Որպես «սրտի մխիթարանք» վերոնշյալ «Ստամբուլյան դեկլարացիա» անվանումը կրող փաստաթղթում նաեւ ողջունվում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հարաբերությունների նորմալացման գործընթացում արձանագրված առաջընթացը, սակայն եւ նշվում է, որ Հայաստանը հարկ է, որ վերացնի այն քաղաքական եւ իրավական խնդիրները, որ կան այդ գործընթացի ճանապարհին։ Հասկանալի է անշուշտ, որ խոսքն այս դեպքում Սահմանադրության փոփոխության եւ Հայաստանի ներսում եղած բոլոր այն ուժերի չեզուքացումն է կամ թուլացումը, որոնք Ադրբեջանի պատկերացմամբ գտնվում են «ռեւանշիստների ճամբարում»։ Ուշագրավ է այն, որ նստաշրջանը նաեւ հատուկ բանաձեւ է ընդունել՝ համերաշխություն հայտնելով այսպես կոչված «Խոջալուի 92 թվականի կոտորածի զոհերին»։ Արդեն այս փաստաթուղթը ուշագրավ է նրանով, որ կոչ է անում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին քայլեր ձեռնարկել՝ ճանաչելու համար այն բոլոր հանցագործությունները, իսկ դրանք, եթե կարդանք տեքստը՝ չափազանց ծանր հանցագործություններ են՝ ռազմական հանցագործություններից մինչեւ մարդկության դեմ գործված հանցագործություններ եւ ցեղասպանություն, որոնք ներկայացված են բանաձեւում։ Բաքվի կողմից նախաձեռնված եւ ընդունված մեկ այլ փաստաթղթով էլ  ԻՀԿ-ն դատապարտում է Հայաստանի կողմից՝ ուշադրություն՝ իսլամական մշակութային ժառանգության հանդեպ, նախկինում իր կողմից գրավված տարածքներում իրականացրած վանդալիզմի գործողությունները եւ կոչ անում հատուցել Ադրբեջանին պատճառված վնասները։ Ուշադրություն դարձնենք՝ խոսքը ոչ թե զուտ ադրբեջանական մշակութային ժառանգության մասին է, այլ՝ իսլամական, ու սա պատահականություն չէ։ Ադրբեջանը շատ նուրբ ձեւով փորձում է խաղալ իսլամական աշխարհի կրոնական զգացմունքների հետ՝ Հայաստանն այս փաստաթղթով ներկայացնելով որպես իսլամատյաց երկիր, հանգամանք, որ շատ վտանգավոր է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image