Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ռուս զինվորական թղթակիցների, բլոգերների եւ տելեգրամյան ալիքների հեղինակների հետ, ովքեր լուսաբանում են ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ամփոփելով այդ հանդիպումը՝ կարող ենք առանձնացնել հետեւյալ կարեւոր պահերը։
• Ըստ Պուտինի՝ Ուկրաինան մի երկիր է, որն Արեւմուտքի կողմից օգտագործվում է Ռուսաստանի թուլացման համար։
• Այն, ինչ տեղի է ունենում այժմ Ուկրաինայում, Ռուսաստանի համար երբեք չի կարող լինել ընդունելի, որովհետեւ չի կարող գոյություն ունենալ նեոնացիստական որեւէ բան։
• Ռուսաստանն աստիճանաբար, հետեւողականորեն իրականացնում է Ուկրաինայի ապառազմականացումը։
• Ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրը շուտով ամբողջապես կդադարի գոյություն ունենալուց։
• Ուկրաինան հունիսի 4-ից է սկսել իր հակահարձակումը, որը ծավալուն է, եւ դրա համար կիրառվում է նաեւ ռազմավարական նշանակության պահեստավորված զենք-զինամթերքը։
• Ուկրաինական կողմը ոչ մի ուղղությամբ հաջողության չի հասել։
• Ուկրաինական զինուժի կորուստներն աղետալի են։ Ռուսական կորուստների համեմատ՝ 1/10 հարաբերակցությամբ են, հօգուտ ռուսների։
• Այս ընթացքում Ուկրաինան արդեն 160 տանկ եւ 360 զրահամեքենա է կորցրել, կան նաեւ կորուստներ, որոնք դեռ չեն երեւում ակնբախ կերպով։
• Ռուսական կողմը 54 տանկ է կորցրել, որոնց մի մասը ենթակա է վերականգնման։
• Ուկրաինան կորցրել է Արեւմուտքի կողմից իրեն մատակարարված զենք-զինամթերքի 25-30 տոկոսը։
• Ռուսաստանն աստիճանաբար եւ հետեւողականորեն իրականացնում է Ուկրաինայի ապաազգայնացումը։
• Ուկրաինական կողմն է հարվածել Կախովսկայա ՀԷԿ-ին։
• Բելգորոդի մարզում հարձակման փորձն ուշադրություն շեղելու համար էր։ Ռուսական պետական սահմանը պետք է ամրացնել, եւ այժմ դրանով զբաղվում են։
• Եթե Ռուսաստանի տարածքի ռմբահարումները շարունակվեն, ապա Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում սանիտարական գոտի ստեղծելու մասին կմտածի, որպեսզի ուկրաինական ռումբերը չհասնեն ռուսական տարածքներ։
• Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա։
• Ուկրաինան չպետք է գոյություն ունենա Ռուսաստանի եւ ռուսական պատմական տարածքների հաշվին, եթե նորմալ հարաբերություններ չի կառուցելու Ռուսաստանի հետ։
• Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ «պարկետային գեներալներն» արդյունավետ չեն, սակայն դրա փոխարեն ձեւավորվում է ռուսական ռազմաքաղաքական նոր էլիտա։
• Ուկրաինան օրական 15 հազար 155 մմ-անոց արկեր է ծախսում։ Միացյալ Նահանգները նման ծավալով արկեր չի արտադրում, որպեսզի կարողանա առաջացած բացերը լրացնել։
• Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու կամ նոր մոբիլիզացիայի կարիք չկա։ Կամավորների եւ պայմանագրայինների հավաքագրումն այնքան էլ վատ չի ընթանում․ տարեսկզբից սկսած՝ 150 հազար մարդ։
• Բանակը շատ բաների կարիք ունի՝ գերճշգրիտ սպառազինությունների, կապի միջոցների, դրոնների, սակայն այդ պակասորդը զուտ քանակական է։ Հիմնական սպառազինությունների արտադրությունն ավելացել է 2,7 անգամ։
• Ռուսաստանը մտածում է հացահատիկային գործարքից դուրս գալու մասին։ Ռուսաստանից հացահատիկեղենի արտահանման ազատականացման մասով ոչինչ չի արվել, եւ, բացի այդ, Կիեւը միջանցքներն օգտագործում է՝ անօդաչուներով հարձակումներ իրականացնելու համար։
• Եթե Ուկրաինան ուզում է, որ հակամարտությունը դադարի, պետք է Արեւմուտքն այլեւս ռազմական մատակարարումներ չիրականացնի Ուկրաինային։
• Ռուսական հարձակողական պոտենցիալը կախված է լինելու ուկրաինական հակահարձակումից։ Ըստ այդմ էլ հետագա քայլերն են ձեռնարկվելու։
• Եթե Ուկրաինան հանգած ուրանով զենք կիրառի, Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի համարժեք գործողություններ իրականացնել։
• Երրորդ աշխարհամարտում հաղթողներ չեն կարող լինել։
ՀԳ․ Իհարկե, կարող ենք ասել, որ այս թեզերն ընդամենը պարզ քարոզչություն են, ուղեղների լվացում, որ ՌԴ նախագահը փորձում է իրականացնել ռուսաստանցի ռազմական լրագրողների հետ, բայց մեծ խաղում նաեւ մեծ անազնվություն է լինում, եւ այդ խաղի մեջ ներքաշված երկրի նախագահը պարտավոր է դրանում ճկուն եւ հնարամիտ լինել։