Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ «Նաիրիտի» վերաբերյալ, վճիռ, որին բողոքաբերը` «Նաիրիտ» ՓԲԸ նախկին ավագ գիտաշխատող Իշխան Աղաջանյանը, սպասել է 13 տարի։
2010 թվականին գործարանի այն ժամանակվա տնօրեն Վահան Մելքոնյանը նրան ազատել էր՝ իբր գործարանին վերաբերող կոմերցիոն տվյալներ հրապարակելու համար։ Բուն պատճառը, ըստ Իշխան Աղաջանյանի, «168 ժամ» թերթին տված իր հարցազրույցն էր, որում նա խոսել էր գործարանի կուտակած պարտքերից, արտադրության ծավալների անկումից, նաեւ այն մասին, որ կաուչուկի վերամշակման արդյունքում արտադրվում է լաք, որը նախկինում արտահանվում էր ՌԴ, իսկ այժմ կուտակվում է պահեստում, գործարանում՝ առաջացնելով պայթյունավտանգ իրավիճակ։ «Հարկ է նշել, որ այս կողմնակի արտադրանքի երկարատեւ չօգտագործումը կարող է հանգեցնել դրա այրման՝ լուրջ վնաս հասցնելով ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ մարդու առողջությանը: Գործարանում տիրող այս իրավիճակը պայմանավորված է ղեկավարության անտարբերությամբ եւ պատասխանատվության բացակայությամբ»,- ճակատագրական հարցազրույցում նշել էր Իշխան Աղաջանյանը։
Իսկ 2009 թվականի մայիսի 14-ին քլորոպրենի արտադրամասում հրդեհ էր բռնկվել, որից մահացավ 4 մարդ, գործարանին հասցվեց, ըստ պաշտոնական տվյալների, 1,5 միլիոն դոլարի վնաս, եւ հասկանալի էր, որ եթե այն ամենը, ինչի մասին խոսում էր Իշխան Աղաջանյանը, ճշմարիտ էր, ապա «Նաիրիտի» ղեկավարությունը եւս պետք է պատասխանատվության ենթարկվեր պայթյունի եւ դրա հետեւանքների համար։ Ահա թե ինչու են իրեն ազատել` կարծում է նախկին գիտաշխատողը՝ համարելով, որ ինքը կոմերցիոն գաղտնիքներ է բացահայտել։ «Համաձայն Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի՝ պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաեւ տարերային աղետների, դրանց հետեւանքների մասին, տնտեսության ընդհանուր վիճակի, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության մասին տեղեկությունները»,- գրված է ՄԻԵԴ վճռում։
Սա հաղթական վերջակետն էր այս չարչրկված գործում: Որքան էլ զարմանալի է, «Նաիրիտի» նախկին աշխատողի համար սկիզբը եւս հաղթական է եղել։ Նա իր ազատման մասին որոշումը 2010 թվականին բողոքարկել էր դատարանում եւ հաղթել առաջին ատյանում (դատավոր՝ Հովսեփ Կուբաթյան), սակայն այն բանից հետո, որ նամակ է գրել Սերժ Սարգսյանին, ամեն ինչ փոխվել է։ Վճիռը հաջորդ ատյաններում բեկանել են, ուղարկել նոր քննության, այստեղ էլ հայտնվել է դատավոր Նաիրա Հովսեփյանը եւ ՀՀԿ-ական իշխանություններին հաճո վճիռ է կայացրել:
Իսկ Աղաջանյանը Սերժ Սարգսյանին ուղղված նամակում այն ժամանակ ընդամենը գրել էր. «Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ինձ աշխատանքից ազատելու իրական պատճառը ոչ թե գաղտնիքներ հրապարակելու, այլ իմ ներկայացրած աշխատանքների մեջ է, որոնք ջրի երես են հանում մի շարք փաստեր, որոնք գործարանի ղեկավարությունը համարում է իրենց համար անցանկալի: Վերջին աշխատանքը ներկայացնելուց մեկ շաբաթ անց, առանց որեւէ քննարկման, ինձ ազատեցին աշխատանքից: Այդ աշխատանքը վերաբերում է քլորոպրենի արտադրամասին, որտեղ անցյալ տարի եղավ պայթյուն, եղան զոհեր: Գործարանի ղեկավարությունն այն ներկայացրեց որպես պատահականություն, անվտանգության կանոնների խախտման հետեւանք»։
«Այդ նամակից հետո ամեն ինչ փոխվեց։ Վերաքննիչ դատարանը գործարանի բողոքի հիման վրա բեկանեց առաջին ատյանի վճիռը, գործն ուղարկեցին նոր քննության, դատավոր Նաիրա Հովսեփյանին։ Նաիրա Հովսեփյանը դատը տանում էր ինձ համար չափազանց դրական ընթացքով։ Նա նույնիսկ ինձ հարցրեց՝ քո փողը ո՞նց հաշվեմ, մաքո՞ւր ձեւով, թե՞ նենց։ Վերջում էլ ասեց՝ ես տենց էլ չհասկացա, թե քեզ ինչու էին աշխատանքից ազատել, ու մեկ էլ հանկարծ՝ լրիվ այլ բովանդակության վճիռ։ Ես մեկ շաբաթ առավոտից երեկո գնում էի, որ վերցնեմ վճիռը, որ հասցնեմ վերաքննիչ դիմեմ, եւ նա ինձ չէր տալիս այն»,- հիշում է Իշխան Աղաջանյանը։
Այդ վճռից հետո նա դիմում է այն ժամանակվա ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, վերջինս կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում է ներկայացնում այն ժամանակվա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, բայց Հրայր Թովմասյանը պաշտպանում է նախկինների ժամանակ սիրված դատավոր Նաիրա Հովսեփյանին, եւ նրա նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվում։ Ընդունելով, որ վճիռը հրապարակվելուց հետո անմիջապես չի հանձնվել Իշխան Աղաջանյանին, եւ սրանով թույլ է տրվել Քաղդատօր․ 124-րդ հոդվածի խախտում, Հրայր Թովմասյանը գրավոր պատասխանել է, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան, քանի որ ․․․ հայցվորը, չնայած այդ խախտմանը, այնուամենայնիվ, մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք է բերել։ «Իմ բողոքը ՄԻԵԴ եղել է դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ, ես համոզված եմ, որ իմ գործով որոշումը նրան թելադրված էր վերեւից»,- ասում է Իշխան Աղաջանյանը։
Ամենահետաքրքիրն այն է, որ նախկինների օրոք բարգավաճած դատավոր Նաիրա Հովսեփյանն այսօր էլ ներկաների սիրեցյալն է։ Մեր իշխանությունը, ինչպես գիտենք, անողոք է ՄԻԵԴ-ում պարտվելու պատճառ դարձած դատավորների նկատմամբ։ Անցյալ տարի վեց դատավոր այդ հիմքով ազատվեց աշխատանքից, նրանց լիազորությունները դադարեցվեցին: Մինչդեռ Նաիրա Հովսեփյանի հանդեպ այլ ստանդարտներ են գործում` անհասկանալի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նա Աննա Հակոբյանի ընկերուհի՞ն է։ Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։ Իսկ «Նաիրիտի» նախկին գիտաշխատողի գործով դեռ վերջակետ չի դրվել։ Այն գնում է նոր քննության։
ՀԳ․ «Նաիրիտում» պահվող պայթուցիկ նյութերը, մասնավորապես՝ լաքէթինոլը, տարիների ընթացքում քարացել են եւ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան այն ժամանակ, երբ դեռ հեղուկ վիճակում էին, եւ երբ Իշխան Աղաջանյանը ռացիոնալիստական առաջարկներ էր անում գործարանի ղեկավարությանը, թե ինչպես կարելի է այն օգտագործել, ասենք՝ ջրամեկուսիչների, ներկերի, այլ արտադրության մեջ, առաջարկները մնացին օդում։ Այսօր քարացած լաքէթինոլը, որն ավելի վտանգավոր է, քան հեղուկ նյութը, պահում են 100-300 տոննա տարողությամբ բաքերի մեջ։ Դրանց անվտանգությունն ապահովելու համար ահռելի շատ աշխատողների է պետությունը պահում։ «Մի հեռավոր, ամայի տարածքում պետք է ցեմենտ-բետոնե դագաղներ սարքել ու այնտեղ՝ խոր հողի տակ պահել այդ լաքէթինոլը»,- ասում է Աղաջանյանը։ Սակայն նրան կրկին լսող չկա։ Պետությունը շարունակում է փող ծախսել «Նաիրիտի» անվտանգությունն ապահովելու վրա։