Ի՞նչ իմաստ ունի շարունակ խոսելը, երբ ամեն անգամ բերանը բացելուց բազում սխալ մտքեր է հայտնում, փոթորկում հանրային կարծիքը, եւ դրա արդյունքում ոչ միայն մեծ թվով մարդիկ են տուժում, այլեւ՝ անգամ ինքը: Եթե գոնե այդ մտքերն ինչ-որ դեր խաղային, ինչ-որ հարցերի լուծման նպաստեին, կարելի էր հանդուրժել այդ շատախոսությունը:
Բայց դրանք կա՛մ անթույլատրելի, ոչ կոռեկտ, մեծ թվով մարդկանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը վիրավորող մտքեր են, կա՛մ մեր թշնամիներին ու հակառակորդներին ուրախացնող: Իր իսկ թիմակիցներն ասում են` եթե հանրությանը խոստումներ է տալիս, ապա դրանք կատարման ենթակա չեն` ճշտված չեն, հավակնոտ են, մեր պետության ուժերից վեր, ինչպես 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը: Եթե պարզաբանումներ է հնչեցնում, դրանք հաճախ հակասում են օրենքին եւ մասնագետների կարծիքին, ինչպես բանկային գաղտնիքի մասին հայտարարությունն էր, որով օրենքի տրամաբանությանը եւ մասնագետների վաղօրոք արված բոլոր հայտարարությունները հերքեց:
Եթե փորձում է հող նախապատրաստել Ալիեւին ու Էրդողանին նոր զիջումներ անելու համար` խայտառակում է հայ ժողովրդին, վիրավորում հայի ինքնասիրությունը, ջնջում մեր պատմությունն ու անցած ճանապարհը, ինչպես արեց ցեղասպանության հետ կապված հայտարարությունների դեպքում: Թիմակիցներն ու պետական պաշտոնյաներն էլ են ձեռքը կրակն ընկել, չգիտեն՝ նրա որ ասածն ինչպես շտկեն ու հերքեն, ինչպես ուղղեն սխալներն ու դուրս գան ստերի տակից: Ի վերջո, երբ չգիտես ինչ ասել, երբ չես տիրապետում նյութին, չես կարողանում կանխատեսել քո ասածների հետեւանքները, ճիշտը լռելն է: Լավ ասացվածք կա․ «Ավելի լավ է խորիմաստ լռել, քան անիմաստ խոսել»: Այս պարագայում անգամ անիմաստ չէ, այլ` խիստ վնասակար ու վտանգավոր: