Հասարակություն

Ինչի մասին է վկայում Հովնան արքեպիսկոպոսի «մասնակի նահանջը»

Ինչի մասին է վկայում Հովնան արքեպիսկոպոսի «մասնակի նահանջը»

«Հրապարակը» գրել էր, որ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ըստ որոշ ենթադրությունների, ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո «դարձի է եկել»։ Արքեպիսկոպոս Տերտերյանի վրա ահռելի ճնշումներ են գործադրել, կանգնեցրել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ շարունակում է հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ նամակ են ուղարկում Էջմիածին՝ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում: Հոդվածում նշվում է նաեւ, որ Տերտերյանը թեեւ Եպիսկոպոսաց ժողովին, ասում են նաեւ՝ դրանից հետո կայանալիք Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին մասնակցելու է, սակայն չի հայտարարել, որ լքում է Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Եկեղեցու բարենորոգման խորհուրդը»։

Հարցի զուտ հայաս­տանյան-ներքաղաքական բաղադրիչը մի կողմ թողնելով՝ անդրադառնանք մեկ այլ հարցի։ Հոդվածից պարզ է դառնում մի պարզ ճշմարտություն․ Առաքելական եկեղեցու՝ ամենակայացած վարչատարածքային ենթակառուցվածքային համակարգն ունեցող միավորներից մեկում թեմական հոգեւոր դասը եւ վարչականները, գուցե նաեւ՝ բարերարները, կարողացել են ճնշում գործադրել առաջնորդի վրա եւ հասնել նրան, որ առաջնորդական պաշտոնից զրկվելու սպառնալիքի ներքո ստիպեն առաջնորդին՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է թերեւս այն, որ եթե, օրինակ, Արարատյան հայրապետական, Կոտայքի, Մասյացոտնի կամ Արմավիրի եւ, առհասարակ, Հայաստանի մյուս թեմերն էլ ունենային Արեւմտյան թեմի նման կայացած թեմական վարչական կառուցվածքային համակարգ, ապա դժվար թե Առաքել կամ Նավասարդ սրբազանները, մյուսները, ովքեր թեմակալ առաջնորդներ են, բայց միացել են Փաշինյանի ստեղծած հայտնի խորհրդին, երկար չմտածեին նման քայլ անելուց, շրջադարձային գործողությունների գնալուց առաջ։

Ավելի կոնկրետ եթե հարցի բոլոր շերտերը բացենք, պետք է եզրահանգենք, որ եթե թեմակալ առաջնորդները Հայաստանում ոչ թե նշանակվեին, այլ՝ ընտրվեին, նաեւ Հայաստանի եկեղեցական թեմերում կայացած թեմական խորհուրդներ, պատգամավորական ժողովներ եւ կայացած կանոնադրական ավանդույթներ ու պրակտիկա լիներ, ներառյալ՝ նաեւ թեմակալ առաջնորդներին պաշտոնանկ անելու ընթացակարգեր, ինչպիսին սփյուռքի համայնքներում է, ապա որեւէ առաջնորդ միշտ կզգար, որ ինքնագլուխ գործելու հնարավորություն չունի, եւ իր քայլերն առնվազն կհամաձայնեցներ թեմական մարմինների հետ, հակառակ դեպքում՝ միշտ իր գլխին կախված էր լինելու պաշտոնանկության վտանգը։ Նաեւ՝ այդ համակարգի կայացումը, իր հերթին, թեմերի ինքնավարությունը կընդլայներ եւ շատ հարցերում, եթե խնդիրը զուտ հավատքային կամ կրոնական հարցերին չի վերաբերում, թույլ կտար թեմական մարմիններին՝ համաձայնել կամ չհամաձայնել կաթողիկոսի վարչական, տնտեսական կամ ֆինանսական այս կամ այն որոշման հետ, կամ ընդունել-չընդունել նմանաբնույթ որոշման կատարումը թեմի տարածքում։

Իր հերթին կաթողիկոսը եւս ավելի զգույշ եւ ճկուն կլիներ՝ ստիպված, թեմերի հետ իր հարաբերություններում՝ կադրայինից մինչեւ ֆինանսական ու առօրեական հարցեր, հաշվի նստելու։ Սա եւս մեկ անգամ հուշում է այն մասին, որ Առաքելական եկեղեցում թեմական համակարգում ժողովական-ընտրական համակարգը պետք է կայանա հատկապես Հայաստանում եւ մերձավոր սփյուռքում՝ հետսովետական տարածքում, հետագա հնարավոր ցնցումներից խուսափելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image