Քաղաքականություն

«Հրապարակ». Այդ ներողությունը ցինիկաբար հնչեց, եւ հիմա այդ վարքագիծը դարձել է նորմ

«Հրապարակ». Այդ ներողությունը ցինիկաբար հնչեց, եւ հիմա այդ վարքագիծը դարձել է նորմ

Նիկոլ Փաշինյան «միապետի» մեկ օր առաջ արած հայտարարությունից(Կառավարությունը ես եմ ... չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ) հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նրա որոշմամբ ազատվեց պաշտոնից` այն բանի համար, որ հանդգնել էր հրապարակավ հայտնել, որ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման ենթակա է:

ՍՄՍ հաղորդագրությամբ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատած, Ֆեյսբուքով քրեական հետապնդում սկսելու հրահանգ տված, դատարանները շրջափակելու կոչով դատական իշխանության նկատմամբ ոտնձգություն թույլ տված Փաշինյանի պարագայում այս պաշտոնանկությունն, իհարկե, սպասելի էր ու ոչ զարմանալի:

Արդեն վաղուց մասնագետներնահազանգում են՝ Հայաստանում բռնապետական ռեժիմ է հաստատվել ու այն օր օրի կարծրանում է՝ որքան էլ իշխանությունը փորձի իրեն ու մեզ համոզել, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է ու որքան էլ այդ «բաստիոնին»ուղղված գովասանքներ ու խրախուսանքներ շռայլեն արեւմտյան տարբեր կենտրոններ, որոնք նախկինում այս իշխանության ասածի ու արածի կես տոկոսն անգամ չէին հանդուրժի: 

Փաշինյանի հայտարարության վերաբերյալ լսեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կարծիքը, որը, ի դեպ,  պաշտոնավարման ժամանակահատվածում հրապարակավ հայտարարել էր իր նկատմամբ գործադրված ճնշումների մասին, երբ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ`  «եղել է ԱԱԾ–ից զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ տրված բարեվարքության եզրակացության առնչությամբ»։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հարությունյանն ասաց՝ խնդիրը հանրային հետաքրքրության է ու պետք է համապատասխան գնահատականի արժանանա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, Ազգային ժողովից, որին հաշվետու է կառավարությունը եւ ընդհուպ՝ դատախազությունից: Ըստ Հարությունյանի, Փաշինյանի արած հայտարարությունը եւ դրան հաջորդած գործողությունը շատ լայն կարելի է դիտարկել՝ իշխանության գերազանցումից մինչեւ էթիկական նորմերի խախտում:

«Հայտարարությունն անհամատեղելի է բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի ու որպեսզի դրա ծայրահեղ դրսեւորմանը չհասնենք, նախ եւ առաջ պետք են կանխարգելիչ մեխանիզմները», -կարծիք է հայտնում Հայկուհի Հարությունյանը՝ որպես օրինակ նշելով Փաշինյանի դեմ ԿԿՀ-ի հարուցած վարույթը, որտեղ սակայն, ինչպես հանձնաժողովի նախկին ղեկավարն է շեշտում՝ վարքագիծը դիտարկվել է մեկուսի՝ Փաշինյանի զբաղեցրած պաշտոնից դուրս եւ արտահայտությունները, որոնք նա թույլ էր տվել, դիտարկվել են ընդամենը լեզվաբանական տեսանկյունից:

«Վարքագիծը մնացել է անջատված պաշտոնից: Մենք տեսանք, որ դրան հաջորդեց միայն ներողությունը եւ այդ ներողությունը ցինիկաբար հնչեց: Հանձնաժողովը չէր ասել, թե ինչու չի կարելի այդ բառերն օգտագործել, այսինքն, սյստեղ խնդիրը վարքագիծն է: Եվ քանի որ կոռուպցիայի տեսանկյունից չկանխարգելվեց, հետագայում ավելի ուժգին դրսեւորում եղավ եւ ինչպես տեսնում ենք արդեն այդ վարքագիծը նորմավորվում է, դառնում է նորմ»,-ասում է Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ հայտարարությանը հետեւել է գործողությունը:

«Կա գործողություն, որը հանրային տիրույթում հաստատում է, որ այո՛, ես եմ պետությունը: Եթե սա լիներ այլ համատեքստ, այլ սուբյեկտ, վստահ եմ՝ արձագանքն էլ այլ կլիներ»,-կարծում է նախկին պաշտոնյան:

Ինչ վերաբերում է օրենսդիր մարմնին, որին հաշվետու է Փաշինյանը՝ որպես գործադիրի ղեկավար, ըստ Հարությունյանի, իրական մասնակցային ժողովրդավարության եւ հաշվետվողականության պայմաններում ԱԺ-ն` իր ունեցած լծակներով, օրինակ, համապատասխան հանձնաժողով կարող էր ստեղծել ու քննել վարքագիծը: 

«Նույն ԱԺ-ն իր պրակտիկայով ցույց է տվել, որ, օրինակ, նախաքննական մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ու ՔԿ ղեկավարները կարող են հրավիրվել: Այստեղ ֆորմալ ընթացակարգ չկար, բայց կար իշխող ուժի դիրքավորումը` ցույց տալու խնդիրը եւ դա տեղի ունեցավ»,-ասում է Հարությունյանը հավելելով, որ անգամ մինչեւ ԱԺ հասնելը, իշխող խմբակցությունն ինքը պետք է հաշվետվություն պահանջի վարչապետից:

«Դու ասոցացվում ես կուսակցության հետ եւ դրսեւորում վարքագիծ, որը ակնհայտ հակաօրինական է: Եթե նպատակն այն է, որ միաուժ, միանձնյա կառավարման սկզբունքներ հաստատվեն, կարող ենք ասել, որ դա գերազանց իրականացվում է, բայց եթե իսկապես ժողովրդավարության ճանապարհն է ընտրվում, ապա դա շատ ցավոտ է», -շարունակում է Հայկուհի Հարությունյանը՝ նկատելով, որ թվարկվածները կանխարգելիչ միջոցներն են եւ կարող են գործել նաեւ  պատժիչ՝ իրավական միջոցները, օրինակ, դատախազությունը, որը ինստիտուցիոնալ առումով վաղուց ցույց է տվել, որ չի գործում:

Մյուս հարթությունն, ըստ Հարությունյանի, դատական համակարգն է, որի միջոցով Լիպարիտ Դրմեյանը կարող է իր իրավունքները պաշտպանել: Եզրափակելով մեր զրույցը ԿԿՀ նախկին նախագահը կարեւորում է նշված բոլոր հարթություններում գործողությունների անհրաժեշտությունը՝ անկախ դրանց ելքից: Դա նաեւ համակարգային բացերն արձանագրելու միջոց կլիներ: 

«Եթե այս ամբողջը աշխատեր, այս աբսուրդ իրավիճակը չէր առաջանա»,-ասում է մեր զրուցակիցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image