Իսրայելի կառավարությունը էներգասպառման տեմպերի արագ աճին զուգահեռ մտադիր է ոչ բնակելի եւ բնակելի շենքերի տանիքներին զանգվածաբար տեղադրել արեւային կայաններ։ Նախագիծը կհաստատվի մինչեւ տարեվերջ։ Առաջին հերթին արեւային էլեկտրակայաններ կտեղակայվեն ոչ բնակելի շենք շինությունների տանիքներին, իսկ ահա բնակելի սեկտորում աշխատանքները կսկսվեն ըստ էներգասպառման պահանջարկի մեծացման։ Իսրայելում նշում են, որ արեւային կայաններով ստանալիք էլեկտրաէներգիայի 60 տոկոսը արտադրվելու է շենքերի տանիքների կայաններում։
Իսրայելում հատկապես արեւային էներգիայի օգտագործումն են կարեւորում, քանի որ այդ երկրի աշխարհագրական եւ բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս օրինակ քամով կամ ջրով աշխատող էլեկտրակայանների շահագործումը։
Նշենք, որ Իսրայելն արդեն ունի ջեռուցման եւ էներգիայի ստացման ապակենտրոնացված համակարգերի ներդրման հաջողված փորձ։ Դեռ մի քանի տասնամյակ առաջ Իսրայելում արեւի էներգիայով սկսել են իրականացնել ջրի տաքացում եւ նման բոյլերների կիրառումն այսօր արդեն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 8 տոկոսի խնայողություն։