Քաղաքականություն

Եթե խնդիրներ կան, պետք է քննարկվեն փակ դռների հետևում

Եթե խնդիրներ կան, պետք է քննարկվեն փակ դռների հետևում

Արաբական ծոցի Ատվածաշնչյան ըներության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ Հայաստան - Սփյուռք փոխհարաբերություններում պատնեշ է առաջացել: Սակայն, երեսուն տարի շարունակ՝ անկախացումից ի վեր, հսկայական աշխատանք է տարվել՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ավելի սերտ դարձնելու ուղղությամբ: 

«Հայկական Սփյուռքը շատ ընդարձակ է և շատ բարդ է: Բարդ է այն իմաստով, որ յուրաքանչյուր երկրում ապրող հայ նման չէ այս կամ այն երկրում ապրող հային՝ սա է խոշորագույն տարբերությունը: Սփյուռքում հայերին միավորողը իրենց հայկական ինքնությունն է, իրենց հայկական արմատներն են, իրենց պատմությունն է, իրենց լեզուն է, իրենց մշակույթն է»,-ասաց նա: Սփյուռքահայ գործիչը նկատում է, հատկապես 44 -օրյա պատերազմից հետո սկսեց նշմարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում հեռավորություն: Երևույթը ցավալի է, իսկ իրականությունն այն չէ, ինչ մի քանի տարի առաջ էր: Սակայն, պետք է միջոցներ ձեռնարկել ու փորձել հասկանալ, թե ինչպես կարող ենք վերստին կրճատել այդ հեռավորությունը Սփյուռքի և Հայաստանի միջև: Ի վերջո, Սփյուռքի համար Հայաստանը իրենց ինքնությունը պահելու հենասյունն է՝ շեշտում է Ճեպեճյանը: 

Անդրադառնալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու և ՀՀ ներկա իշխանությունների միջև լարված փոխհարաբերություններին, ասաց, որ դա ցավալի է: «Եթե եկեղեցին բարեկարգման կարիք ունի և երևի թե ունի, անպայմանորեն պետք է նստել, խոսել և հասկանալ, թե ինչ ձևով այդ բարեփոխումները պիտի տեղի ունենան: Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, երբ հանրային ձևով դրվում են պահանջները, թե ինչ առճակատումներ են տեղի ունենում, հենց դա է, որ ճիշտ չեմ համարում:

Դրվող պահանջները հանրային ձևով չպետք է դրվեն, այլ փակ դռների հետևում: Եթե խնդիրներ կան, թող դրանք դրվեն սեղանին ու քննարկվեն, սակայն սահմանափակ մասնակիցներով: Բայց այն ձևը, որով դա արվում է այսօր, իշխանության և եկեղեցու միջև հարաբերություններն այնքան լարված են և դա օգտակար չէ ոչ մի կողմի համար: Ես ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ եմ, բայց պետք է հիշել, որ Հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, ազգային եկեղեցին ունի իր հատուկ դիրքը, կարգավիճակը:

Չեմ ուզում գնալ պատմության ընթացքին, որ երբ պետություն չենք ունեցել` ինչպես է հայ եկեղեցին հայ ժողովրդին միավորել, ո՞վ տեր կանգնեց Ցեղասպանությունից հետո տարագիր հայերին՝ հայ առաքելական եկեղեցին: Ի՞նչ է` կաթոլիկ եկեղեցում հարցեր չկա՞ն, անգլիկան եկեղեցում հարցեր չկա՞ն, թե՞ բողոքական եկեղեցում հարցեր չկան: Կան էլ ու այնքան»,-շեշտում է աստվածաբանության դոկտորը: 

Ճեպեճյանը նշում է, որ իր թվարկած եկեղեցիների խնդիրները բավականին լուրջ են, սակայն նրանք գտել են լուծումը՝ դրանք քննարկում ու բարձրաձայնում են փակ դռների հետևում, ոչ թե հանրային ձևերով: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image