Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե տեղյա՞կ է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին մեղադրում են ԱՄՆ-ում գողություն կատարելու մեջ, նախարարն ասաց, որ տեղյակ են եւ զբաղվում են դրանով․ «Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»,- ասաց Անդրեասյանը: Ի դեպ, Դիանա Գալոյանը ՀԱԿ նախկին անդամ, տնտեսագիտության դասախոս Զոյա Թադեւոսյանի դուստրն է, ով վերջերս հակաարցախյան գրառում էր արել եւ համացանցում նրա դեմ ֆլեշմոբ էր սկսվել:
Նշենք, որ Դիանա Գալոյանի գողության պատմությանն ինտենսիվորեն անդրադառնում է ադրբեջանական մամուլը, օրնիբուն ծաղրելով վերջինիս: Նախորդ տարվա վերջին մենք դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն` հասկանալու համար, թե ե՞րբ կստանան իրենց հարցման պատասխանը և հաստատական պատասխան ստանալուց հետո ինչ են պատրաստվում անել: Նշենք նաև, որ պաշտոնական հարցման կարիք էլ չկա, քանի որ համացանցում կան եւ փաստաթղթեր եւ դատավճռի մասին պաշտոնական տեղեկություններ, որտեղ բառացի նկարագրված է Գալոյանի արարքը, սակայն դրանք ԿԳՄՍ-ի համար, փաստորեն, հիմք չեն հանդիսանում: Լրատվամիջոցներն անգամ հրապարակել են Գալոյանի դատական գործի արձանագրությունը:
Այսօր մենք կրկին դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն` պարզելու համար դեռ չե՞ն ստացել հարցման պատասխանն ԱՄՆ-ից: ԿԳՄՍ նախարարությունից մեզ հայտնեցին, որ դեռևս պատասխանը չեն ստացել, ապա հավելեցին, որ իրենք պետք է անպայման առանձին հարցումով համոզվեն` Դիանա Գալոյանը նման արարք կատարե՞լ է, թե՞ ոչ: Տպավորություն է, թե նախարարությունը փորձում է ժամանակ շահել, որ իր անելիքը որոշի: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երկարամյա դասախոս, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, ում բուհից հեռացրել է սույն ռեկտորը՝ դադարեցնելով նրա հետ պայմանագիրը, մեզ հետ զրույցում ասաց, Դիանա Գալոյանի կենսագրությունն առհասարակ կառուցված է կոռուպցիայի վրա, իսկ թե ինչու է ապացուցված իրողությունը ԿԳՄՍ-ն կասկածի տակ դնում, Ղազարյանի համար անհասկանալի է.
«Ես չեմ հասկանում, ինչի՞ն է սպասում ԿԳՄՍ նախարարությունը: Հրապարակվել է պաշտոնական մի փաստաթուղթ, որը փաստորեն ԿԳՄՍ-ն հիմք չի ընդունում: Այդ կնոջ ողջ գործունեությունը կոռուպցիայի իրական դրսևորում է: Նրա ծնողները` տնտեսագիտականի դասախոսներ են: Նա ասպիրանտուրա է ընդունվել մի ամբիոնում, որտեղ աշխատում է իր մայրը, իսկ նրա դոկտորական ատենախոսության թեման ԲՈԿ-ը պաշտոնապես ճանաչել է որպես գրագողություն: Դե դասախոսների աղջիկ, հասկանալի է, թե ինչպես է սովորել, ինչպես է դասախոս դարձել: Մի մարդ, որ դոկտորի կարգավիճակից զրկված լինի, գրագողության համար, էլ ի՞նչ ասես այդ մարդու մասին»-, ասում է Ղազարյանը:
Ղազարյանը կարծում է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դեռ բարձրացրած աղմուկից հետո նրան ազատեր պաշտոնից՝ Հայաստանի առանցքային բուհերից մեկի ղեկավարը չի կարող լինել գող: «Ողջ համացանցը դա է քննարկում, ինքն անգամ չի էլ հերքում, իսկ ԿԳՄՍ նախարարությունն ասում է` նոր պատասխանի է սպասում», - խոսքը եզրափակեց Էդգար Ղազարյանը: