Քաղաքականություն

Ո՞վ է Արթիկում ՔՊ-ի իշխանություն դառնալու վրա քար գցում

Ո՞վ է Արթիկում ՔՊ-ի իշխանություն դառնալու վրա քար գցում

Օրերս ՏԻՄ ընտրությունների հետ կապված գրել էինք, որ «Ազատական» կուսակցության թեկնածուն՝ ի դեմս Արտակ Հարությունյանի, փրկել է ՔՊ-ին Արթիկում քաղաքային իշխանություն ձևավորելու հարցում, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ և նույն Արտակ Հարությունյանի կուսակցության անդամ, ցուցակում երկրորդ համար Հրանտ Ղազոյանը ՔՊ-ի՝ իշխանության դառնալու վրա քար է գցել՝ դուրս գալով կուսակցությունից։

Նախ կապ հաստատեցինք Արթիկում «Ազատական» կուսակցության թեկնածու Արտակ Հարությունյանի հետ, որը ասաց, որ նման բան չկա և ոչ ոք դուրս չի եկել կուսակցությունից։ 

Պարզվում է՝ կուսակցության ներսում մեկը մյուսից անտեղյակ են, շրջանառվող լուրը ճշտելու համար խոսեցինք նաև Հրանտ Ղազոյանի հետ, որը հաստատեց, որ այո՛, դուրս է եկել․ «Իմ անձնական տեսակետն է, որոշումը, ցանկացել եմ դուրս գալ թիմից»։

Հարցին, իսկ գուցե ներկուսակցական տարաձայնություննե՞րն են պատճառ հանդիսացել թիմը լքելու,Ղազոյանն ասաց․

«Ոչ մի տարաձայնություն ու անհամաձայնություն չի եղել, դա իմ որոշումն է, և ես որևէ մեկին էդ տեսանկյունից կարծիք հայտնելու մասին պարտավորություն չունեմ»։

Ղազոյանից հետաքրքրվեցինք նաև, թե որևէ այլ թեկնածուի օգտին քվերակելու՞ է սպասվելիք քաղաքապետի ընտրության ժամանակ, նա հաստատակամորեն ասաց. «Ո՛չ»։

Տեղի ունեցած դեպքերի ու դեմքերի փոփոխությունից հետո ՔՊ-ին1 ձայն պակասում է, որպեսզի ստանա օրենքով նախատեսված 50+1-ը։ Ստացվում է, որ Արթիկում կրկին ընտրական պայքարը թեժանում է և թեկնածուները կրկին պայքարի մեջ են, օրինակ՝ Մխիթար Վարագյանը, եթե կարողանա իր շուրջը համախմբել մնացյալ բոլոր ուժերին՝ «Հանուն Հանրապետության», «Ապրելու երկիր» և  «ՀՅԴ»-ին, կկարողանա իշխանությունն իր ձեռքը վերցնել, սակայն ինչպես վերջերս գրել էինք, ՀՅԴ-ն Արթիկում ոչ ոքի հետ չի պատրաստվում միանալ, ինչը փոքր-ինչ բարդացնում է իրավիճակը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին Մխիթար Վարագյանի և «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արսեն Աբրահամյանի միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա կազմելու և քաղաքի կառավարումը միմյանց մեջ 2.5 տարով բաշխելու մասով։

Փորձեցինք նաև հենց իրենցից՝ թեկնածուներից ճշտել, սակայն Մխիթար Վարագյանը խուսափեց հարցին պատասխանելուց և ասաց․ «Որտեղից, որ ունեք տեղեկությունը, այնտեղից էլ հաստատեք»։

-Այսինքն նման առաջարկ չի եղե՞լ։

-Դեռ ոչ մի տեղից։

Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանն էլ ասաց, որ ընտրություններից հետո այս հարցերն իր համար ակտուալ չեն, և հարցերն ուղղենք կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին։

Աբրահամյանից նաև ճշտեցինք՝ մամուլում շրջանառվող լուրերը, թե իր՝ քաղաքապետ եղած տարիներին միլիոնավոր դրամներ է փոխանցել իր աներձագին, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, և ինչպե՞ս կմեկնաբանի, պատասխանեց․ «Զրպարտանքները չեմ մեկնաբանում»։

Ինչպես Արսեն Աբրահամյանն էր հորդորել, կուսակցական հարցերի հետ կապված կապվենք ղեկավար Արման Բաբաջանյանի հետ, այդպես էլ արեցինք, սակայն Բաբաջանյանը տարբերություն է դնում լրատավականների մեջ և հրաժարվեց հարցազրույց տալ «Հրապարակին»։

Ինչ կլինի Արթիկում և ով կամ ովքեր կդառնան քաղաքային իշխանություն, պարզ կդառնա առաջիկա սպասվող ժողովի ժամանակ։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image